Հակակոռուպցիոն կրթությունն առաջադեմ երկրների զարգացման անբաժանելի բաղադրիչն է: Մոդելները շատ են, նպատակը մեկը՝ հասունացման տարիքից երեխաներին հաղորդել հակակոռուպցիոն գիտելիքներ, ձևավորել նման արժեհամակարգ:
Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու, հակակոռուպցիոն արժեհամակարգ ձևավորելու և արմատավորելու համար հուլիսի 15-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ «Կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» թեմայով միջոցառումը:
Միջոցառման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նախ համառոտ ակնարկ իրականացրեց կոալիցիայի պայքարի վերաբերյալ: Նա ասաց, որ ներկայումս մշակվում է հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմնի մոդելը, որի կարևորագույն կոմպոնենտներից է կրթական գործառույթը:
Այստեղ` Սյունիքում գործող ուսուցիչները միջոցառմանը դժգոհում էին ցածր աշխատավարձերից` շեշտելով, որ դա կոռուպցիայի առաջացման հիմնական դրդապատճառն է: Երբ խոսք գնաց հակակոռուպցիոն դասընթացների անցկացման վերաբերյալ, նույն ուսուցիչները խնդիր բարձրացրին ու լուծումներ առաջադրեցին: Նրանք ասացին, որ խորհրդային տարիներին Սյունիքում մի քանի ճամբար կար, իսկ ներկայումս ընդամենը մեկն է. «Սյունիքի հրաշագեղ բնությունում հանգստանալու փոխարեն, մեր երեխաները մի քանի ժամ ճանապարհ են կտրում, հասնում են Կոտայքի կամ էլ Գեղարքունիքի մարզ` ճամբարների մասնակցելու համար»,- շեշտեցին ուսուցիչները: Նրանք առաջարկում են աշակերտների ուսումնական տարին ծանրաբեռնելու փոխարեն տարաբնույթ առարկաներով, դրանք տեղափոխել ամռանը: Ուսուցիչներից ոմանք էլ շեշտեցին, որ երեխաները ամռանը «պարտադիր պարապուրդի» են մատնված, փոխարենը նրանք կարող էին մասնակցել տարաբնույթ ճամբարների և ստանալ գիտելիքներ, այդ թվում` հակակոռուպցիոն:
Խնդիրները լսելուց հետո, Կարեն Զադոյանը նշեց, որ դրանք կքննարկվեն կոալիցիայի շրջանակներում և համապատասխան քայլեր կձեռնարկվեն:
Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանի կարծիքով` կոռուպցիայի դեմ կարող է պայքարել այն հասարակությունը, որը զարգացած քաղաքացիական հասարակություն ունի. «Զարգացած քաղաքացիական հասարակության մեջ տեղ չի կարող գտնել կոռուպցիան: Հատկապես դա սկսվում է այսօրվա մեր քննարկվելիք թեմայից՝ կրթությունից, որովհետև կրթությունն է հասարակության զարգացնող նախապայմանը: Նաև խոցելի է կրթությունը: Կարևորելով այդ դերը՝ պետք է ավելի մոտիկից ծանոթանալ այդ խնդրի հետ և ճանաչելով այն` լուծում տալ դրան»,- ասաց պարոն Գրիգորյանը:
«Կրթությունը ամենառիսկայինն է, փոքրիկ սխալ քայլը կարող է ճակատագրական լինել, ոչ միայն հասարակության, այն նաև տվյալ անձի համար: Մենք պետք է այնպես անենք, որ երիտասարդները զերծ մնան բացասական երևույթներից, ես «կոռուպցիա» բառին զգուշորեն եմ մոտենում, ամեն դեպքում մենք պետք է ինքնագիտակցաբար գնանք այն գործողություններին և քայլերին, որ զերծ մնանք նման երևույթներից»,- նշեց Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագեռ/վարչության պետի պաշտոնակատար Մարինե Աղաջանյանը:
Նա ասաց, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Կոռուպցիան և նրա կանխարգելումը» ծրագիրը ուսուցանվում է ուսումնական պլանների պահուստային ժամերի հաշվին, ինչպես նաև որոշ դրույթներ ընդգրկվել են «Իրավունքի հիմունքներ» առարկայի ծրագրում, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրի մասնագիտությունների` «Տնտեսագիտության հիմունքներ», «Իրավագիտության հիմունքներ» և «Քաղաքագիտության հիմունքներ» առարկաների ծրագրերում (որոնցից մեկի ուսուցումը պարտադիր է ուսանողի համար), ներառված են կոռուպցիային և դրա կանխարգելմանը վերաբերող թեմաներ:
Հայաստանի ԱՄՆ շրւջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը, խոսելով հանրակրթության ոլորտից, ասաց, որ հակակոռուպցիոն բնույթի գործողություններ հարկավոր է իրականացնել երեք կարևորագույն ինստիտուտներում` դպրոցի կառավարման, մանկավարժական և աշակերտական խորհրդներում:
Եթե երկրում չկա որակյալ կրթական համակարգ, եթե այն կոռումպացված է, ապա մենք չենք կարող ունենալ որակյալ բժշկություն, արտադրություն և զարգացած տնտեսություն: Կարծում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը: Նա կարծում է, որ անհրաժեշտություն կա ընդունելության քննությունների համակարգի հետագա կատարելագործման, ընթացիկ և ավարտական քննությունների ներկայիս համակարգի փոփոխման, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացման: Յուրաքանչյուր ԲՈՒՀ-ում կոռուպցիայի դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով անկախ ուսանողական, դասախոսական և ծնողական խորհուրդներ է հարկավոր ստեղծել, ուսանողների ու դասախոսների համար էթիկայի հարցերով դասընթացներ անցկացնել: Փորձագետը վստահ է` նմանաբնույթ քայլեր պետք է իրականացնել դպրոցներում:
Բարձրագույն կրթական հաստատություններում, որպես կոռուպցիայի կանխարգելման կառուցակարգ, նպատակահարմար է ներդնել հակակոռուպցիոն աուդիտը: Իր զեկույցում ասաց Սյուզաննա Սողոմոնյան` «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի բարեփոխումների հարցերով մասնագետ/իրավաբանը: Նրա փոխանցմամբ` այս աուդիտ ունենալու է երկու ուղղություն` պետական գնումների վերահսկողություն և հանրային ընկալման բարձրացում (արտաքին և ներքին):
Ծրագրի մեկ այլ փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց Կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ կառուցակարգերի կիրառման միջազգային փորձը: Նա խոսեց նորարական մոտեցումներից:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net
Այլ միջոցառումներ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ