Պետությունը պետական մարմինը չէ, պետությունը քաղաքացին է. Հովսեփ Բեդևյան

«Եթե քեզ դրևսորում ես որպես սկզբունքային, արդար դատավոր, բնականաբար ճնշումներ, զանգեր չեն լինի, որովհետև զանգողը կգիտակցի, որ վեճը լուծվելու է օրենքի տառին համապատասխան»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը: Ներկայումս արդարադատության համակարգում առկա, դատարանների առջև ծառացած խնդիրների մասին Հովսեփ Բեդևյանի հետ զրուցել ենք «Հայաստանի դատարանները» շարքի շրջանակներում:

Պարոն Բեդևյան, ես գիտեմ, որ Դուք վարչական դատարանի ստեղծման ակունքներում եք կանգնած եղել: Կպատմե՞ք՝ ինչ խնդիրներ են եղել, արդյո՞ք կարողացել եք հաղթահարել:

-2008 թվականից Հայաստանում սկսեց իրականացվել նոր արդարադատության ճյուղ՝ վարչական արդարադատություն: Մինչ այդ, բնականաբար, քաղաքացիական գործեր քննող դատավորներն էին քննում պետական և տեղական ինքնակառավարման (ՏԻ) մարմինների ակտերի, գործուղությունների կամ անգործության իրավաչափությունը վիճարկող գործեր: Սակայն անհրաժեշտություն կար ունենալ մասնագիտացված դատարան.  2007 թվականին ընդունվեց Վարչական դատավարության օրենսգիրքը, փոփոխություններ կատարվեցին Դատական օրենսգրքում:

2007 թվականի նոյեմբերին նախագահի հրամանագրով ես նշանակվեցի դատավոր՝ վարչական դատարանի սկզբնական կազմում: Դատարանը սկսեց  գործել 2008 թվականի հունվարի 1-ից:

Բնականաբար, առաջին տարիներին շատ դժվար էր: Նախ, օրենսդրական կարգավորման համաձայն, 2008 թվականի հունվարի 1-ից  ընդհանուր իրավասության դատարանների վարությում քննվող վարչական բոլոր գործերը պետք է փոխանցվեին վարչական դատարանին: Դրանց ծավալը ահռելի էր, և մեծ ծանրաբեռնվածություն դրվեց դատարանի վրա: Ես հիշում եմ, որ 2008 թվականին ամեն դատավորի վարությում կար 1000-1200 գործ: Դա ահռելի ծավալ էր:

Գրկաբաց չընցունեցին նաև  պետական և ՏԻ մարմինները: Սկզբում պետական մարմինները շատ ծանր էին տանում մասնագիտացված դատարանի գործունեությունը, որի գլխավոր խնդիրներից մեկը վարչական մարմնի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելն էր, ինչը մինչ այդ չէր եղել: Սովոր չէին, որ պետք է մասնագիտացված դատարանը որոշի իրենց գործողությունների, անգործության և ընդունած ակտերի իրավաչափությունը:

Եղան նաև պետական մարմիններ, որոնք նորմալ ընդունեցին այդ փաստը և վերանայեցին իրենց գործելակերպը՝  հիմք ընդունելով վարչական դատարանի կայացրած ակտերը:

Աստիճանաբար պետական և ՏԻ մարմինների գործունեության մեջ փոփոխություններ նկատվեցին, փոփոխություններ՝ դեպի օրինականությունը: Դա մեծ ձեռքբերում էր:

Սկզբնական շրջանում վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը ուժի մեջ էին մտնում հրապարակման պահից և կարող էին բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով: Իսկ վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ ընդունելու իր կանոններն ունի, և ստեղծվել էր մի իրավիճակ, երբ առաջին ատյանով սահմանափակվում էր վարչական արդարադատությունը: 2010 թվականին Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց այս հարցի վերաբերյալ, որ կամ պետք է ստեղծվի վերաքննիչ ատյան կամ վճռաբեկը պետք է փոխի գործերը վարույթ ընդունելու մոտեցումը: Այսպես 2010 թվականի  դեկտեմբերի 1-ին ստեղծվեց վարչական վերաքննիչ դատարանը և վարչական արդարադատությունը ամբողջացավ, սկսեց իրականացվել երեք ատյանով:

Ես ուզում եմ ներկայացնել նաև վարչական և ընդհանուր իրավասության (քաղաքացիական գործեր քննող) դատարանների տարբերությունը: Վարչական դատարանները գործը քննում են ի պաշտոնե, իսկ ընդհանուր իրավասության դատարանները՝ մրցակցային սկզբունքով: Քաղաքացիական գործով կողմերն են ապացուցում՝ ում փաստարկներն են ավելի ճիշտ, և, ըստ դրա, դատարանը վճիռ է կայացնում: Սակայն գործն ի պաշտոնե քննելու սկզբունքն այն է, երբ դատարանը կաշկանդված չէ կողմերի ներկայացրած ապացույցներով և փաստարկներով, ինքն է միջոցներ ձեռնարկում օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար և դրա հիման վրա վճիռ կայացնում: Այս սկզբունքն է նաև վերաքննիչ ատյանում. քաղաքացիական վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքի հիմք-հիմնավորումներով, այսինքն՝  եթե բողոքաբերը բերում է վերաքննիչ բողոք,  նշում է՝ այս հիմքերով, փաստարկներով խնդրում եմ բեկանել դատական ակտը, վերաքննիչ քաղաքացիական դատարանը իրավունք չունի դրանից դուրս գալու: Իսկ վերաքննիչ վարչական դատարանը կաշկանդված է բացառապես բողոքի պահանջով և ոչ ներկայացված հիմքերով:

-Ասացիք, որ վարչական դատարանի ստեղծման սկզբնական շրջանում որոշ պետական և ՏԻ մարմինների հետ հարաբերությունները հարթ չեն եղել: Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ ճնշումներ, սպառնալիքներ եք զգացել Ձեզ վրա՝ որպես դատավոր, միջնորդավորված զանգեր եք ստացել:

-Ուղղակի ճնշումներ չեն եղել: Գիտեք, այդ զանգողը, միջամտողը պիտի գիտակցի՝ ում է զանգում և ինչ է միջնորդում: Եթե քեզ դրսևորում ես որպես սկզբունքային, արդար դատավոր, բնականաբար,  զանգեր էլ չես ստանա, որովհետև զանգողը կգիտակցի, որ վեճը լուծվելու է օրենքի տառին համապատասխան:

Իմ պրակտիկայում, որպես դատավորի, շատ դեպքեր են եղել, երբ ես վճիռ եմ կայացրել կոնկրետ պաշտոնատար անձի գործողությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Կոնկրետ իմ դեպքում ճնշումներ, զանգեր չեն եղել:

-Ներկայումս բազմիցս է խոսվում, որ դատական համակարգի հանդեպ կա անվստահություն, ինչի պատճառը նաև կոռուպցիոն ռիսկերն են: Արդյո՞ք կան մեխանիզմներ թե կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու, թե անվտահության այդ խնդիրը լուծելու համար:

-Չեմ ժխտի, մեր համակարգում կան խնդիրներ: Սակայն երբ մեր մասին խոսում են միայն քննադատական ձևով, մենք պետք է արձագանքենք և նաև լավը մատուցենք: Դատական համակարգում կատարված լավ աշխատանքի մասին չենք արձագանքում: Այդ հարցնում նաև մենք ենք մեղավոր: Եթե, օրինակ, նայենք դատարանների ծանրաբեռնվածությունը՝ տարեկան կտրվածքով  քննված գործերի քանակն ու այդ գործերով կայացված ակտերի դեմ բողոքները, ապա, եթե չեմ սխալվում, դրանք մինչև 5 տոկոսն են կազմում: Տարեկան մոտավորապես քննվում է 120 հազար քաղաքացիական գործ, 20 հազար քրեական գործ և 25 հազար վարչական գործ:  Սա ահռելի աշխատանք է: Դեմ չեմ, եթե վատը կա, նաև դա պետք է ներկայացվի, հասկանանք պատճառներն ու աշխատենք դրա դեմ:

Պետք է սկսել նոր կադրերից: Ամենակարևորը պետք է ընտրել գրագետ, սկզբունքային կադրեր, որ կարողանան  փոխել համակարգն ու համակարգի հանդեպ կարծիքը: Ինչպես գիտեք, արդեն երրորդ տարին է՝ ստեղծվել է Արդարադատության ակադեմիան: Նոր կադրերի ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ տարվում են: Համենյան դեպս, ես կողքից նայելիս տեսնում եմ, որ նորմալ կադրեր են ընտրվում և դատավոր նշանակվում:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն դրսևորումներին, ապա մենք, եթե խոսքը վերաբերում է դատարանի նախագահին, մենք չունենք վերահսկողության մեխանիզմներ: Յուրաքանչյուր դատավոր անկախ է և ենթարկվում է օրենքին միայն: Կոնկրետ գործ քննելիս այդ դատավորը իշխանության միանձնյա թև է, և որևէ միջամտությունը քրեական հանցագործություն է, այդ թվում՝ եթե դատարանի նախագահի կողմից է դա արվում: Եվ ճիշտ է, որ չկան. դատավորը պետք է անկախ լինի և որևէ մեկի չենթարկվի:

Մենք պիտի ընտրենք այնպիսի կադրեր, որպեսզի վստահենք և հավատանք նրանց:

-Սփյուռքահայ ընկերներիցս մեկը զարմացել էր, երբ իմացավ, որ այսօր բարի համբավ ունեցող դատարավորները հիմնականում բավականին երիտասարդ են: Սովորաբար, դատավորի կերպարն ասոցացվում է կյանքի և մասնագիտական մեծ փորձ ունեցող մարդու հետ:

-Ես հակված եմ նրան, որ համակարգը պետք է ավելի երիտասարդցվի: Ինչու՞: Կա մտածելակերպի տարբերություն, և հատկապես վարչական արդարադատության դեպքում տարբերությունը մեծ է: Երբ ես նոր էի նշանակվել դատավոր, երիտասարդ էի և  զրուցում էի ավագ գործընկերներիս հետ:  Պետք է անկեղծ լինեմ և չեմ թաքցնի, որ տարիքով ավագ դատավորները,  ովքեր 30-40 տարի դատավոր էին աշխատել, աշխատել էին դեռևս նաև Խորհրդային միության տարիներից,  նրանց համար խորթ էր, որ կարելի է պետության դեմ վճիռ կայացնել:

Մենք, ի վերջո, հասանք նրան, որ ապացուցեինք՝ պետությունը պետական մարմինը չէ, պետությունը քաղաքացին է: Եթե պետական մարմնի դեմ վճիռ ես կայացնում, ապա պետության դեմ չես վճիռ կայացնում: Պետությունը այն քաղաքացին է, որին ծառայելուն է կոչված այդ պետական մարմինը: Սա ավելի շուտ ընկալեցին երիտասարդ  դատավորները: Ակնհայտ էր, որ ավելի աչքի ընկան, ռիսկային քայլերի գնացին, վճիռներ կայացրեցին, դատական պրակտիկա ստեղծեցին:  Ես կողմնակից եմ երիտասարդ կադրերին:

-Եթե սխալ չեմ հիշում, Դուք նաև խոսում էիք վարչական դատարանում կադրերի պակասի խնդրի մասին:

-Խնդիր առաջացավ, երբ ստեղծվեց վերաքննիչ վարչական դատարանը. այնտեղ ոչ թե նոր դատավորներ նշանակվեցին, այլ վարչական դատարանի դատավորների 6 հաստիք կրճատվեց և վերաքննիչ դատարանում նշանակվեց: Մի երկար ժամանակաշրջան  ծանրաբեռնվածության լուրջ խնդիր եղավ: 2013 թվականին առաջին ատյանում դատավորների հաստիքները 10-ով ավելացրեցին: Այսօր, իմ կարծիքով, վարչական դատարանի հաստիքների քանակը բավարար է, որպեսզի ինքն իր  ֆունկցիան իրականացնի, սակայն այդ առումով  խնդիր ունի վերաքննիչ վարչական դատարանը: Վարչական դատարանն ունի 26 դատավոր, իսկ վերաքննիչ վարչական դատարանը՝ 6 դատավոր՝ երկու կազմով:  Երբ առաջին ատյանի դատարանի դատավորների հաստիքներն ավելացան, բնականաբար, բողոքների հոսունակությունը դեպի վերաքննիչ ատյան ավելացավ: Այժմ վերաքննիչ դատարանում է լուրջ ծանրաբեռնված վիճակ, և մենք կարիք ունենք, որ գոնե մեկ կազմի՝ երեք դատավորի հաստիք ավելացվի:

-Դատարանի, դատավորների ծանրաբեռնվածությունը ի՞նչ հետևանքներ է ունենում:

-Առաջին հերթին ազդում է դատական ակտերի որակի վրա: Բնականաբար, դատավորը մարդ է և որակյալ ակտեր գրելու համար բավարար ժամանակ է անհրաժեշտ: Այլ բան է, երբ օրը երկու գործի վրա ես աշխատում, բոլորովին այլ՝ քսան գործի դեպքում: Դատական ակտերի վրա  շատ լուրջ է ազդում ծանրաբեռնվածությունը:

Նոր Սահմանադրությունը ի՞նչ փոփոխություններ է ենթադրում վարչական դատարանների համար:

-Ամենակարևոր բանը, որ արտացոլվեց Սահմանադրության փոփոխություններում, այն էր, որ վարչարարության սկզբունքները դարձան սահմանադրական նորմեր՝ օրինականության սկզբունքը, համաչափության սկզբունքը և այլն: Դատարանակազմական առումով առաջին անգամ Սահմանդրությամբ ամրագրվեց, որ գործում է վարչական դատարանը և  օրենքով  կարող են ստեղծվել այլ մասնագիտացված դատարաններ: Առաջին անգամ Սահմանադրության մեջ ամրագրվեց վերաքննիչ դատարանների սահմանադրական առաքելությունը:

Բնականաբար, ամենակարևորն այն էր, որ պետք է ստեղծվի Բարձրագույն դատական խորհուրդը, որն ավելի լայն իրավասություններ ունի դատական համակարգում: Դրա կազմավորման ձևն ու կարգը նախատեսվեց Սահմանադրությամբ: Նաև Դատական օրենսգրքին տրվեց սահմանդրական օրենքի կարգավիճակ:

-Հայաստանյան դատարանների շենքները վերջին տարիներին մեծապես բարեկարգվել են, նոր շենքեր են կառուցվել:

-Սա ինձ համար ամենացավոտ թեման է: Վարչական վերաքննիչ դատարանը վերջին ստեղծված դատարանն էր, որը պետք էր ինչ-որ տեղ տեղավորվեր: Երբ ստեղծվեց այս դատարանը, պետք է 2010-ի դեկտեմբերի 1-ից սկսեինք աշխատել, և դատական համակարգում միակ շենքը (գտնվում է Թբիլիսյան խճուղի 3/9), որը կարող էր տեղավորել դատարանը, սա էր:

Խնդիրներ են լինում առաջին հերթին հեռավորության հետ կապված: Մարդիկ լսում են վերաքննիչ դատարան, գիտեն, որ վերաքննիչ մյուս դատարանները այնտեղ են (Գարեգին Նժդեհի 23): Հատկապես սկզբնական շրջանում շատ էին խառնում, բողոքները հանձնում էին այնտեղ: Մյուս կողմից դահլիճները փոքր են, երբեմն քաղաքացիները չեն կարողանում մասնակցել նիստերին: Կան նաև այլ խնդիրներ, թեև աշխատանքներ շատ են կատարվել այս տարիների ընթացքում:

Ներկայումս զարգացման ո՞ր փուլում է վարչական արդարադատությունը և ի՞նչ միտումներ կան:  

-Ես մտածում եմ՝ սկզբնական փուլն ավարտվե՞լ է, թե՝ ոչ: Մի պահ մատածում եմ, որ ավարտվել է, անցել ենք հաջորդ փուլ: Սակայն հետո մտածում եմ, որ դեռ սկզբնական փուլի վերջում ենք:

-Ի՞նչ է պակասում հաջորդ փուլ անցնելու համար:

-Երևի ժամանակ: Պակասում է այն, որ դեռևս մինչև վերջ հասարակությունը վարչական մարմինները մինչև վերջ չեն ընկալել վարչական դատարանի առաքելությունը: Մեզնից կախված մենք անում ենք ամեն ինչ, դա արդեն մեզնից չէ կախված:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Լուսանկաները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացումը՝ Կարեն Զադոյանի

Կարդացեք նաև՝
Արդարադատությունը պետք է բոլորի համար կանխատեսելի լինի. Դավիթ Բալայան
Ինչո՞ւ է «Կենտրոն» դատարանը լավագույնը. հարցազրույց դատարանի նախագահի հետ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել