Ինչպե՞ս գրել հայցադիմում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ գլխում ամրագրված են հայցադիմումին ներկայացվող հիմնական պահանջները: Այսպիսով՝ հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

Հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.

3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.

4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

5) հայցապահանջները հաստատող ապացույցները.

6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.

7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:

Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

Կարևոր է իմանալ, որ հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

Հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող ապացույցներ:

Եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:

Պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան պայմանագրի նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել