2013 թվականի հունիսի 12–ին ընդունված կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ` գործակալություն) պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը:
Գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից, սույն կարգով ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (այսուհետ` դիմող մարմին):
Դիմող մարմինը տեղեկություններն էլեկտրոնային եղանակով պարբերաբար ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում գործակալություն:
Դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմող մարմնին գործակալության տեղեկատվական համակարգին միանալու համար տրամադրվում է համապատասխան մուտքի անուն, գաղտնաբառ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անվտանգության սարք:
Դիմող մարմինը պարտավորվում է տեղեկատվական համակարգից օգտվել բարեխղճորեն, ստացված տեղեկատվությունն օգտագործել իր պաշտոնական լիազորությունների իրականացման շրջանակում, չշրջանցել համակարգից օգտվելու ծրագրային սահմանափակումները:
Դատական իշխանության մարմինները գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են դատարանների էլեկտրոնային կառավարման համակարգի և e-register համակարգի միացման միջոցով տեղեկությունների ստացման դեպքում, ինչպես նաև դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով` դատարանի համապատասխան որոշման հիման վրա տեղեկությունները պահանջելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 9-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված մասնավոր անձանց խմբերն ազատվում են գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից` պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով ինքնաշխատ եղանակով ստանալու դեպքում: