Ինչպե՞ս գրել ամուսնության մասին դիմում

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 26–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

«Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում:

Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:

Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.

գ) ընտանեկան դրությունը.

դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝

ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.

բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:

Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնացող անձանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող անձանց ստորագրությունները պետք է վավերացվեն օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել