Այս տարի մենք մշտապես տեղադրել ենք դատական գործերի մասին նյութեր, երբ վարորդները դատարաններում հաղթում են ճանապարհային ոստիկաններին: Ի զարմանս մեզ, նմանաբնույթ գործերը բավականին շատ են, բայց չնչին տոկոս են կազմում պարտվածների հետ համեմատած: Այդուհանդերձ որոշել ենք ընթերցողի համար առանձնացրել 5 դատական գործ: Հարկ ենք համարում շեշտել, որ նման դեպքերում մեր նյութերի նպատակը չի եղել խորացնել անպատժելիությունը, հակառակը նմանաբնույթ դատական գործել հրապարակելով մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել վարորդների իրազեկվածության մակարդակը, ցույց տալ նրանց, որ կան շատերը, ովքեր պայքարում են և հասնում հաղթանակի, ինչպես նաև՝ վարչական մարմնին զգոնություն հաղորդել, որպեսզի կամայական վարչական ակտեր չկազմվեն: Մի խոսքով՝ այս դատական գործերով փորձել ենք նպաստել ինչպես վարորդների իրավունքների պաշտպանությանը և իրազեկվածության բարձրացմանը, այնպես էլ վարչական մարմինների աշխատանքի արդյունավետությանը:
Վարորդը հաղթեց ՃՈ-ին. ինչպե՞ս պայքարել առանց փաստերի կազմված վարչական ակտերի դեմ: 2015թ. մարտի 17-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Է. Ալեքսանյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի Տիգրան Կիրակոսյանը ժամը 15:35-ի սահմաններում Շիրազի փողոցում կատարել է ձախ շրջադարձ՝ հատելով հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գծերը` կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտում: Վարորդը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց, բացատրություն տալուց և որոշման կտրոնը ստանալուց: Նշված որոշմամբ Տիգրան Կիրակոսյանը տուգանվել է 10.000 ՀՀ դրամի չափով: Վարչական դատարանը` նախագահությամբ Լիանա Հակոբյանի իր վճռում նշել է, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթում՝ վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով: Մանրամասները՝ նյութում:
Կանգառ կատարելու համար վարորդին տուգանել էին. նա դատարանում բողոքարկեց ու հաղթեց Ճանապարհային ոստիկանությանը: Վարորդ Արթուր Սարգսյանը դիմելով դատարան հայտնել է, որ ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության 5.000 դրամի չափով տուգանքի։ Որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանզամանքը, որ վարորդը Երևանի Գր. Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները։ Վարորդը գտել է, որ վիճարկվող որոշումն անհիմն է և ենթակա է անվավեր ճանաչման, հետևյալ պատճառաբանությամբ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Տվյալ դեպքում վիճարկվող որոշման մեջ վկայակոչվել է ընդամենը վերը նշված հոդվածը, սակայն չի նշվել, թե կանգառի կամ կայանման՝ որ կանոնն է հայցվորի կողմից խախտվել: Մանրամասները՝ նյութում:
Վարորդը դատարանում բողոքարկեց տեսախցիկով արձանագրված խախտումն ու հաղթեց: Վարդան Ամարյանը դատարան ներկայացրած հայցով հայտնել է, որ 03.04.2014 թվականին Ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի ավագ տեսուչ Հրաչյա Միքայելյանը կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որով վարորդը տուգանվել է 20.000 ՀՀ դրամի չափով։ Որոշումը կայացվել է այն հիմքով, որ իրավախախտումն ամրագրած տեսանյութից հստակ երևում է, որ դիմումատուին պատկանող տրանսպորտային միջոցը խաչմերուկ է մուտք գործում դեպի աջ երթևեկությունը թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանի ներքո։ Մանրամասները՝ նյութում:
Ամրագոտին չամրակապելու համար տուգանված վարորդը հաղթեց ՃՈ-ին: Արսեն Պետրոսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել ՃՈ որոշումը, համաձայն որի` վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության 5000 ՀՀ դրամի չափով, անվտանգության գոտին չամրակապված վիճակում վարելու համար։ Հայցվորը դատարանում պնդել է, որ որոշմամբ նշանակված վարչական տուգանքը նշանակվել է ոստիկանության աշխատակիցների գործողությունների կամայականության արդյունքում, վարչական իրավախախտման դեպքի բացակայության պայմաններում, որի հետ հայցվորը չհամաձայնվելով՝ ի սկզբանե վարչական արձանագրության մեջ հակիրճ տվել է բացատրություն այն մասին, որ առարկում է։ Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: Դատաքննության համար հրավիրված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի որևէ ներկայացուցիչ նիստին չներկայացավ: Հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները` դատարանը եկավ այն եզրակացության, որ հայցը ենթակա է բավարարման: Մանրամասները՝ նյութում:
Վարորդը կայանել էր կարմիր գծերում, տուգանվել, սակայն դատարանում հաղթեց քաղաքապետարանին. մանրամասներ գործից: Վարորդ Ալեքսանդր Կարալովը 2014թ. տուգանվել էր կարմիր գծերի կայանման կանոնները խախտելու համար՝ 5000 դրամի չափով: Հայցվորը դիմել է Երևանի քաղաքապետին վճարովի ավտոկայանման տեղի տեսաձայնագրությունը ստանալու խնդրանքով, սակայն մերժվել է, քանի որ ամբողջական նկարահանում առկա չի եղել: Հայցվորը պնդել է, որ առանց վերահսկելու պատասխանող կողմը գումար է շորթում քաղաքացիներից, այն դեպքում, որ նա անընդմեջ 5 րոպե չի կայանել նշված տարածքում, նա դատական հայց է ներկայացրել։ Վարչական դատարանը վճռել է հայցը մերժել: Քաղաքացին վերաքննիչ ատյան է դիմել: Քննելով վերաքննիչ բողոքը նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն ենթակա է բավարարման: Մանրամասները՝ նյութում:
Պատրաստեց՝ Գևորգ Թոսունյանը