ՄԻԵԴ-ի նոր վճիռը. պետությունը կվճարի 3600 եվրո Գարեգին Ղույումչյանի որդուն

Հունվարի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է վճիռ Ղույումչյանն՝ ընդդեմ Հայաստանի գործով:

Գանգատաբերները Գարեգին Ղույումչյանի որդին, դուստրն ու կինն են: Նրանց ներկայացուցիչը Եվրոպական դատարանում եղել է ԱԺ պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Նշվում է, որ Գարեգին Ղույումչյանն ու իր կինը հիմնել են նկարչական տուն և սպիրտի փոքր գործարան՝ որպես ընտանեկան բիզնես:

2002թ. հուլիսի 19-ին Գարեգին Ղույումչյանին մեղադրանք ներկայացրեցին կաշառք վերցնելու համար՝ խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:

Նրան պատկանող ավտոմեքենան և հեռուստացույցը առգրավվել են, որից հետո նա փաստաբան է վարձել:

2002թ. սեպտեմբերի 25-ին քննչական մարմինը որոշեց փաստերի բացակայության պատճառով նրա դեմ մեղադրանքը կարճել՝ վերացնելով բռնագրավումն ու խափանման միջոցը:

IMG_0085-440x2932004թ.-ին ընտանեկան բիզնեսը վաճառվում է անհատ անձի:

2004թ. հոկտեմբերի 29-ին Գարեգին Ղույումչյանը սխալ քրեական հետապնդման ենթարկվելու առնչությամբ փոխհատուցման բողոք ներկայացրեց, մասնավորապես՝ պահանջելով իրավական և փոխադրամիջոցների ծախսերի փոխհատուցում, նա նաև փոխհատուցում պահանջեց ընտանեկան բիզնեսը կորցնելու համար՝ պատճառաբանելով, որ քրեական հետապնդման պատճառով չէր կարողացել այն առաջ տանել ու ստիպված էր ցածր գնով վաճառել:

2006թ. Լոռու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բողոքը մասամբ բավարարեց՝ պարտավորեցնելով մասնակի փոխհատուցել իրավական և տրանսպորտային ծախսերը: Վերաքննիչ բողոք է ներկայացվում, դատարանը առաջին ատյանի վճիռը թողնում է անփոփոխ, վճռաբեկ բողոք նույնպես ներկայացվում է, սակայն դատարանն այն վերադարձնում է՝ պատճառաբանելով, որ բողոքը չի ներկայացրել արտոնագիր ունեցող փաստաբան:

2006թ.-ին Ղույումչյանը դիմել է ՀՀ Փաստաբանների պալատ՝ իրավական օգնություն տրամադրելու խնդրանքով, որը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ Փաստաբանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նման գործերով պալատը չի զբաղվում:

2006թ. նոյեմբերի 17-ին Ղույումջյանը դիմել է Լոռու մարզի դատախազություն՝ հայտնելով, որ ինքը 2006թ. հոկտեմբերի ծեծի է ենթարկվել մարզպետի կողմից:

2007թ.-ին Գարեգին Ղույումչյանը մահանում է սրտի կաթվածից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջին գանգատաբերին՝ Գարեգին Ղույումջյանի որդուն վճարի 3600 եվրո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել