Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`
ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.
բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով` երեք հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով` վեց հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: