«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է.
Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-oրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետականհաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի, իսկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով՝ նաև ճանապարհային ոստիկանության՝ այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած ստորաբաժանման կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի: Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 օր ժամկետով, ընդ որում` նույն տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ յուրաքանչյուր հաջորդ տեղեկանքը տրվում է միայն նախորդ տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից հետո: Առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի իրականացված գործարքներից ծագող իրավունքների՝ արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը:
Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից (տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց) հետո մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջև կայացել է պատշաճ գործարք: