Սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մասնակիցը (նրա համար սոցիալական վճար կատարելու պարտականություն ունեցող անձը՝ հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:
Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարների նկատմամբ՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):
Գանձված (մուծված) տույժերի հաշվին մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են՝ մասնակիցների եկամտից (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) պահված (վճարված) սոցիալական վճարի ընդհանուր գումարում տվյալ մասնակցի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի չափից ելնելով: