Ո՞ր դեպքում է դադարում լիազորագրի գործողությունը և ի՞նչ հետևանքներ են առաջանում

Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
1) լիազորագրի ժամկետը լրացել է.
2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.
3) լիազորագրողը վերացրել է այն.
4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.
5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.
8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:
Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Նշենք, որ այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:
Լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
Լիազորագիրը դադարելուց հետո լիազորված անձը կամ նրա իրավահաջորդները պարտավոր են անհապաղ վերադարձնել այն:
Հարկ է իմանալ, որ լիազորագիրը դադարելու պահից ուժը կորցնում է նաև վերալիազորավորումը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել