Ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել ստաժի առկայությունը հավաստելու համար

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32–րդ հոդվածով սահմանված են աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և ստաժը հաշվառելու կարգը։

Այսպես, մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել