Վարորդը հաղթեց ՃՈ-ին. ինչպե՞ս պայքարել առանց փաստերի կազմված վարչական ակտերի դեմ

Այս տարվա մարտի 17-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Է. Ալեքսանյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի Տիգրան Կիրակոսյանը ժամը 15:35-ի սահմաններում Շիրազի փողոցում կատարել է ձախ շրջադարձ՝ հատելով հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գծերը` կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտում:

Վարորդը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց, բացատրություն տալուց և որոշման կտրոնը ստանալուց:  Նշված որոշմամբ Տիգրան Կիրակոսյանը տուգանվել է 10.000 ՀՀ դրամի չափով:

Վարչական դատարանը` նախագահությամբ Լիանա Հակոբյանի իր վճռում նշել է, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթում՝ վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Liana HakobyanՏվյալ դեպքում որպես թույլատրելի և վերաբերելի ապացույց վարչական վարույթի նյութերում առկա է բացառապես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ինչը և պատասխանողի կողմից ներկայացվել է ՀՀ վարչական դատարան: Որևէ այլ ապացույց, ի պատասխան դատարանի պահանջի, պատասխանողը դատարան չի ներկայացրել: Այսինքն` ինչպես վարչական վարույթի, այնպես էլ գործի դատական քննության շրջանակներում, որպես իրավախախտման դեպքի առկայության փաստը հաստատող ապացույց, առկա է բացառապես նշված արձանագրությունը:

Այնպես որ դատարանը վճռել է Տիգրան Կիրակոսյանի հայցն ընդդեմ ՃՈ-ի բավարարել և անվավեր ճանաչել վարչական ակտի մասին որոշումը, ՃՈ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել