Կանգառ կատարելու համար վարորդին տուգանել էին. նա դատարանում բողոքարկեց ու հաղթեց Ճանապարհային ոստիկանությանը

Վարորդ Արթուր Սարգսյանը դիմելով դատարան հայտնել է, որ ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության 5.000 դրամի չափով տուգանքի։

Որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանզամանքը, որ վարորդը Երևանի Գր. Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները։

Վարորդը գտել է, որ վիճարկվող որոշումն անհիմն է և ենթակա է անվավեր ճանաչման, հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

Տվյալ դեպքում վիճարկվող որոշման մեջ վկայակոչվել է ընդամենը վերը նշված հոդվածը, սակայն չի նշվել, թե կանգառի կամ կայանման՝ որ կանոնն է հայցվորի կողմից խախտվել:

ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» 78-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում՝ մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի եզրին։

Խախտման արձանագրման վերը նշված հատվածում առկա են «կարմիր գծեր» և կողնակ, որը հարում է երթևեկելի մասին և դրանից տարբերվում է ծածկույթով։

Տվյալ դեպքում հայցվորը (ընդ որում տեսանյութից երևում է, որ նշված հատվածում բոլոր ավտոմեքենաներն են կողնակին կայանված) ավտոմեքենան կայանել է կողնակին, ինչը նախատեսված է վերը նշված իրավական նորմերով։ Հետևաբար, բացակայում է կանգառի կամ կայանման կանոնների խախտման փաստը։ Այստեղից բխում է, որ որոշումը կայացվել է առանց համապատասխան փաստական հիմքի։

Պատասխանող ՀՀ ոստիկանության «Ճանապահային ոստիկանություն» ծառայության կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:

Դատաքննության ընթացքում Վարչական դատարանը՝ դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ պարզված համարեց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

Հայցվոր Արթուր Սարգսյանը իրեն պատկանող LEXUS մակնիշի տրանսպորտային միջոցով կանգառ է կատարել Գր. Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի հատվածում, կողնակին, և ենթարկվել է վարչական տույժի:

Հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու համար պետք է առկա լիներ կանգառի կանոնների խախտում, ինչը չի բացահայտվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից համապատասխան որոշմամբ:

Բացի այդ, ՀՀ ճանապարհային ոստիկանության վիճարկվող որոշումը բովանդակային առումով պետք է պարունակեր նշումներ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքի և տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի մասով, սակայն այս նորմն էլ չի պահպանվել:

Ըստ դատական ակտի՝ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նրա կողմից կատարված արարքը լինի հակաօրինական, որպիսի հանգամանքը տվյալ դեպքում կարող է բացահայտվել միայն ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնի խախտման դեպքում, իսկ գործով վիճարկվող վարչական ակտի բովանդակությունից (հաշվի առնելով նաև լուսանկարը և տեսանյութը) պարզ չէ, թե կոնկրետ ճանապարհային երթևեկության որ կանոնն է խախտել հայցվորը, քանի որ հայցվորի տրանսպորտային միջոցը կանգնած է կողնակին, ինչը թույլատրված է օրենքով:

Այսինքն՝ դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ իրավախախտման հատկանիշները չէին կարող համարվել պարզված, քանի որ, թե տեսանյութում, թե լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով դատարանը վճռել է Արթուր Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ ՃՈ-ի բավարարել:

Տուգանքը ճանաչվել է անվավեր և տուրքի հարցը համարվել է լուծված:

Հ.Գ. Անունները փոխված են:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել