«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի դրույքաչափով, որը կազմում է 1.000 դրամ: Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար գանձվում է բազային տուրքի 25-ապատիկի չափով, որը կազմում է՝ 25.000 դրամ: Նույնականացման քարտի տրամադրման համար պահանջվում է վճարել բազային տուրքի 3-ապատիկի չափով, այսինքն՝ 3.000 դրամ:
Կարևոր է իմանալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կարող է տրամադրվել (փոխանակվել) առավել սեղմ ժամկետներում: Անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետները, դրա համար գանձվող վճարի չափը, պետական տուրքի չափը սահմանվում է ՀՀ կառավարության 2008թ.-ի դեկտեմբերի 11-ի N 1465 որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման համար կնքվում է պայմանագիր, որի ձևը նախատեսված է վերը նշված որոշմամբ:
Սեղմ ժամկետներում ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ծառայությունները մատուցվում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների կողմից: Այսպիսով, տվյալ որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացու կորած անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն նոր անձնագիր կամ նույնականացման քարտ տալը սեղմ ժամկետների դեպքում ըստ վերը նշված կառավարության որոշման ենթակա է պետական տուրքի հետևյալ չափերի վճարմանը՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը 1 աշխատանքային օրվա դեպքում՝ վճարի չափը կազմում է՝ 60.000 դրամ,
- ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը կազմում է՝ 50.000 դրամ,
- ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը կազմում է՝ 40.000 դրամ,
- ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է 20.000 դրամ,
- անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը կազմում է 10.000 դրամ,
- կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է 40.000 դրամ,
- կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` 3-րդ աշխատանքային օրը կազմում է 20.000 դրամ,
- նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 1 աշխատանքային օրվա ընթացքում՝կազմում է՝ 20.000 դրամ,
- նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը կազմում է 10.000 դրամ:
ՀՀ կառավաության 2014 թվականի մարտի 6-ի N 209 Ն որոշմամբ սահմանվում է, որ պետական տուրքի չափը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (կենսաչափական տվյալներով), նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 5-րդ աշխատանքային օրը կազմում է՝ 5.000 դրամ: