Ազատը կռվեց մինչև վերջ: Շարքային Ազատ Սիմոնյանը 19 տարեկան էր: Ապրիլի 1-ին զանգել է մորը. «Մամ ջան, ես լավ եմ, Ձեզ շատ եմ սիրում, քուրիկներին կհամբուրես, ես գնում եմ դիրքեր, այստեղ կապ չկա, չանհանգստանաք»,- երիտասարդի վերջին խոսքերն էր մեջբերում գյուղապետ Զարզանդ Եգորյանը:
Հակառակորդը հարձակվել է հանկարծակի, տղերքը կռիվ են տվել երկու ժամ և ավելի: Ազատի վրա կրակել են, նա երկու վիրավորում է ստացել մարմնի հատվածում, բայց շարունակել է կռվել, երկու փամփուշտ մտել է մարմնի մեջ, արկի բեկորներ են մտել մարմնի մեջ, նա կռվել է: Երրորդ փամփուշտը ճակատագրական է եղել՝ գլխին:
Ազատի տունը հեռու է, այնտեղ՝ նրա տան մեջ մայրը չկա, բայց ինչպես հերոսն էր իր ֆեյսբուքյան էջում գրել՝ որդու կարոտից լացում է, այս անգամ նրա աճյունի մոտ:
Ազատը մահացավ առաջին գծում, մահացավ ինչպես մեզնից ոչ մեկ չէր ցանկանա մահանալ, մահացավ ցավերի մեջ, բայց մահացավ հերոսաբար:
«Հոգիս տխուր է, սիրտս ալեկոծ, կյանքս կանգնել է առաջ չի գնում: Կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում»,- գրել էր նա:
«Ազատ տուն եկար»,- հուղարկավորության ժամանակ կանացի գոռոց լսվեց, հետո նորից լռություն, միայն արտասուքի, կսկիծի ձայն:
Ազատի հայրենի գյուղում Կամարիսում նրան հուղարկավորեցին առանց բահերի՝ ձեռքերով, ամեն մեկը իր բուռով հող էր լցնում. «Բահ պետք չի, թող տղերքը ձեռքով կանեն»,- ասում էին նրանք, իսկ վերջում այս գյուղում որոշվեց. «Ազատի վերաբերյալ անցյալով չխոսենք, նա կենդանի է, նա մեր հուշերում է»:
Ազատը կարող էր լավ ծրագրավորող դառնալ, նպատակասլաց տղա էր ու բարի:
«Գնացել էինք Նորավանք, գետի ափին ձկներ էին որսում, տղաներից մեկը բույն էր, իջեցրեց, դրեց ջրի վրա, Ազատը տեսավ՝ ճտերը հետն էր, քցվեց ջուրը, շորերով ու հետ բերեց բույնն իր տեղը»,- պատմում է Կամարիսի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արտո Հակոբյանը:
Ազատն այն 18 զոհերի մեջ է եղել, որոնց դիակները հայկական կողմը Կարմիր խաչի միջոցով ստացավ Ադրբեջանից: Նրան ճանաչելու համար դիահերձարան են մտել հարազատները, Ազատի մարմնի վրա հրազենային վերքեր են եղել. «Երկու հատ էլ բեկոր է եղել մարմնի մեջ: Ինքը հայրենասեր տղա է, կռվել է, վիրավորված է կռվել, հետքերը կա»,- ասաց Բորիս Թովմասյանը, Ազատը նրա քեռու թոռն էր:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net