ՀՀ քրեական օրենսգրքի 212–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
1. Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձևով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առևտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է զգալի չափով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Վերոհիշյալ առաջին կամ երկրորդ կետով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հիսնապատիկի չափը, իսկ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը գերազանցող գումարը: