Մաքսայինը արգելանքի տակ է վերցրել 80-ամյա ծերունու առողջության պահպանման կարևոր իրեր

80-ամյա Միշա Պետրոսյանը Ռուսաստանի քաղաքացի է և մշտական բնակության համար հինգ տարի առաջ Հայաստան է եկել, Արագածոտնի մարզում տուն սարքել, բնակվում է այստեղ: Նախորդ տարվա ապրիլին Հայաստան է տեղափոխել նաև իր անձնական օգտագործման գույքը, որը ստանալու համար սակայն ֆինանսների նախարարության (ներկայումս՝ ՊԵԿ) դեմ պայքարում է շուրջ մեկ տարի: 320 կգ գույքն իրեն հանձնելու համար մաքսային մարմինները պահանջել են վճարել մաքսատուրք՝ 500 հազար դրամ:

Միշա Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ խնդրելով ֆինանսների նախարարությանը պարտավորեցնել թույլ տալ անձնական օգտագործման գույքը ներմուծել առանց մաքսային վճարի: Նա իր հայցադիմումում հղում է արել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ մասին, համաձայն որի Հայաստան մշտական բնակության ժամանաող ֆիզիկական անձիք կարող են առանց մաքսային վճարների ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Սակայն ֆինանսների նախարարությունը վիճարկել է Միշա Պետրոսյանի մշտականան բնակության ժամանած անձ լինելու հանգամանքը: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Անուշ Ղարիբյանը պնդել է, որ Միշա Պետրոսյանը մասնավորապես 2013 թվականին Հայաստանում բնակվել է 220 օր:

Բանն այն է, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249 հոդվածի 13-րդ մասի համաձայն՝  ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում ՀՀ  տարածքից դուրս առնվազն 5 տարի անընդմեջ մշտապես բնակված ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Իսկ 14-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը« որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրւսպետության տարածքից դուրս 184 օր և ավելի։

Սակայն Միշա Պետրոսյանն պնդել է, որ ունենալով մշտական բնակության թույլտվություն, երբեք չի խախտել հայաստանյան միգրացիոն օրենքները:

Իսկ առաջին ատյանի դատարանն էլ, դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, եկել է այն եզրակացությանը, որ ֆինանսների նախարարությունն արգելել է անձին արտոնությունից օգտվելը՝ նախ, չներկայացնելով նման մերժման փաստական հիմքերը և չբացահայտելով հայցվորի օգտին առկա հանգամանքերը՝ դրանով իսկ առաջացնելով վարչարարության հիմնարար սկզբունքների խախտում։ Դատարանը որոշել է նաև, որ անհիմն է ֆինանսների նախարարության արգելքը՝ օգտվելու մաքսային արտոնությունից, ուստի հայցվորի պահանջը ենթակա է բավարարման։

Հատկանշանակն է, որ առաջին ատյանի դատարանը կարևորել է նաև հայցվորի տարիքն ու արգելանքի տակ գտնվող գույքի տիպը. «Հաշվի առնելով Հայցվորի տարիքը՝ ծնված 1936 թվականին և վերջինիս հայտարարությունը, որ իր անձնական օգտագործման գույքի մեջ գտնվում են իր առողջության պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ իրեր, որոնցից օգտվելու անհնարինությունը բացասաբար է անդրադառնում Հայցվորի առողջության վրա՝ Դատարանը գտնում է, որ սույն դատական ակտը պետք է օրինական ուժի մեջ մտնի հրապարակման պահից՝ սահմանելով, որ այն կարող է բողոքարկվել հրապարկման պահից մեկամսյա ժամկետում»:

Սակայն ֆինանսների նախարարությունը դեմ է եղել, որ այս դատական ակտը ուժի մեջ մտնի հրապարակման օրվանից և այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Ի դեպ, Իրավաբան.net-ի հետ զրույցում 80-ամյա ծերունին հայտնեց, որ արգելանքի տակ են իր բազկաթոռն ու վարժասարքը, որոնք կարևոր նշանակություն ունեն իր առողջության համար. «Ասացի՝ բիձա մարդ եմ, գոնե դրանք տվեք, չտվեցին»:

Այսօր վերաքննիչ վարչական դատարանում քննվեց ֆինանսների նախարարության բողոքը: Կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, դատարանը (նախագահությամբ՝ Արթուր Առաքելյանի, մյուս դատավորներ՝ Հովսեփ Բեդևյան, Աշոտ Սարգսյան), անցավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մայիսի 12-ին:

Նշենք նաև, որ 80-ամյա Միշա Պետրոսյանը երկար տարիներ ապրել ու աշխատել է Ռուսաստանում: Իր խոսքով, ամենախոշոր նավթարդյունահանող ընկերությունում հորատող բանվորից հասել է մինչև գլխավոր տնօրենի պաշտոնին, իսկ այժմ էլ ցանկանում է ծերությունը վայելել հայրենիքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել