Զինվորական ծառայությունից արձակվում են՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմերը, ինչպես նաև բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոն չզբաղեցնող մյուս սպաներն ու զինծառայողները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով:
Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Զինծառայողին, որպես կանոն, արձակում են նրա զեկուցագրի հիման վրա, բացառությամբ, երբ արձակումն իրականացվում է առանց նրա հետ համաձայնեցնելու:
Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը կամ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` խաղաղ և պատերազմի ժամանակ:
Զինվորական ծառայության մեջ 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած զինծառայողներին` անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 5-12-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորի սպաները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
Անհիմն դատապարտված և արդարացված զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով՝ արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:
Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում: Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորականկառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից, և տվյալ օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ` զինծառայողին վճարելով նրան հասանելի աշխատավարձը: Ստացիոնար բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զինվորական կառավարման մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, և վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչև դատապարտվելը զինծառայողը «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ: