ՀՀ կառավարության թիվ 113–Ն որոշման համաձայն սահմանված են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն այդ գծանշումները, հակառակ դեպքում, դրանց ենթադրյալ խախտման կապակցությամբ կազմված վարչական ակտերը ենթակա են վերացման։
Այսպես, գծանշումը կարող է կատարվել տարբեր նյութերով (ներկով, ջերմապլաստիկով, սառը պլաստիկով, պոլիմերային ժապավեններով, հատային կաղապարներով, լուսանդրադարձիչներով և այլն):
Գծանշումներ կատարելիս` դրանց շեղումը նախագծային դրույթից չպետք է գերազանցի 5 սմ-ը:
Գծանշվող գծերի չափերի շեղումները չպետք է գերազանցեն`
1) 1 սմ-ը` գծի լայնությամբ.
2) 5 սմ-ը` նրբագծերի և խզվածքների երկարությամբ:
Գծանշումը երթևեկելի մասի մակերևույթից չպետք է բարձր լինի 6 մմ:
Վարորդների տեսողական կողմնորոշման համար կիրառվող լուսանդրադարձիչները` ինքնուրույն կամ հորիզոնական գծանշման հետ զուգակցված, երթևեկելի մասի մակերևույթից չպետք է բարձր լինեն 20 մմ:
Գծանշման գործակիցները հետևյալն են`
1) չոր վիճակում գծանշման համար պայծառությունը (bV).
2) չոր ծածկույթի դեպքում օրվա մութ ժամերի պայմանների համար լուսանդրադարձումը (RL).
3) անձրևի և թաց ծածկույթի դեպքում օրվա մութ ժամերի պայմանների համար լուսանդրադարձումը (RW).
4) չոր վիճակում ցրված լույսի կամ արհեստական լուսավորության դեպքում լուսարտացոլումը (Qd):
Ջերմապլաստիկով, սառը պլաստիկով կամ նման այլ նյութերով կատարված գծանշումը պետք է ունենա մեկ տարվանից ոչ պակաս, իսկ լաքաներկանյութով կատարված գծանշումը` 6 ամսվանից ոչ պակաս գործառութային երկարակեցություն:
Գծանշման գործառութային երկարակեցությունը որոշվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում գծանշումը համապատասխանում է սույն կանոնների պահանջներին, և 50 մ երկարությամբ յուրաքանչյուր վերահսկվող տեղամասում գծանշման մակերեսի մաշվածքը չի գերազանցում 50%-ը` գծանշումը ներկով կատարելու դեպքում, իսկ գծանշումը ջերմապլաստիկով կամ երկարակյաց այլ նյութերով կատարելու դեպքում` 25%-ը:
Նոր գծապատկերով գծանշում կատարելու դեպքում հին գծանշումը չպետք է տեսանելի լինի:
Ճանապարհների գծանշումը, բացառությամբ չորրորդ կարգի ճանապարհների, պետք է կատարվի լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ: