Երաշխիքային ժամկետը սկսվում է ապրանքը գնորդին հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Եթե գնորդը, վաճառողից կախված հանգամանքներով, զրկված է պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքն օգտագործելու հնարավորությունից, երաշխիքային ժամկետն սկսվում է վաճառողի կողմից համապատասխան հանգամանքները վերացնելուց հետո:
Երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակով, որի ընթացքում ապրանքը չի կարող օգտագործվել դրանում հայտնաբերված թերությունների պատճառով` վաճառողին, քաղաքացիական օրենսգրքի 499 հոդվածով սահմանված կարգով, ապրանքի թերությունների մասին ծանուցելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Կոմպլեկտավորող տարրերի երաշխիքային ժամկետը համարվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետին հավասար և սկսվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի հետ միաժամանակ, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) փոխարեն, որում երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել են թերություններ, գնորդին հանձնված այլ ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) նկատմամբ սահմանվում է նույն տևողությամբ երաշխիքային ժամկետ, ինչը սահմանված էր փոխարինվածի համար, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: