Վարորդը դատարանում բողոքարկեց տեսախցիկով արձանագրված խախտումն ու հաղթեց

Վարդան Ամարյանը դատարան ներկայացրած հայցով հայտնել է, որ 03.04.2014 թվականին Ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի ավագ տեսուչ Հրաչյա Միքայելյանը կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որով վարորդը տուգանվել է 20.000 ՀՀ դրամի չափով։

Որոշումը կայացվել է այն հիմքով, որ իրավախախտումն ամրագրած տեսանյութից հստակ երևում է, որ դիմումատուին պատկանող տրանսպորտային միջոցը խաչմերուկ է մուտք գործում դեպի աջ երթևեկությունը թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանի ներքո։

Դատարանում հետազոտված լազերային կրիչի վրա ներկայացված տեսագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ տեսագրությունը կատարված է ընդհատումներով, իսկ դրանում նշված վայրկյանների հոսքն ընթանում է սովորականից ակնհայտ արագ, այսինքն` տեսագրությունն արագացված է, որպիսի պայմաններում հնարավոր չէ հստակ որոշել այն հանգամանքը, թե հայցվորի վարած մեքենան ինչ ազդանշանի առկայության պայմաններում է մուտք գործել խաչմերուկ։ Բացի այդ, դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ խաչմերուկի ուղղահայաց ձախ կողմից մեքենաներն սկսում են երթեկել Հայցվորի մեքենայի` խաչմերուկը հատելուց և վերջինիս հետևից երթեկող մեքենայի կանգնելուց հետո։

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնել է, որ առկա տեսանյութը չէր կարող կասկած չհարուցել տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանության վերաբերյալ, ըստ այդմ նաև` իրավախախտման հատկանիշները, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով, չէին կարող համարվել պարզված, հետևաբար Հայցվորը չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության։

Այսպիսով, դատարանն անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Վարդան Ամարյանի հայցը ենթակա է բավարարման։

Դատավոր Միքայել Մելքումյանը վճռել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության սահմանած տուգանքը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել