ՏԻՄ-երում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգային լինի

Կառավարությունը պետք է ցույց տա հակակոռուպցիոն պայքարի հաջողված օրինակներ և հասարակությունը զգա այդ փոփոխություններն իր կյանքում, տեսանելի լինի, որ սայլը տեղից շարժվում է. այս մասին այսօր գյումրիում տեղի ունեցած հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը: Նա նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը համակարգային կոռուպցիան  և անպատժելիությունն է:

Կարեն Զադոյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ կառավարության հետ համագործակցության շրջանակներում իրենց կողմից ներկայացվել են ապօրինի հարստացման քրեականացման և հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու վերաբերյալ առաջարկներ, որոնք կառավարության կողմից ընդունվել են և այժմ օրինագծեր են մշակվում, որոնք այս տարվա աշնանը կներկայացվեն Ազգային ժողով:

«ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերը» խորագրով այսօրվա միջոցմանը ներկա Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը էապես կարևորեց նման միջոցառումները և նշեց, որ կառուպցիայի դեմ պայքարի նման հետողականությունն արդեն իսկ զգուշացնում է որոշ չինովնիկներին խուսափել պաշտոնեական դիրքի չարաշահումներ կատարելուց: Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը նույնպես կարևորեց հակակոռուպցիոն պայքարը: Նրանք միևնույն ժամանակ չհամաձայնեցին խորագրի հետ, մասնավորապես նշելով, թե այս դաշտում կառուպցիոն խնդիր չկան:

Անդրադառնալով վերջիններիս  պնդմանը, Կարեն Զադոյանը նշեց, որ տարիներ առաջ, երբ խնդիր կար դրված նոտարական համակարգում կոռուպցիոն ռիսկերի մոնիտորինգ անցկացնելու, ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումների ժամանակ պնդում էին, թե նոտարական համակարգում կոռուպցիոն ռիսկեր չկան. «Մենք բանավեճի մեջ չմտանք: Մոնիտորինգից հետո կառավարության նիստի ժամանակ նախկին վարչապետը հայտարարեց, որ նոտարական համակարգում մենք կոռուպցիոն մեծ խնդիրներ ունենք:  Սա կարծես դեժավյու լինի»:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանի խոսքով, Տեղական ինկառավարման մարմիններում (ՏԻՄ) առկա կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու լավագույն տարբերակներից մեկ նրանց լիազորություններն ընդլայնելն է և հաշվետվողական լինելը ոչ թե վերադասին, այլ համայնքի անդամներին:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց այն մի քանի կարևորագույն փոփոխությունները, որոնց կատարման դեպքում այս ոլորտում կոռւոօպցիոն ռիսկերի էական նվազում կլինի: Նախևառաջ, ՏԻՄ ղեկավարը պետք է հասկանա, որ ինքը վերադաս չունի և ոչ թե չինովնիկի պես հաշվետու է վերադաս մեկին, այլ իրեն ընտրող համայնքի անդամներին: Երկրորդ հերթին` նույն համայնքի անդամների կողմից վերահսկողության մեխանիզմի կայացումն է. այսօր համայնքի ավագանու անդամ լինելու ցանկությունը քչերն ունեն, որովհետև իրականում ավագանին վերահսկողական քիչ լծակներ ունի:

Կարևոր է նաև բյուրոկրատական խնդիրների լուծումը: Էմին Երիցյանի խոսքով, մամուլում լինում են հրապարակումներ, որ համայնքի ղեկավարը օգնության համար գումար է դուրս գրել իր այս կամ այն բարեկամի համար: Երբեմն նման քայլի դիմում են, որպեսզի հրատապ այլ խնդիր լուծվի, քանի որ գումար դուրսգրման այլ մեխանիզմ չկա: Կարևոր է նաև համայնքների ղեկավարների հանրային վարք ունենալը և համայնքի անդամների հետ անմիջական շփում ունենալը, և ոչ զգալ «չինովնիկ» և օտարվել համայնքից:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց բարեխղճության ապահովման կարևորությունը համայնքային ծառայության ոլորտում, ներկայացրեց նաև միջազգային փորձը: Նա նշեց, որ  բարեխղճության  տարրերն են թափանցիկություն/հաշվետվողականությունը, արհեստավարժությունը, էթիկան և կոռուպցիայի  կանխարգելումը: Նրա խոսքով, ՀՀ օրենսդրությունը որոշակի մեխանիզմներ ունի` ՏԻՄ-ի բարեխիղճ աշխատանքի համար, սակայն ոչ բոլոր դեպքերում են պահպանվում օրենքի տառը:

Մարիամ Զադոյանը, ով նույնպես «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ է, ներկայացրեց  այս ոլորտում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման նպատակով ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորությունն ու հեռանկարները: Նա իր ելույթում նշեց, որ արդյունավետ է մասնակցություն ռազմավարությունների մշակմանը և որոշումների կայացմանը, վերահսկողության իրականացումը, կոռուպցիայի դեմ ազգային հանրային իրազեկության արշավների իրականացումը, զանգվածային լրատվամիջոցների արշավի իրականացումը,  լրագրողական հետաքննություններըի իրականացումը, ծառայությունների մատուցման ուսումնասիրությունները և այլն:

Ելույթներից հետո լուրջ քննարկումներ էին լինում, հարցեր ու խնդիրներ էին բարձրացվում: Հանդիպմանը ներկա Շիրակի մարզի համայնքապետերը նույնպես ներկայացրեցին այս ոլորտում առակա իրենց խնդիրները, որոնք համակարգային են և պետք է համակարգային լուծումներ լինեն:

Ընտրանի

Իրադարձություններ