Ուշադրություն տրանսպորտային միջոցների սեփականատերերին

Հաճախ են վարորդները օտարում իրենց մեքենան, սակայն շարունակում են ստանալ այդ ավտոմեքենայով կատարվող վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերը։ Դրանից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է պահպանել ստորև շարադրված կարգը։

Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-oրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից: Եթե գրավի առարկա տրանսպորտային միջոցը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկա տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից: Ամուսինների՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել:

Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի, իսկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով՝ նաև ճանապարհային ոստիկանության՝ այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած ստորաբաժանման կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի: Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 օր ժամկետով, ընդ որում` նույն տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ յուրաքանչյուր հաջորդ տեղեկանքը տրվում է միայն նախորդ տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից հետո: Առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի իրականացված գործարքներից ծագող իրավունքների՝ արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը:

Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից (տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց) հետո մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջև կայացել է պատշաճ գործարք:

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել