Բազմաբնակարան շենքերի բնակիչներին հաճախ է հետաքրքրում այն հարցը, թե ինչպե՞ս են իրենք դարձել համատիրության անդամ և արդյո՞ք իրավունք ունեն դուրս գալ համատիրությունից, ստորև ներկայացնենք այդ հարցերի պատասխանները։
Ինչպե՞ս եք դարձել համատիրության անդամ
«Համատիրության մասին» ՀՀ օրենքի 25–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
Համատիրությանը կարող է անդամակցել տվյալ համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքի (շենքերի), շինության ցանկացած սեփականատեր:
Համատիրությանն անդամակցելու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին ներկայացնում է գրավոր դիմում` կցելով համապատասխան շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը:
Շինության սեփականատերը համատիրության անդամ է դառնում դիմումի տրման հաջորդ օրվանից:
Համատիրության անդամակցումը հաշվառվում է դիմումի տրման օրը համատիրության անդամակցության գրանցամատյանում:
Արդյո՞ք իրավունք ունեք դուրս գալ համատիրությունից
Նույն օրենքի 26–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
Համատիրության անդամի անդամությունը դադարում է`
ա) նրա դիմումի համաձայն.
բ) համատիրության անդամ ֆիզիկական անձի մահվամբ կամ իրավաբանական անձի լուծարմամբ.
գ) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա համատիրության անդամ ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
դ) համատիրության անդամի` համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարմամբ:
Համատիրության անդամությունից դուրս գալու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին տալիս է գրավոր դիմում: