Երկիրը, որ մաքուր է կոռուպցիայից, աճող, զարգացող երկիր է

Ամենաթանկը գաղափարն է. հենց լավ գաղափարներն են, որ փոխում են համակարգեր, լավ գաղափարների շնորհիվ հնարավոր է մեր երկրում արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մոտեցման որդեգրմամբ էլ տեղի ունեցավ «Երիտասարդություն-բիզնես-կառավարություն» Հակակոռուպցիոն աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցում էին դպրոցականներ ու ուսանողներ: Նրանցից Հերացի ավագ դպրոցի աշակերտուհի Եվա Թովմասյանն արդեն ձեռներեցությամբ զբաղվելու գաղափար ունի. «Ես ուզում եմ հիմնել գրասենյակ, որտեղ կաշխատեն մարկետոլոգներ ու որոնք կաջակցեն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին»,- ասաց երիտասարդը, ով սովորում է տնտեսագիտական հոսքում: Նա նպատակ ունի սեմինարի շրջանակներում ստացած գիտելիքներով կիսվել իր ընկերների ու շրջապատի մյուս ներկայացուցիչների հետ:

Իսկ սեմինարի ընթացքում ոլորտի մասնագետները, պետական ու մասնավոր սեկտորների ներկայացուցիչները վերջին երեք օրերին հանդես եկան տարաբնույթ դասախոսություններով, որոնք առնչվում էին կոռուպցիայի դեմ պայքարին, պետական մարմինների և ՔՀԿ սեկտորի աշխատանքներին այդ դաշտում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղիները:

Ըստ նրա՝ ներկայումս գործադիրը առաջ է ընթանում մի շարք ուղղություններով, որոնք մշակվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ: Կարեն Զադոյանը օրինակ բերեց այս ուրբաթ օրը՝ կառավարության կողմից ընդունված ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը, որը մշակվել է ու ներկայացվել է ասոցիացիայի և արդարադատության նախարարության հետ համատեղ աշխատանքներում:

Բացի այդ, նա առաջնային է համարում Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների ինստիտուտի ներդրումը և այլն:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը երիտասարդներին հորդորեց զերծ մնալ կոռուպցիայի հետ առնչվելուց, այսպիսով լինելով ազատ, որպես օրինակ նա հիշեց. «Բիզնեսի հետ շփման ժամանակ, մի գործարար եկել ու ասում էր, որ իրենից ամեն կերպ կաշառք են ուզում, սակայն ինքը համառորեն չի տալիս, փոխարենը նա ավելի շատ գումարներ է մուծում, սակայն երբեք չի կաշառվում»:

Սյսօր մեր երիտասարդների ուսերին բավականին մեծ անելիքներ կան: Միջոցառման ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը՝ շեշտելով. «Շատ է խոսվում, որ մեր երիտասարդները մեր ապագան են, ես վստահ եմ, որ նրանք մեր ներկան են»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու ԿարենԱզարյանը երիտասարդներին տեղեկացրեց, որ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է կոռուպցիայի դեմ պայքարում և իրականացնում է մի քանի ծրագրեր: Նա նաև շեշտեց. «Մենք պետք է պահանաջատեր լինենք մեր իրավունքներին մեր երկրում: Ինչպե՞ս կարող ենք մենք պահանջատեր լինել ուրիշներից` ակնկալելով մեր իրավունքների ճանաչում առանց մեր իսկ երկրում դրանց ճանաչման: Երկիրը, որը մաքուր է կոռուպցիայից, աճող, զարգացող երկիր է: Խնդրի լուծման համար հարկավոր է ընդունել, որ այն գոյություն ունի: Հիմա կառավարությունն ասում է` այո՛, ունենք խնդիր, եկե՛ք լուծենք այն: Այս պահին դուռը բացված է, և դուք պետք է ակտիվ գործեք»:

Հանդիպմանը ներկա էին Պետական եկամուտների կոմիտեից ներկայացուցիչներ: ՊԵԿ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը ասաց, որ հարկային և մաքսային մարմինները նախատեսում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցության լայն սպեկտր, նախատեսվում է նաև համակարգերի նկատմամբ հասարակության վստահությանն ուղղված իրազեկման աշխատանքների իրականացում:

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը փոխանցեց, որ մինչ այդ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կազմակերպած հանդիպումները վեր են հանել այն խնդիրները, որոնք նկատելի չէին կառույցի կողմից. «Շատ ուրախ եմ, որ ունենք նման ակտիվ երիտասարդություն, որը ներգրավված է ու փորձում է ներգրավվել երկրի առջև ծառացած հարցերի խնդիրների լուծմանը: Անմիջապես որևէ բան շտկել հնարավոր չէ, մենք պարբերաբար իրականացնում ենք քայլերը, և նման հանդիպումները բացահայտում են այն ուղղությունները, որոնց վրա մենք պետք է հնարավորինս շատ ուշադրություն դարձնենք»:

Վերջին երեք օրերին աշխատաժողովի շրջանակներում ելույթ ունեցան նաև Նարինե Սարգսյանը, «Ապագան քոնն է» ՀԿ նախագահ և «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը, ԻՀԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Մարիամ Զադոյանը և միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:

Երիտասարդները մեզ փոխանցեցին, որ տպավորված էին հանդիպումից, նրանցից Արին Ավանոսյանը սովորում է Հերացի ավագ դպրոցում, 11-րդ դասարանում, նա առաջարկում է վարչական և էլիտար կոռուպցիայի դեմ պայքարը սկսել դպրոցներից` իրազեկելով աշակերտներին. «Երկրորդ տարին է, ինչ մասնակցում եմ այս ծրագրին, նորարական բազմաթիվ մտահղացումներ են առաջանում, ամենամեծ կարծիքը, որ ձևավորվել է, պետք է վարչական և էլիտար կոռուպցիաները միաժամանակ կանխարգելել, դա անել նման ծրագրերի ավելի մեծ ընդլայնում տալով, տարբեր դպրոցներում նման սեմինարներ անցկացնել», – ասաց դպրոցականը:

Մեկ այլ աշակերտ Գոռ Մելիքսեթյանը առաջարկում է ամեն մեկին սկսել իրենից. «Ես ինքս պետք է ոչ կաշառք տամ, ոչ էլ վերցնեմ, հետո իրազեկեմ իմ շրջապատին: Այս սեմինարներից հետո հաստատ ամեն ինչ կանեմ, որ իմ շրջապատը ավելի իրազեկված լինի», – շեշտեց Գոռը:

Կիրակի օրը մասնակիցները բաժանվեցին երեք աշխատանքային խմբերի, որոնք վեր հանեցին նշյալ երեք ոլորտների` հարկային, մաքսային և ազատ տնտեսական մրցակցություն և մենաշնորհ, կոռուպցիոն խնդիրները և փորձեցին առաջարկել սեփական լուծումները: Բոլոր խնմբերի կողմից գլխավոր խնդիրը հանրային իրազեկվածության ցածր մակարդակն էր: Աշխատաժողովի ավարտին մասնակիցներն ամփոփիչ խոսքով հանդես եկան:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, իսկ միջոցառումը ֆինանսավորվել էր ԵԱՀԿ-ի կողմից:

Աշխատաժողովի ավարտին երիտասարդները համատեղ նկարահանվեցին:

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ