Որո՞նք են հրապարակային մրցույթի ընդհանուր կանոնները
Աշխատանքի լավագույնս կատարման կամ այլ արդյունքների հասնելու համար դրամական վարձատրություն վճարելու կամ այլ պարգև տալու (պարգև վճարելու) մասին հրապարակայնորեն հայտարարություն (հրապարակային մրցույթ) արած անձը պետք է պայմանավորված պարգևը վճարի (հանձնի) մրցույթ անցկացնելու կանոններին համապատասխան հաղթող ճանաչված անձին:
Հրապարակային մրցույթը կարող է լինել բաց, եթե դրան մասնակցելու մասին մրցույթի կազմակերպչի առաջարկը, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակված հայտարարության համաձայն, ուղղված է բոլոր ցանկացողներին, կամ փակ, եթե մրցույթին մասնակցելու առաջարկը մրցույթի կազմակերպչի ընտրությամբ ուղղված է անձանց որոշակի շրջանակի:
Բաց մրցույթը կարող է պայմանավորված լինել դրա մասնակիցների որակավորմամբ, որի դեպքում մրցույթի կազմակերպիչը նախնական ընտրություն է կատարում դրան մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից:
Հրապարակային մրցույթի հայտարարությունը պետք է առնվազն նախատեսի առաջադրանքի էությունը, աշխատանքների կամ այլ ձեռքբերումների չափանիշները և գնահատման կարգը, դրանց ներկայացման վայրը, ժամկետն ու կարգը, պարգևի չափը և ձևը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետներն ու կարգը:
Ե՞րբ և ինչպե՞ս կարող են փոփոխվել և վերացվել մրցույթի պայմանները
Հրապարակային մրցույթ հայտարարած անձն աշխատանքները ներկայացնելու համար սահմանված ժամկետի միայն առաջին կեսի ընթացքում իրավունք ունի փոփոխել դրա պայմանները կամ վերացնել մրցույթը:
Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին ծանուցումը պետք է կատարվի մրցույթը հայտարարելու եղանակով:
Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու դեպքում մրցույթ հայտարարած անձը պետք է հատուցի ցանկացած անձի կրած ծախսերը, որը նա կատարել է հայտարարության մեջ նախատեսված աշխատանքի վրա` մինչև այն պահը, երբ իրեն հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին:
Մրցույթ հայտարարած անձն ազատվում է ծախսերը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է, որ նշված աշխատանքը կատարելը կապված չի եղել մրցույթի հետ, մասնավորապես, այն կատարվել է մինչև մրցույթ հայտարարելը կամ ակնհայտորեն չի համապատասխանում մրցույթի պայմաններին:
Եթե մրցույթի պայմանները փոփոխելիս կամ մրցույթը վերացնելիս խախտվել են վերը նշված պահանջները, մրցույթ հայտարարած անձը պետք է պարգևը վճարի նրանց, ովքեր կատարել են հայտարարությունում նշված պայմանները բավարարող աշխատանք: