Արսեն Պետրոսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել ՃՈ որոշումը, համաձայն որի` վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության 5000 ՀՀ դրամի չափով, անվտանգության գոտին չամրակապված վիճակում վարելու համար։ Հայցվորը դատարանում պնդել է, որ որոշմամբ նշանակված վարչական տուգանքը նշանակվել է ոստիկանության աշխատակիցների գործողությունների կամայականության արդյունքում, վարչական իրավախախտման դեպքի բացակայության պայմաններում, որի հետ հայցվորը չհամաձայնվելով՝ ի սկզբանե վարչական արձանագրության մեջ հակիրճ տվել է բացատրություն այն մասին, որ առարկում է։
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: Դատաքննության համար հրավիրված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի որևէ ներկայացուցիչ նիստին չներկայացավ:
Հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները` դատարանը եկավ այն եզրակացության, որ հայցը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Այդ տվյալները հաստատվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
Սույն դեպքում տրանսպորտային միջոցի անվտանգության գոտիները չամրակապած վիճակում տրանսպորտային միջոց հայցվորի վարելու փաստի ապացուցման ուղղությամբ վիճարկվող ակտում մատնանշված փաստարկները դատարանը հիմնավոր չի համարում, քանի որ ըստ էության որևէ վարորդի կողմից տրանսպորտային միջոցի անվտանգության գոտիները չամրակապած վիճակում տրանսպորտային միջոց վարելու փաստի բացահայտումը ենթադրում է ստեղծված իրադրության կապակցությամբ իրավասու վարչական մարմնի կողմից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով որոշակի փաստական տվյալների, տեղեկությունների հավաքագրման և ամրագրման միջոցով հանգամանալից հետազոտության և գնահատման արդյունքում արված եզրահանգում։ Նման իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտման փաստը հիմնավորող ապացույց կարող է համարվել իրավախախտումն ամրագրած տեսանյութը:
Մինչդեռ, կրելով վիճարկվող որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների, այսինքն` տրանսպորտային միջոցի անվտանգության գոտիները չամրակապած վիճակում տրանսպորտային միջոց վարելու փաստի ապացուցման բեռը` պատասխանող կողմն անհրաժեշտ և բավարար ապացույցներ չներկայացրեց նշված փաստի ապացուցման ուղղությամբ:
Ի վերջո դատարանը վճռել է Արսեն Պետրոսյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ՀՀ ՃՈ որոշումը:
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքը:
Վճիռը կայացրել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը: