Ուսանողը հեռացվում է Բուհից.
1. ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի),
2. բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
3. բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
Բուհից հեռացված (ազատված) ուսանողները վերականգնվում են այն կիսամյակում, որից նրանք հեռացվել (ազատվել) են, եթե վերականգնման պահին առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը չի գերազանցում 20 կրեդիտը: 20 կրեդիտը գերազանցելու դեպքում ուսանողին առաջարկվում է վերականգնվել ավելի ցածր կիսամյակում, որի համար առարկայական անհամապատասխանությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակի:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն Բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:
Ուսանողը ազատվում է Բուհից.
1. իր դիմումի համաձայն,
2. այլ բուհ տեղափոխվելու դեպքում:
Ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.
1. ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
2. առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
3. հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:
Քննաշրջանի ընթացքում քննություններին չներկայացած ուսանողներին թույլատրվում է մինչև տվյալ կիսամյակի երրորդ շաբաթվա ավարտը անհատական ժամանակացույցով հանձնել ակադեմիական պարտքերը:
Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումը իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը:
Բուհից հեռացված (ազատված) արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան զինկոմիսարիատներ:
Բուհից հեռացման (ազատման) դեպքում ուսանողի դիմումի համաձայն, 3 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրվում է հեռացման (ազատման) հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը: Բուհի կողմից հաստատված ավարտական վկայականի պատճենը պահվում է ուսանողի գործում:
Ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով դրանք: