ՔԿՀ-ների հետ կնքվեցին ենթադրամաշնորհային պայմանագրերը

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտել է  Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլին դիմած հայտերի գնահատումը և ներկայացված ծրագրերից 5-ը անցնելով նվազագույն անհրաժեշտ միավորների շեմը՝ ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովի կողմից ընտրվել են որպես փոքր դրամաշնորհների մրցույթի երրորդ փուլի հաղթողներ:

Այսօր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և հաղթող կազմակերպությունների միջև կնքվեցին ենթադրամաշնորհային պայմանագրեր: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիտորինգային կարողություններն ու հմտությունները զարգացնելու դասընթացներ, և այժմ դրանք կիրառելու ժամանակն է:

Հաղթող ճանաչված «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագիրն իրականցվելու է   Վանաձորում գործող «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի կողմից ՝  «Վանաձորյան Խճանկար» շաբաթաթերթի հետ համագործակցությամբ: «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց այս ոլորտում առկա հիմնական խնդիրը. «Հաճախ մաքսակետում ներմուծված ապրանքը ոչ թե գործարքի գնի, այլ երկրում առկա շուկայական գնի մեթոդով են մաքսազերծում, այսինքն՝ սահմանի վրա շուկայական գինը բարձրացվում է ավտոմատ, ինչը և անհատի ֆինանսական վիճակի և պետության տնտեսության վրա է բացասական ազդեցություն ունենում»,- ասաց նա:

«Հակակոռուպցիոն կրթության և բարեվարքության ամրապնդման մշտադիտարկում ՀՀ բուհերում» ծրագիրն իրականացվելու է «Էլեգիա» մշակութային հասարակական կազմակերպության կողմից: ՀԿ նախագահ Հարությունն Ալեքսանյանն նշեց, որ ընտրել են կրթության ոլորտը, քանի որ այն թիրախային է համարվում նաև կառավարության կողմից ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությամբ. ծրագրի շրջանակներում պատահական սկզբունքով մասնավոր և պետական մի քանի բուհեր են ընտրվելու, որտեղ էլ մոնիտորինգներ են անցկավելու, այնուհետև դրա հիման վրա զեկույց է հրապարակվելու:

Գյումրու «Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա (YWCA) ՖԼՈՐԱ» ՀԿ-ն՝ «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովներում իրականացնելու է մոնիթորինգներ. «Մենք ներգրավելու ենք այն անձնանց, ովքեր այս հանձնաժողովների հետ առնչվելիս կոռուպցիոն ռիսկերի են հանդիպել: Լսում ենք այնպիսի դեպքերի մասին, երբ անձը իսկապես հիվանդ է, սակայն հիվանդությունը փաստաթղթով հաստատելու համար նրանից գումար են պահանջում: Մենք փորձելու ենք այս խնդիրները վեր հանել, և դրանք մեղմելու նպատակով դիմելու ենք պատկան մարմիններին»,- ասաց «Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա (YWCA) ՖԼՈՐԱ» ՀԿ նախագահ Սվետլանա Մկրտչյանը:

Երևանյան պոլիկլինինիկաներում դեղերի ստացման և շահառուներին հանձնելու վերահսկողական ծրագիր է իրականացնելու «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» ՀԿ-ն. «Ուսումնասիրություն է կատարվելու դեղերի շարժի վերաբերյալ: Մասնավորապես, պոլիկլինիկաները դրանք ստանում են պետության կողմից և մարդասիրական նվիրատվությունների միջոցով, այժմ թույլտվություն ունեն նաև իրենց միջոցներով ձեռքբերել: Մենք ուսումնասիրելու ենք, թե ինչպես են դեղերը մտնում պոլիկլինիկա, ինչպես են տրվում շահառուներին (պետք է անվճար տրամադրվեն), որքան մնացորդ է լինում»,- ասաց «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանը:

Շիրակի և Արագածոտնի մարզերում հաշմանդամ կանանց բուժօգնության ստանալու ոլորտում մոնիտորինգային ծրագիր է իրականացնելու «Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան ՀԿ-ն՝  «Կանթեղ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ. «Խնդիրն այն է, որ մեծամասնությունը չի օգտվում իրեն հասանելիք արտոնություններից: Օրինակ, առաջողարանային վերականգնողական բուժման դեպքում հերթացուցակներում են հայտնում, սակայն նրանց հերթն այդպես էլ չի հասնում: Մի քանի դեպքից տեղյակ եմ, երբ ուղեգիրը տրվում է հաշմանդամին, սակայն նրա փոխարեն բուժման գնում է մեկ այլ անձ: Այսինքն, արդեն իսկ կոռուպցիոն ռիսկ կա այստեղ»,- ասաց «Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արմեն Գաբրիելյանը:

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ