Կարմիր գծանշանների համակարգը կիրառելու համար նախատեսված պայմանները թերի են. փաստաբան Գրիգոր Բեքմեզյան

Բիզնես ոլորտի խնդիրներից՝ ճանապարհային երթևեկությունը կարգավորող իրավական նորմեր: Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի հետ քննարկված թեմաները տարբեր են: Ինչո՞ւ պետք է բիզնես ոլորտի ներկայացուցիչները համառորեն պայքարեն սեփական իրավունքների համար, ի՞նչ խնդիրներ են առկա կարմիր գծանշանների իրավակարգավորումներում և ինչո՞ւ է ամենախնդրահարույցը փաստաբանը համարում դատական ակտերի կատարման ոլորտը: Մանրամասները՝ հարցազրույցում:

– Պարոն Բեքմեզյան, Դուք Քաղաքացիական օրենսգրքի մշակման աշխատանքային հանձնաժողովի անդամ եք: Ե՞րբ ի վերջո օրենսգրքի փոփոխության փաթեթները մեկ նախագծով կներկայացվի կառավարություն:

– Ես հույս ունեմ՝ մինչև տարվա վերջ, որովհետև արդեն մենք աշխատում ենք վերջնական նախագծերի ձևակերպման վրա: Այսինքն՝ հանձնաժողովից դուրս է գալիս վերջնական տարբերակը:

– Գործունեություն եք ծավալում նաև բիզնես ոլորտում: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:

– Ամենաառաջնային խնդիրը՝ ընկերությունների իրավագիտակցության պակասն է, կատարում են գործարքներ, կնքում են պայմանագրեր՝ առանց իրավաբանի հետ խորհրդակցելու, հետո իրենց կատարածի ձեռքն ընկնում են տակը և ստիպված դիմում են իրավաբանին, ով պետք է այսպես ասած՝ «ցեխը ջրից հանի», որը շատ դժվար է, որովհետև հաճախ իրավաբանության մեջ նախապես ճիշտ իրավական լուծում տալն ու կարգավորելը շատ ավելի հեշտ ու քիչ ծախսերով է պայմանավորված, քան հետագայում սխալն ուղղելը: Երկրորդ հիմնական խնդիրն այն է, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները հաճախ չեն ցանկանում մտնել կոնֆլիկտի մեջ պետական մարմինների հետ՝ չնայած, որ իրենց իրավունքները խախտվել է և իրական շանսեր ունեն դրանք պաշտպանելու: Այդուհանդերձ մտածում են, որ մտնելով կոնֆլիկտի մեջ, միգուցե պետական մարմիններն իրենց նկատմամբ հետագայում ճնշումներ գործադրեն: Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ գործում է հակառակ տարբերակը. եթե դու ցույց ես տալիս պետական մարմիններին, որ դու իրավագիտակից ես ու կարողանում ես պաշտպանել սեփական իրավունքները, նրանք էլ հասկանում են, որ իմաստ չկա անօրինական եղանակով կոնֆլիկտի մեջ մտնել նշյալ սուբյեկտների հետ: Թեև լինում են բացառություններ, սակայն հիմնականում այսպես է: Օրինակ՝ ընկերությունն ունի խնդիր հարկային մարմնի հետ, մեկ կամ երկու անգամ պաշտպանի իր իրավունքները դատական կարգով, երրորդ անգամ հարկային մարմինն արդեն առավել զգույշ կլինի:

– Վերջերս մենք անդրադարձանք Ձեր կողմից հաղթած մի գործի, որն առնչվում է Ճանապարհային երթևեկության ոլորտին: Առավել խնդրահարույց են նաև ՃՈ տեսուչ և վարորդ փոխհարաբերությունները: Արդյոք առնչվե՞լ եք խնդիրների:

– Ինձ հետ պատահել է մի դեպք, երբ ես մեքենայով ընթացել եմ փողոցով, հետևիցս ՃՈ մեքենա էր ընթանում, արագությունս 60կմ/ժ էր, տեսուչն ինձ կանգնացրեց ու պնդեց, որ վարել եմ 70 կմ/ժ-ից ավելի: Ճիշտ է չապացուցեց, բայց ամեն դեպքում փորձ արեց:

– Իսկ որևէ ապացույց ցույց չտվե՞ց:

– Ես խնդրեցի ապացույց ներկայացնել, նա ասաց, որ նկարահանել է ինձ, ես փոխանցեցի, թե որևէ վստահություն չունեմ, որ ՃՈ տեսուչի արագաչափը ճիշտ է նկարահանել, ես դիմացի մեքենայիս հետ համահունչ ընթանում էի ու արագությունս 60 կմ/ժ էր: Ինչևէ, ոստիկանը զգաց, որ անիմաստ է վիճելը և չշարունակեց, բայց կարող են լինել այլ իրավիճակներ: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ մեր պետությունն այդքան լկտի կգտնվի և նման բան կանի: Ես սա համարում եմ պետության խնդիրը:

– Տարբեր փաստաբաններ վիճարկում են կարմիր գծերի սահմանադրականությանը հարցը: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս ծառայության ներդրման և դրա գործունեության օրինականության վերաբերյալ :

– Նախ օրենքը թույլ տալիս է ՏԻՄ-երին, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ավտոկայանատեղիները հանձնի շահագործման այլ սուբյեկտներին՝ նրանցից որոշակի գումար գանձելու պայմաններով: Եթե օրենքը թույլ տալիս է, նշանակում է՝ այս որոշումը քաղաքապետարանի և սուբյեկտների հետ ճիշտ է: Ինչ վերաբերում է կարգավորմանը՝ համաձայն եմ, որ կարգավորումը սխալ է. բոլոր պայմանները ստեղծված չեն, որ վարորդը հանգիստ, առանց խոչընդոտի կարողանա վճարել: Նախ պետք է արձանագրել, որ  «Փարքինգ Սիթի սերվիս»-ը պարտավոր են ըստ րոպեի հաշվարկ իրականացնել, իսկ նրանք տուգանում են՝ ըստ ժամի, որը խախտում է, բացի այդ, կազմակերպությունը ամեն վայրերում չունի տերմինալներ՝ վճարումներ կատարելու համար, «sms» վճարումը չի կարող դիտվել որպես պատշաճ և նորմալ կամ արտասահմանից ժամանած անձը կարող է հեռախոս չունենալ ու նա ամենևին էլ պարտավոր չէ հեռախոսով նամակ ուղարկելու ձևը իմանալ: Այսինքն՝ պայմանները որոնք ստեղծված են այս համակարգը կիրառելու համար, թերի են, իսկ սա բերում է նրան, որ ոչ մի վարչական ակտ՝ կապված չվճարումների հետ, չպետք է իրավական ճանաչվի: Այսինքն՝ իրավակարգավորում, որով իրավունք ունեն որևէ կազմակերպությանը տալ, որ այն իրականացնի ծառայություն, ճիշտ է, սակայն դրանից բխող կարգավորումները, սխալ են:

– Եթե քաղաքացիները չեն մուծում և չեն էլ հետևում վարչական ակտերի ճակատագրին, ամեն ինչ հասնում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:

– Սա արդեն ամենախնդրահարույց հարցն է: Այստեղ ես տեսնում եմ թերացում ինչպես վարչական մարմնի, այսինքն՝ ոստիկանության, այնպես էլ ԴԱՀԿ-ի գործունեության մեջ: Թեև ԴԱՀԿ-ի թերացումներն ավելի քիչ եմ տեսնում. այնքան շատ ծավալի է աշխատանքը, որ նրանք ֆիզիկապես չեն հասցնում, բայց սա բացարձակապես արդարացում չունի, եթե նրանք աշխատում են, ուրեմն պարտավոր են հասցնել, որովհետև խոսքը գնում է քաղաքացիների սեփականության մասին, իսկ այն բարձրագույն իրավական արժեք է, որը պետք է պաշտպանվի: Մենք ունենք նման իրավիճակ՝ Ոստիկանությունն առանձ հետևելու ակտերի ընդունման, կայացման ժամկետներին, խախտելով բոլոր ծանուցման պայմանները, միանգամից ակտերն ուղարկում է ԴԱՀԿ: Այս դեպքում ծառայությունը պարտավոր է հետևել՝ արդյոք ոստիկանությունը պատշաճ կատարել է իր գործողությունները, սակայն այն չի պարզում՝ սուբյեկտիվ պատճառներ՝ ցանկություն չունի, երկրորդը՝ ժամանակ չունի: Կրկնում եմ՝ դա արդարացում չէ, գործ ունենք մարդու սեփականության հետ: Արդյունքում ԴԱՀԿ-ն որոշումներն ուղարկում է բանկեր: Հասնում ենք մեկ այլ խնդրի՝ նախկինում նրանք անձանց ողջ հաշիվներն արգելափակում էին, ինչո՞ւ, որովհետև դա նրանց համար հեշտ ճանապարհ էր: Բարեբախտաբար ընդունվեց փոփոխություն, որտեղ արձանագրվեց, որ եթե բանկը սահմանված գումարից ավելի գումար է պահում, ապա պարտավոր է դրա համար վճարել բանկային տոկոսադրույքով տույժիչ: Բանկերն հիմա գրագետ են աշխատում, սակայն ոստիկանություն և ԴԱՀԿ կապը օբյեկտիվորեն չի պահպանվում: Շատ հաճախ լինում է, որ ակտի համար վճարում ես, բայց միևնույն է այն ոստիկանությունից գնում է ԴԱՀԿ, որովհետև ոստիկանները չեն արձանագրել վճարումը: Նախ ոստիկանությունը պարտավոր է հետևել բոլոր վճարումներին, իսկ ԴԱՀԿ-ն իր հերթին պարտավոր է հետևել՝ արդյոք իր նյութերը հիմնավորված են, նոր կարողանա հարուցել կատարողական վարույթ: Ինչո՞ւ ես պետք է ԴԱՀԿ-ին ապացուցեմ, որ վաղուց մուծում արել եմ կամ ակտը վիճարկել եմ դատական կարգով:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել