Էքստրասենսի սպանության գործով հարցաքննվեց նրա նախկին ամուսինը

53-ամյա էքստրասենս Անի Մանջնույնաի սպանության գործով այսօր դատավարությունը շարունակվեց և հարցաքննվեցին վկաները: Դատակոչված 20 վկաներից 13-ը հարցաքննվել են , մյուսները դատարան չեն ներկայանում, կա տեղեկություն, որ նրանց մի մասը Հայաստանում չէ գտնվում:  Ի դեպ այս հարցի կապակցությամբ, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը հայտնեց, թե ինքը կարող է ապացուցել, որ նրանք Հայաստանում են:

Այսօրվա դատական նիստին հարցաքնվեցին երկու վկա: Նրանցից մեկը դեղատան աշխատկցուհին էր, ով սպանության օրը 1 կամ 2 բժշկական ձեռնոց էր վաճառել այս գործով անցնող կարևորագույն վկա Աննային: Նա հայտնեց, որ դեպքից հետո առգրավվել են տեսախցիկները, ինքը նայել է տեսագրությունն ու հիշել, որ ինքն է այդ աղջկան ձեռնոց վաճառել:

Ամբաստանյալի հարցերից  պարզ դարձավ, որ վկան  միջնակարգ կրթությամբ դեղագործ է: Իսկ հարցին, թե հնարավոր է այդ ձեռնոցների միջոցով օրինակ, մազի ներկի գույնը թափանցի և հետքեր թողնի ձեռքերին, վկան պատասխանեց. «Չեմ կարծում»:

Մյուս վկան Անի Մաջնույնաի նախկին ամուսին նույնպես էքստրասենս Գաբրիել Փանյանն էր: Նա իր խոսքը սկսեց այսպես. «Անին բարի էր, բոլորին օգնող»: Գաբրիելը 2001 կամ 2002 թվականից մինչև 2007 թվականը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Անիի հետ, ապրել է Անիի տանը:

Ինչ վերաբերում է սպանությանը, հայտնեց, թե ինքը երկու հոգու վերաբերյալ է կասկածներ ունեցել: Մեկը Մարիամ անունով մի աղջիկ է, ում մայրը մահացել էր ու նա ցանկանում էր մոր թալիսմանը վերծանել: Աղջիկը դիմել էր իրեն, ինքն էլ հայտնել էր, թե քանի որ թալիսմանը կազմել է Անին, միգուցե նա օգնի դա անել, իր միջոցով սպանության նախորդ օրը պայմանավորվել է ու գնացել Անիի տուն: Վկայի խոսքով, աղջիկը ոչ ադեկվատ է պահվածք է ունեցել: Եվ ինքը կասկածել է, որ կարող էր նա լինել սպանողը:

Մարիամին դրանից հետո հանդիպել է և միայն երկու բառ են փոխանակել, աղջիկն ասել է. «Եթե իմանայի, չէի գնա»: Ի պատասխան այս արտահայտության, ամբաստանյալն ասաց. «Եթե ես էլ իմանայի, չէի գնա»:

Վկայի համար երկրորդ կասկածյալը Աշոտ Օսիպյան անունով մեկն է, ով շուրջ 2 միլիոն դրամի պարտք է ունեցել Անիին և չի վերդարձրել: Իր տեղեկություններով նա ինչպես Դուբայում իրավապահների հետ է խնդիրներ ունեցել, ֆինանսական խնդիրներ է ունեցել նաև այստեղ:

Պաշտպանական կողմի այն հարցին, թե արդյո՞ք ինքը հավատում է Մուշեղի անմեղությանը, վերջինս դժվարացավ պատասխանել:

Այս վկան նաև հղում արեց իր քրեագիտության գիտելիքներին. նա դեպքից հետո հարցազրույցներ էր տվել ու ասել, թե կարծում է, որ սպանության հեղինակը կին է, քանի որ մարմնի վրա հայտանաբերված վնասվածքները խորը չեն, իսկ տղամարդիկ նման դեպքերում ավելի մեծ վնասվածքներ են հասցնում:

Հարցաքննությունից պարզ դարձավ, որ Անի Մաջնունյանն ու «ԱԹՎ» հեռուստաընկերության հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ լարված հարաբերություններ են ունեցել: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ կապ ունի Հրաչ Մուրադյանը գործի հետ:

Վկան պատմեց նաև, որ Անին իր փոքր գումարները պահում էր  դոշակի տակ, իսկ ոսկեղենը պատ-կահույքի դարակներից մեկում: Վերջին շրջանում նաև բիժուտերիա էր հագնում, որոնք հազիվ թե նրա քույրը ճանաչեր:

Մյուս դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել