ՀՀ կառավարության թիվ 941–Ն որոշմամբ սահմանված է անվան փոփոխման կարգը, որն իր մեջ ներառում է ինչպես անվան, այնպես էլ ազգանվան և հայրանվան փոփոխությունը։
Այսպես, 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը։
Անունը փոխել ցանկացող չափահաս անձն անվան փոխման մասին դիմումը ներկայացնում է անձամբ` իր մշտական բնակության վայրի կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային մարմին։
16-18 տարեկան անձը դիմում է ՔԿԱԳ-ի տարածքային մարմին անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում և ծնողների գրավոր համաձայնությամբ։
Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։
Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխումը կատարվում է նրանց ծննդյան ակտային գրանցման մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու միջոցով. ծննդյան ակտի գրառման մեջ գրանցվում է փոփոխման ժամանակը, այն հաստատվում է ՔԿԱԳ-ի մարմնի կնիքով և ՔԿԱԳ-ի մարմնի ղեկավարի ստորագրությամբ։
Անվան փոխման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները`
ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), բնակության վայրը, ընտանեկան դրությունը (ամուսնացած է, այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).
բ) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը.
գ) դիմողի և անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի մասին նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների տվյալները.
դ) անունը փոխել ցանկացող անձի ընտրած անունը, հայրանունը, ազգանունը.
ե) անունը փոխելու պատճառները.
զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Անվան փոխման մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն`
1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) ՔԿԱԳ-ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետևանքով.
3) տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը.
4) 16 տարին չլրացած անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին.
5) դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր.
Զինծառայողները ներկայացնում են նաև զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք։
Անհրաժեշտության դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմինն իրավասու է պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր։
ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է դիմողին բացատրել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ անվան փոխման դեպքում։
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։ Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը` մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը՝ առավելագույնը` 2 ամսով՝ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։