Պահանջը մեկն է՝ պարզել օբյեկտիվ իրականությունը եւ կաշկանդված չլինել կողմերից որևէ մեկի դիրքորոշմամբ. Աղվան Հովսեփյան

2014 թվականի հունվարի 8-ին իր գործունեությունը սկսեց ՀՀ Քննչական կոմիտեն, որի հարկի տակ միավորվեցին ոստիկանության և Պաշտպանության նախարարության  քննչական մարմինները: Վերջին մեկուկես տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին Իրավաբան.net-ը զրուցել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ:

-Պարոն Հովսեփյան, Ձեր բազմամյա փորձի շնորհիվ, կարող ենք ասել, որ կայացավ Քննչական կոմիտեն՝ որպես առանձին ինստիտուտ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել Դուք և Ձեր աշխատակազմը՝ քննչական ապարատի կայացման համար:

IMG_0348-copy-«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 28-ին, և այսօր, այո,  կարող ենք ասել, որ Քննչական կոմիտեն որպես առանձին պետական մարմին կայացել է և լուրջ դերակատարություն  ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև պետականության և իրավակարգի ամրապնդման գործում: Չնայած դրան՝ դեռեւս լուրջ անելիքներ ունենք, այդ թվում՝ օրենսդրական  փոփոխությունների ուղղությամբ։

Այս մեկ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի կայացման ընթացքում հաղթահարվել են մի շարք դժվարություններ, լուծվել  բազում խնդիրներ:  ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման առաջին իսկ օրերից մեր առջև ծառացան իրավական, նյութատեխնիկական, կադրային մի շարք հրատապ հարցեր եւ շատ կարեւոր էր այս անցումը կատարել առանց ցնցումների: Կոմիտեն, ըստ էության, ժամանակ չուներ սպասելու` կայանալու համար: Անհրաժեշտ էր միաժամանակ եւ իրականացնել դատավարական լիազորությունները, եւ ձեւավորել քննչական կոմիտեի և նրա դեպարտամենտի գործունեության իրավական հիմքերը, ներդնել քննիչի` որպես  դատավարական սուբյեկտի անկախությունը երաշխավորող մեխանիզմները: Այդ կապակցությամբ շատ կարճ ժամանակաշրջանում մշակվել և ընդունվել են հինգ տասնյակից ավելի նորմատիվ և ներքին իրավական ակտեր: Ձևավորվել են նաև կոմիտեի և դեպարտամենտի կառուցվածքները, կոլեգիալ մարմինները, ստորաբաժանումները:

-Արդյո՞ք ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը ամբողջովին ձևավորվել է: Արդյո՞ք կան անելիքներ և որո՞նք են:

Չի կարելի ասել, թե մեր ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջովին ձևավորվել է և լիարժեք կարգավորում է ՔԿ-ին առնչվող բոլոր իրավահարաբերությունները: Հարցեր կան, որոնք պահանջում են նոր օրենսդրական լուծումներ, հարցեր կան, որոնց օրենսդրական լուծումը թերի է, աշխատանքի ընթացքում ծագում են նաև այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են օրենսդրական նոր վերաիմաստավորումներ: Այդ տեսակետից, ինչպես նշեցի, շատ անելիքներ ունենք, որոնք կճշգրտենք ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո: Բացի այդ` արդեն իսկ մշակման փուլում են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ՝ կապված նաեւ Սահմանադրական փոփոխությունների հետ։

-Ի սկզբանե, երբ քննարկվում էր Քննչական կոմիտեի ստեղծման հարցը, խոսվում էր այն մասին, որ պետք է միավորվեն քննչական բոլոր ծառայությունները, մասնավորապես՝ Նախագահի հրամանագրում նշվում էր նաեւ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության մասին։  Այժմ աշխատանքներ տարվո՞ւմ են մյուս քննչական ծառայությունները Քննչական կոմիտեի հարկի տակ միավորելու ուղղությամբ:

-Ժամանակը կթելադրի անհրաժեշտ լուծումներ: Ինքս հակված չեմ` մեկ քննչական մարմին ունենալու տարբերակին` հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության մեթոդիկայի առանձնահատկությունները:

-Արդյո՞ք պետության կողմից հատկացվող միջոցները բավարար են քննչական ապարատի լիարժեք աշխատանքի համար՝ շենքային պայմաններ, աշխատավարձեր և այլն:

Չի կարելի ասել, թե հատկացվող միջոցները լիովին բավարար են քննչական ապարատի լիարժեք աշխատանքի և կարողությունների զարգացման համար, որովհետեւ ինչպես հանցագործությունների կատարման մեխանիզմներն են փոփոխվում, այնպես էլ դրանց դեմ պայքարի միջոցները պետք է մշտապես զարգացնենք՝ օգտագործելով նաեւ գիտատեխնիկական միջոցների առաջընթացը, ընձեռած հնարավորությունները։

Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների մեծ մասը դեռևս չունի առանձնացված շենքային պայմաններ: Մեկ աշխատանքային սենյակում հաճախ աշխատում են 2-3 քննիչ, ինչը էականորեն նվազեցնում է քննչական գործողությունների արդյունավետությունը:

Բացի այդ, այսօր  քննչական աշխատանքին ներկայացվում են բարձր պահանջներ, որոնք կատարելու համար անհրաժեշտ է ապահովել քննիչների տեխնիկական հագեցվածության մակարդակը: Պետք է կարողանանք քայլել ժամանակին համընթաց, ինչը նշանակում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծել ոչ միայն քննիչների համար, այլ նաև կահավորել քննչական հատուկ սենյակներ, որոնք թույլ կտան  դատավարական նորմերի կիրառման առումով անխոցելի դարձնել առանձին քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվող ապացույցները:

Զգալի աշխատանքներ  նախորդ տարվա ընթացքում կատարվել են։ Գիտեք`  կենտրոնական վարչական շենքում ստեղծել ենք ճանաչման համար քննչական հատուկ սենյակ, կահավորել հարցաքննությունների սենյակներ: 2015 թվականին վերակառուցվեցին Կոտայքի, Վայոց ձորի,  Արագածոտնի մարզային քննչական վարչությունների շենքերը եւ բոլոր տեղերում առանձնացվել են անչափահասների հարցաքննությունների սենյակներ: Առաջիկայում եւս 3-4 վարչական շենք շահագործման կհանձնենք. ավարտական փուլում են գտնվում Երեւան քաղաքի, Շենգավիթ վարչական շրջանի, Սյունիքի եւ Վարդենիսի քննչական ստորաբաժանումների շենքերի վերակառուցման աշխատանքները։

IMG_0357 copyՔննության որակից է մեծապես պայմանավորված արդարադատության իրականացումը, եւ հանրապետության նախագահի հանձնարարությամբ քննչական մարմնի առջեւ ծառացած նյութատեխնիկական խնդիրների լուծումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։  Այդ միջոցներն, իհարկե, անսահմանափակ չեն: Ինքներս փորձում ենք գտնել դոնորներ` կարողությունների զարգացման նպատակով:

ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ նախորդ տարի մի քանի, չեմ խուսափի այդ որակումն օգտագործել, «համարձակ» նախաձեռնությունների հիմք դրեցինք. նկատի ունեմ քրեական գործերի թվայնացումը, որն այսօր արդեն ներդրվել է մեր բոլոր տարածքային ստորաբաժանումներում, դրա հենքի վրա ստեղծում ենք էլեկտրոնային արխիվ, մշակման փուլում է էլեկտրոնային նախաքննության ծրագիրը:

Այս բոլոր նախաձեռնությունների արդյունքում նվազագույնի կհասցվի, եթե չասեմ կբացառվի քրեական գործի նյութերում հնարավոր զեղծարարությունները, կունենանք տեղեկատվական հարուստ բազա, կխնայենք ֆինանսական միջոցներ: Տեխնիկական հագեցվածությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաեւ այս տարի՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով քննիչների վերապատաստումները, մասնագիտական հմտությունների զարգացումը, կոմիտեն բանիմաց կադրերով համալրումը:

-Բազմիցս խոսվում է քննիչների գերծանրաբեռնվածության մասին. ի՞նչ քայլեր են արվում ծանրաբեռնվածությունը «բեռնաթափելու» ուղղությամբ:

Այսօր քննիչներն իրոք ծանրաբեռնված են: Մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը 45 գործ է, իսկ նյութերով հանդերձ՝ 66 գործ: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 36, Վրաստանում՝ 5, Բելառուսում և Տաջիկստանում՝ 45:

Քննիչների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու մի քանի միջոց կա: Մեկը քննչական ապարատը լրացուցիչ կադրերով ապահովելն է, հաստիքներն ավելացնելը, մյուսը՝ քննչական աշխատանքի կազմակերպումը կատարելագործելը, այդ աշխատանքում գիտության և տեխնիկայի նվաճումները ներդնելը, երրորդը՝ հանցագործությունների նվազեցումը կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ:

Մենք, իհարկե, աշխատում ենք քննչական կոմիտեն լրացուցիչ հաստիքներով ապահովելու ուղղությամբ, բայց մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք քննիչների աշխատանքի կազմակերպման մակարդակը բարձրացնելու, նախաքննության ժամկետները կրճատելու  ուղղությամբ: Գիտեք՝ համագործակցության հուշագիր ստորագրեցինք հեռախոսակապի հիմնական օպերատորների հետ՝ պայմանավորվելով ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի դատարանների որոշմամբ տրամադրվող վերծանումների փաստաթղթաշրջանառությունը կազմակերպել էլեկտրոնային տարբերակով: Ներկայումս վերծանումներն օպերատորներից ստացվում են բավական օպերատիվ՝ 1-4 օրվա ընթացքում։

Արդեն իսկ մշակել ենք քննչական կոմիտեում բարեփոխումների 2015-2016 թվականների ռազմավարությունը, մասնավորապես, նախաքննության կազմակերպման գործում գիտության և տեխնիկայի նվաճումները ներդնելու, տարբեր գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններից օպերատիվ կերպով տեղեկություններ ստանալու կառուցակարգեր ստեղծելու, քրեական դատավարության ոլորտում մարդկային և նյութական ռեսուրսները խնայելու և առավել նպատակահարմար օգտագործելու ուղղությամբ աշխատանքներ: Այս  գերծանրաբեռնվածությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ քննության ժամկետների, որոշ դեպքերում նաեւ առանձին քննչական գործողությունների որակի վրա:

-Ի դեպ, պարոն Հովսեփյան, 2015 թվականին ՀՀ դատարանների կողմից արդարացվել է 110-մարդ, եւս 47-ը՝ մասնակի։ Արդյոք այս արդարացման դատավճիռները քննարկման առարկա դառնում են։

-Քննիչների առջեւ դրված պահանջը մեկն է՝ յուրաքանչյուր քրեական գործով հնարավորինս պարզել օբյեկտիվ իրականությունը եւ կաշկանդված չլինել կողմերից որեւէ մեկի դիրքորոշմամբ։ Քննիչը պետք է լինի անկախ։

Այո, մեր օրենսդրությամբ այսօր նա դեռ դիտարկվում է որպես մեղադրանքի կողմ եւ գիտակցում եմ, որ քննիչի հոգեբանության մեջ այս մտայնությունը դեռ առկա է, և այսօր խնդիր ենք դրել փոխել այդ հոգեբանությունը։ Նախաքննության թիվ մեկ խնդիրը հանցագործության բացահայտումն է, հանցանքը կատարած անձի, շարժառիթի պարզումը։ Գուցե դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում ենք դրան։

Եթե դատարանների կողմից 110 մարդ է արդարացվել, ապա կրկնակի, եռակի անգամ ավելի գործերով քննիչներն են  արդարացման հիմքերով նախաքննության ընթացքում դադարեցրել քրեական հետապնդումը եւ կարճել քրեական գործի վարույթը։ Քննությունը դա գործընթաց չէ, այլ ընթացակարգ, որի ընթացքում ձեռք են բերվում ապացույցներ եւ պետք է կարողանանք կաշկանդված չլինել նախնական ապացույցներով, կարողանանք ապահովել բազմակողմանի քննություն։IMG_0346 copy

Ավելին՝ պետք է կարողանանք ձերբազատվել նաեւ բարդույթից, որ կոնկերտ մեղադրյալին արդարացնող ապացույցներ ձեռք բերելիս հնարավոր է կասկածներ հնչեն տարբեր ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Անկեղծ լինենք՝ այս մտավախությունը քննիչներն ունեն։

Զգալի աշխատանքներ կան անելու, պատժողական քաղաքականությունը  չպետք է լինի ինքնանպատակ, հակառակ դեպքում այն չի կարող ծառայել սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխարգելմանը, որեւէ անմեղ մարդ չպետք է դատապարտվի, հանցանք գործած որեւէ անձ չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից։ Եւ հենց այս համատեքստում էլ կոմիտեում քննարկման առարկա են դառնում արդարացման բոլոր դատավճիռները՝ ուշադրություն դարձնելով հիմքերին։

Ամփոփվել են քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները եւ  նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններն ուղարկվել են բոլոր տարածքային ստորաբաժանումներին։ Իսկ հունվարի 1-ից կայացված յուրաքանչյուր արդարացման դատավճիռ  քննարկվում է օպերատիվ խորհրդակցություններում։ Չմոռանանք նաեւ, որ մեր երկրում քրեական դատավարությունը մրցակցային բնույթ է կրում։

Աղվան Հովսեփյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, արդրադատության պետական խորհրդական: 1998 – 1999 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազ, 1999 – 2004 թվականներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2004 – 2013 սեպտեմբերը՝ ՀՀ գլխավոր դատախազ: ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ: ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել