Վարորդը կայանել էր կարմիր գծերում, տուգանվել, սակայն դատարանում հաղթեց քաղաքապետարանին. մանրամասներ գործից

Վարորդ Ալեքսանդր Կարալովը 2014թ. տուգանվել էր կարմիր գծերի կայանման կանոնները խախտելու համար՝ 5000 դրամի չափով:

Հայցվորը դիմել է Երևանի քաղաքապետին վճարովի ավտոկայանման տեղի տեսաձայնագրությունը ստանալու խնդրանքով, սակայն մերժվել է, քանի որ ամբողջական նկարահանում առկա չի եղել: Հայցվորը պնդել է, որ առանց վերահսկելու պատասխանող կողմը գումար է շորթում քաղաքացիներից, այն դեպքում, որ նա անընդմեջ 5 րոպե չի կայանել նշված տարածքում, նա դատական հայց է ներկայացրել։ Վարչական դատարանը վճռել է հայցը մերժել:

Քաղաքացին վերաքննիչ ատյան է դիմել: Քննելով վերաքննիչ բողոքը նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն ենթակա է բավարարման:

Դատարանը նշել է, որ վարչական մարմինն է կրում վիճարկվող վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը, հետևաբար դրա չապացուցման դեպքում` նաև բացասական հետևանքները։
Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նյութերով չի հիմնավորվում Ալեքսանդր Կարալովի կողմից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու փաստը։

Մասնավորապես, սույն գործի նյութերով չի հիմնավորվում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Ալեքսանդր Կարալովի կողմից տրանսպորտային վճարովի ավտոկայանատեղում նշված ժամին բերված է եղել անշարժ վիճակի, մինչդեռ հայցվորը Երևանի ավագանու կողմից օրենքի հիման վրա սահմանված դրույքաչափերով տեղական տուրքը չվճարելու համար կարող էր վարչական պատասխանատվության ենթարկվել 5 րոպեից ավելի համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստի հաստատված լինելու պարագայում։

Նման պայմաններում, դատարանը եզրահանգել է, որ տուգանքի որոշման համար հիմք ծառայած փաստերի չապացուցման բացասական հետևանքները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով, կրում է վարչական մարմինը, տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանը։

Հետևաբար, իրավախախտման փաստը ապացուցված չլինելու վերաբերյալ բողոքում բերված հիմնավորումները Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել։

Արդյունքում դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել, ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանել և փոփոխել, իսկ Ալեքսանդր Կարալովի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարել` անվավեր ճանաչելով կարմիր գծերի համար տուգանքի որոշումը։

Այս դատական նախադեպից ստացվում է, որ վճարովի ավտոկայանատեղիում կայանելու համար անհիմն տուգանվելիս վարորդները պետք է վարչական մարմնին խնդրեն ներկայացնել տեսագրությունը, հակառակ դեպքում՝ դատական հայց ներկայացնեն վարչական դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել