ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քիչ առաջ ստորագրված հրամանագրերով պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի եվ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:
Հրամանագրերում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Ալիկ Միրզաբեկյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»։
Ինչպես երևում է, պաշտոնանկ արված բարձրաստիճան զինվորականները պատասխանատու են եղել բանակի հետախուզության, նյութատեխնիկական ապահովման և կապի ու ավտոմատացման կառավարման համակարգերի համար: