«Պետական նպաստի մասին» ՀՀ օրենքի 32.1 հոդվածի համաձայն` ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
Նույն օրենքի 32–րդ հոդվածի համաձայն`
Ծերության նպաստի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դիմումը ներկայացվում է անձամբ:
Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: