Ի՞նչ է պետք իմանալ նոտարի մոտ գնալիս

Իր իրավասության իրականացման համար նոտարն ունի գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, կարող է վարձել և ազատել նոտարական գրասենյակի աշխատակիցներին, տնօրինել իր կողմից այլ ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները, դատարանում հանդես գալ իր անունից հայցվոր կամ պատասխանող կամ կատարել օրենքին համապատասխան այլ գործողություններ:

Նոտարն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ կամ մատուցել սույն օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսված ծառայություններ, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցերով տալ պարզաբանումներ:

Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարն իրավունք ունի անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել կազմակերպություններից, պետական կամ համայնքային հիմնարկներից: Համապատասխան տեղեկություններն ու փաստաթղթերը պետք է ներկայացվեն նոտարի նշած ժամկետում: Այդ ժամկետը չի կարող տասնհինգ օրից ավելի լինել, եթե համապատասխան փաստաթղթերը տալու համար ավելի երկար ժամկետ չի կարող պահանջվել:

Նոտարը պարտավոր է`

1) նոտարական գործունեություն իրականացնելիս լինել անկողմնակալ, պահպանել նոտարական էթիկայի կանոնները.

2) սույն օրենքով սահմանված կարգով գաղտնի պահել իր գործունեության առնչությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

3) մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին.

4) ավելի քան հինգ օր հիվանդության կամ այլ հարգելի պատճառով աշխատանքի դուրս չգալու դեպքում այդ մասին տեղեկացնել արդարադատության նախարարություն ու նոտարական պալատ և

5) նոտարական գրասենյակի հասցեն փոխելիս այդ մասին հինգ օր առաջ հայտնել արդարադատության նախարարություն և նոտարական պալատ.

6) ապահովել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:

Ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարած անձանց խնդրանքով նոտարը պարտավոր է նաև՝

1) նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները և օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին, որպեսզի անձի իրավաբանական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն.

2) կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել