ՀՀ–ում 2012 հունիսի 1–ից ուժը կորցրել է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը։
Այժմ, սոցիալական քարտի համարանիշը փոխարինվել է հանրային ծառայությունների համարանիշով, որն ամրագրվում է նույնականացման քարտի վրա։
Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:
Այսինքն, վերը նշված փաստաթղթերի ձեռք բերման հետ միաժամանակ քաղաքացին ստանում է հանրային ծառայությունների համարանիշ` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու։
Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ.
3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում: