Եթե 24 ժամվա ընթացքում վերացնում եք իրավախախտման հատկանիշները` ազատվում եք տույժից

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

«1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

4. Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

5. Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

7. Եթե, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին»:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել