Պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը գումարային պահանջ չի ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ:
Հիշեցնենք, որ օրաթերթի և լրագրող Սյուզաննա Սիմոնյանի դեմ հայց է ներկայացվել այն բանի համար, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, իրավունքը խախտող փաստացի անճշտություններ է հրապարակել: Տիկին Խաչատրյանը պահանջում է, որ նյութը ջնջվի և հրապարակվի հերքումը:
«Ռուզաննա Խաչատրյանը չի ցանկանում լրատվամիջոցին այսպես ասած վնաս տալ, նա անմիջապես դատարան էլ չի դիմել, նա ասել է, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ ես այդ իրադարձությանը մասնակից եմ եղել, խնդրում եմ հերքել, ընդամենը դա, հերքում չեղավ»,- այսօր սույն գործով հերթական դատական նիստից հետո ասաց հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:
Հայցվոր կողմը պահանջում է հերքել հետևյալ հատվածները. «Արտամուսնական կապի մասին, վթարի մասնակից լինելու, որի հետևանքով մահացել է այդ անձը, սրանք զրպարտություն և փաստացի իրավունքները խախտող անճշտություններ են, հետևաբար սա պետք է հերքվի»,- նշեց փաստաբանը:
«Ի՞նչն է պետք հերքել»,- հարց է բարձրացնում պատասխանողի իրավունքների պաշտպան Լուսինե Հակոբյանը և պատասխանում. «Իրենք փաստորեն ասել են, որ դժգոհ են հոդվածի այն հատվածից, որը սկսվում է հետևյալ արտահայտությամբ. «Որոշ լրատվամիջոցներ խորացան և այլն», հիմա փաստ է, որ որոշ լրատվամիջոցներ խորացան, այս փաստերը համապատասխանում են իրականությանը»,- մեզ ասաց փաստաբանը:
Պատասխանողի մեկ այլ փաստաբան Տիգրան Եգորյանը մեզ փոխանցեց. «Զրպարտության և վիրավորանքի հարցի վերաբերյալ նշեմ, որ ներկայացված վերլուծականը վերաբերում է հանրության շրջանում հետաքրքրությունների խթանմանը և բանավեճ ստեղծելուն ու պատասխաններ գտնելուն, ուստի փաստի հերքման հարց՝ վթարի հետ կապված չկա, նման փաստ ոչ ոք չի ներկայացնում»:
Իսկ Կարեն Մեժլումյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում առարկեց՝ ասելով. «Այդ մոտեցումը իրավական հիմք չունի, նախ շրջանառվող լուրի հետ կապված հենց Վճռաբեկ դատարանն ունի որոշում, որ ասում է՝ դա չի կարող աղբյուր լինել, եթե խոսքը գնում է այլ լրատվամիջոցում հրապարակվելուն, պետք հղում լինի, իրենց հոդվածում չկա նման հղում: Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ պետք է աղբյուրից ստուգել ու այդ ստուգումը չպետք է ձևական լինի»:
Ինչևէ, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կողմերին հարցեր ուներ դատավոր Ռուբեն Վարդազարյանը:
Նախ նա ասաց, որ վիճարկվող նյութի հրապարակումից հետո օրաթերթում տեղադրվել է նաև «Հանրությունն ուզում է իմանալ. 2» հոդվածը, դատավորը հետաքրքրվեց՝ թե որպես ինչ են այն դիտարկում կողմերը:
Նյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանն ասաց, որ այն որպես պատասխան են դիտարկում՝ ոչ հերքում. « Դա մենք դիտարկում ենք որպես բարեխիղճ լրագրության ապացույց »,- հավելեց պատասխանողի իրավունքների պաշտպան Տիգրան Եգորյանը, իսկ պարոն Մեժլումյանն առարկեց. «Դա բարեխիղճ լրագրություն չէ, տիկին Օհանյանը («Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյան – Գ.Թ.) նախորդ նիստերից մեկում ասաց, որ առաջին նյութի համար հիմք հանդիսացած նյութն այնքան վատն էր, որոշեցինք այդ նյութի հղումը, որ չտարածվի, սակայն հաջորդ նյութում այդ հղումն է դրվում, սա խոսվում է այն մասին, որ այդ վատ նյութը արդեն հղումով տարածվում է»,- նշեց նա:
Հաջորդիվ, դատավորը իրավիճակ նկարագրեց. «Ընդունենք՝ հայցը բավարարվել է, ինչ դուք կդիտարկեք որպես հերքում»,- հարցրեց նա հայցվոր կողմին: Պարոն Մեժլումյանը նշեց, որ իրենց պահանջներն են՝ հեռացնել վիճարկվող նյութը, իսկ հերքման տեքստը կարող է դատարանը սահմանել:
Նիստի ընթացքում պատասխանող կողմերի փաստաբանները ներկայացրեցին փաստաբանական ծախսերի մասին վկայող փաստաթուղթ, այն ուսումնասիրելով Կարեն Մեժլումյանն առարկեց. «Նշվում է 400 Հազար ՀՀ դրամ, գտնում եմ, որ սա ողջամիտ ծախս չէ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հայցվոր կողմը որևէ գումարային պահանջ չի ներկայացրել:
Գևորգ Թոսունյան