Դատական ակտ ընդունելիս դատավորը համոզված է, որ ինքն օբյեկտիվ է

Օրենքը հումանիզմի սկզբունք ունի և այն պետք է կիրառվի. դատավոր Մեսրոպ Մակյանի խոսքով, դատական ակտ կայացնելիս երբեք մարդասիրության սկզբունքը չի կարող հակասել օրենքի կիրառմանը:

«Հայաստանի դատավորները» շարքի շրջանակներում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ներկայացնում է դատավորի գերծանրաբեռնված աշխատանքի, դատաիրավական ոլորտի խնդիրների մասին:

Պարոն Մակյան, ինչպե՞ս, ի՞նչ հոգսերով, մտքերով է սկսվում դատավորի օրը:

-Բնականաբար, երբ արթնանում ես՝ առաջին հերթին ընտանիք, երեխաներ, դպրոցական  աղջիկ ունեմ, երբեմն ես եմ տանում դպրոց, երբեմն՝ կինս: Աշխատանքային առօրյայի հիմնական մասը պլանավորված է նախապես.  դատական նիստերը նշանակվում են օրեր առաջ,  և, քանի որ դրանք կազմում են իմ աշխատանքային օրվա գերակշիռ մասը, տվյալ օրվա  պլանավորման համար մնում են այդ նիստերի պատշաճ կազմակերպման  գործընթացները:

Աշխատանքային առօրյան բավականին ծանրաբեռնված է լինում և դրա մի զգալի մասն այն պատճառով, որ դատավարության որոշ մասնակիցների (օրինակ՝ վկաներ, տուժող և այլն), դատարանում ներկայության ապահովման պարտավորությունը դրված է դատարանի վրա: Դա, իհարկե, խորհրդային տարիներից  մնացած ավանդույթ է: Դատավորների մի խումբ ունենք, և ես այդ խմբին եմ պատկանում, ովքեր կարծում են, որ եթե դատավարությունը մրցակցային սկզբունքով է իրականացվում, ապա  ապացույցները պետք է ապահովեն կողմերը. մեղադրանքի կողմը պետք է ապահովի իր ապացույցները, պաշտպանականն՝ իր: Դատարանը պետք է զերծ մնա դրանից:  Առօրյայի մոտ 50 տոկոսը զբաղեցնում է աշխատակիցներին հանձնարարությունները՝ վկաների, տուժողների ներկայությունն ապահովելու վերաբերյալ, որպեսզի դատավարության բնական գործընթացը շարունակվի և պատշաճ ժամկետում քննվի գործը:

Օրինակ, ԱՄՆ-ում դատավորը պասիվ արբիտր է, չի խառնվում մեղադրանքի կամ պաշտպանության ապացույցների ապահովմանը, միայն փորձում է հասկանալ մեղադրանքի հիմնավորվածությունը: Մեզ մոտ քրեական դատավարությունը կիսամրցակցային է, դատավորը չունի պասիվ դեր: Քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորը կաշկանդված չէ կողմերի կարծիքով, կարող է միջոցներ ձեռնարկել՝ գործով ճշմարտությունը բացահայտելու  ուղղությամբ: Եվ հենց այստեղից էլ առաջ է գալիս մեր պարտավորությունը՝ գործով մասնակից կողմերի ներկայությունը դատարանում ապահովելու վերաբերյալ, ինչը, պետք է ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվի: Սա կարող է, ինչու չէ,  պաշտպանության կողմի մոտ տպավորություն թողնել, թե դատարանն «ընկած  մեղադրանքի ապացույցներ է հավաքում», մինչդեռ դա դատարանի պարտավորությունն է:

Վարչապետն էլ կառավարության վերջին նիստերից մեկի  ժամանակ հանձնարարական տվեց  դատարանների ծանրաբեռնվածության խնդրի լուծման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել:  Ըստ Ձեզ, լուծումը ո՞րն է:

-Եթե նկատի ունենք քաղաքացիական արդարատության ոլորտը, ապա այս դեպքում ավելի հեշտ լուծում կարող է լինել, քանի որ քաղաքացիաիրավական վեճերի լուծման արտադատական ճանապարհներ կան՝ հաշտարարի ինստիտուտ, ընտանեկան դատարաններ կարող են ստեղծվել, կարող է սահմանվել, որ մինչև 500 հազար դրամի վերաբերյալ վեճերը դատարանում չքննվեն և այլն:

 Քրեական  արդարադատության ոլորտում դա ավելի բարդ է, իմ կարծիքով: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, օրինակ, «համաձայնեցված վարույթի» նորամուծությունն է  արվել:  Այս դեպքում, եթե մեղադրյալն ընդունում է մեղքը և որոշակի մերկացնող տվյալներ է հայտնում իր հանցակիցների վերաբերյալ՝ հանցագործության բացահայտման վերաբերյալ, ապա  մեղադրողը  պաշտպանի հետ միասին պայմանավորվածություն են ձեռք բերում (փաստաթղթի տեսքով), որ մեղադրյալի կողմից որոշակի տեղեկություններ հայտնելու և համագործակցելու դեպքում նրա հանդեպ պատիժ կպահանջեն տուգանքի ձևով:

Գործն ուղարկվում է դատարան, եթե չեն խախտվել դատավարական դրույթներ, չկան առարկություններ, դատարանն ուղղակի  հաստատում է այդ համաձայնեցված վարույթը: Սա էլ է նպաստում, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանա:

Պարբերաբար Հայաստանի դեմ ԵԴ-ն վճիռներ է կայացնում ՝ ապօրինի կալանավորելու, մարդու ազատության իրավունքը ոտնահարելու գործերով: Նույնիսկ փաստաբանները բավականին կոշտ հայտարարում են, որ դատավորները կալանքի գործերի դեպքում պարզապես «կնքում» են քննիչների կողմից ներկայացված փաստաթղթերը: Համաձա՞յն եք:  

-Երկու տեսանկյունից պատասխանեմ. սուբյեկտիվ տեսանկյունից համաձայն չեմ, որովհետև այդ որոշում կայացնողներից մեկն էլ ես եմ և բոլոր դատավորների անունից կարող եմ ասել, որ առաջին հերթին դատավորի կողմից քննարկվում է անձին չկալանավորելու հարցը: Իսկ օբյեկտիվ տեսանկյունից ունենք օրենսդրական խնդիրներ: Պատահական չէ, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, ի տարբերություն գործողի, խափանման միջոցների բազմաթիվ լուծումներ ունի: Դատավորներին էլ կարելի է  ճիշտ հասկանալ. կա դեպք, երբ ունես կասկածյալ, որի դեպքում կա երկու ընտրանք՝ կամ կալանքի տակ առնել կամ ազատ արձակել և տվյալ դեպքում այդ երկուսի միջև չկա օպտիմալ տարբերակը: Մեր գործող օրենսգիրքը սահմանափակ հնարավորություններ է տալիս:

Այսօր որոշակիորեն ավելացել են արդարացման  դատական ակտերը: Ըստ Ձեզ, սա ինչո՞վ է բացատրվում: 

-Որքան էլ փորձում են ցեխ նետել,  կամ ներկայացնել, թե դատարանները գործադիրի և այլ իշխանության ճնշումների տակ են,սա ևս վառ ապացույց է, որ  իրականում այդպիսի բան չկա:  Մենք ունենք ավագ ընկերներ, ովքեր արդարադատություն են իրականացրել խորհրդային տարիներին: Նրանց խոսքով, արդարացման դատավճիռը եզակի երևույթ էր՝ արդարացման 1 կամ 2 դատական ակտ՝ աշխատանքային գործունեության  ամբողջ  ժամանակաշրջանի համար: Նման դատական ակտեր կարող էին և չլինել:

Այժմ այլ է. իրականում դատավորները որևէ մարմնից կախյալ չեն, դատավորները դատական ակտերը կայացնում են բավարար ապացույցների ամբողջությունից բխող ներքին համոզմունքներով:

Միևնույն ժամանակ ասեմ, որ  իմ կարծիքով արդարացման դատական ակտերի թիվը աստիճանաբար կնվազի,  քանի որ նախաքննական մարմինները, դատախազությունը  շատ գործեր, որոնք թույլ են ապացուցված, չեն ուղարկի դատարաններ: Նրանց կողմից վերլուծություններ են կատարվում:

մերիկյան վավերագրական ֆիլմերում հանդիպել եմ դրվագների, երբ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացնում, դատավորի կողմից  դա խորապես ծանր է ընկալվում, նույնիսկ կարող են սաստել միջնորդությունը ներկայացնողներին՝ իրենց  անկողմնակալությունը կասկածի տակ դնելու համար: Ձեր դեպքում  ինչպե՞ս  է լինում:

-Բավականին նորմալ,  երբևէ հիվանդագին չեմ տարել՝ անկախ նրանից, թե  ինչ հիմնավորում է եղել կամ հիմնավոր, թե անհիմն է եղել: Ի վերջո, փաստաբանը, դատախազը դատավորի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի:

Չեմ վարանի ասել և, փաստաբաններն էլ ինձ հետ կհամաձայնեն, որ լինում են դեպքեր, երբ, օրինակ, պաշտպանական տակտիկան չի արդարանում,  փորձում են ինքնաբացարկների միջոցով դատավորի «հարցը լուծել», թե արդար դատաքննություն չեք իրականացնում:

Իմ աշխատանքային  պրակտիկայում եղել է դեպք, երբ հնչեղ գործով ես եմ ինքնաբացարկ հայտնել: Երբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեցի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Վազգեն Խաչիկյանի գործն ինձ  մակագրվեց: Առաջին դատական նիստին ես  դատավարության կողմերի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ Վազգեն Խաչիկյանն իմ կուրեցին է, մենք հինգ տարի սովորել ենք միասին, մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,  ավարտելուց  հետո շփումները շարունակվել են  և, օբյեկտիվություն պահպանելը բարդ կլինի:  Դատախազի կողմից  ինքնաբացարկի միջնորդություն եղավ, և ես այն  ընդունեցի:

-Երբ արդարադատության ակադեմիան ստեղծվում էր և խոսակցություններ կային փաստաբանական դպրոցն ու ակադեմիան միավորելու մասին, բավականին սուր քննարկումներ էին լինում, որ միևնույն տեղում սովորելով նրանք ընկերանում են և հետագայում կարող են շահերի բախման խնդիրներ առաջանալ: Ինչպես եք վերաբերում այն հարցին, որ, փաստաբանն ու դատավորը, դատախազը, օրինակ, մինչև ժամը 18-ը լինեն գործընկերներ, իսկ դրանից հետո ընկերական հարաբերություններ ունենան:

-Եթե շատ մտերիմ հարաբերություններ ես ունենում, կարծում եմ այդ դեպքում պետք է ինքնաբացարկ լինի, քանի որ դա կարող է կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ մենք դատախազների, փաստաբանների հետ միասին սեմինարների, ամենատարբեր քննարկումների ենք մասնակցում և դրանք չեն կարող խանգարել  գործառույթների օբյեկտիվ իրականացմանը: Համենայն դեպս, ինձ չեն խանագրում:

Ինչպես ռուսներն են ասում՝ Дружба дружбой, а служба службой (Ընկերությունն՝ ընկերություն, գործը՝ գործ):

Գործունեության ընթացքում ի՞նչ դիլեմաների առջև է կանգնում դատավորը: Եղե՞լ են դեպքեր, երբ ընտրության առջև եք կանգնել՝ շարժվել օրենքով, թե՝ հումանիզմով:

-Դե գիտեք, օրենքը ներառում է հումանիզմի սկզբունքը: Քրեական օրենսգրքում կա մարդասիրության սկզբունքը և պետք է կիրառվի: Այսինքն, մեկը մյուսին չի հակասում:

Իսկ պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ օրենքն այլ բան է նախատեսել, բայց խղճացել եք, որպես մարդ ցանկացել եք այլ կերպ վարվել:

-Չէ: … Ես գործ եմ ունեցել, երբ 16-17 տարեկան անչափահասները ավազակային հարձակում էին կատարել՝ նրանից մեկի հոր համար դեղորայք գնելու համար: Մտել էին դեղատուն, ինչ-որ առարկայով հարվածել էին աշխատակցին, սակայն այդ աշխատակիցը երկուսին էլ ծեծել էր, հայրական մի երկու ապտակ տվել… Հանցագործություն է,  բայց  շարժառիթը նայում ես… Դատաքննության ժամանակ էլ այդ երեխայի հայրը մահացավ, ծանր հիվանդ էր: Եթե սխալ չեմ հիշում՝  երկուսի նկատմամբ էլ պայմանականորեն  պատիժը չկիրառեցի, փորձաշրջան նշանակեցի: Դա բացառիկ դեպք էր ավազակային հարձակման դեպքում: Ու այդ փորձաշրջանը ծառայել է նպատակին, նրանցից որևէ մեկը նոր հանցագործություն չի կատարել: Պատիժը չպիտի վերածվի դաժանության տարրի,  պատիժն ունի օրենսդրական նպատակներ և պետք է ծառայի այդ օրենսդրական նպատակներին:

-Պարոն Մակյան, վերջին ամիսներին մի քանի դատավորի վերաբերյալ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքի առթիվ  գործեր հարուցվեցին: Ի՞նչ կասեք դատաիրավական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի, դրանց դեմ պայքարի մասին:  

-Կոռուպցիոն երևույթներ ամեն տեղ էլ կան: Այսօր ԱՄՆ-ից շատ խոսեցինք, այնտեղի մեր  շատ գործընկերներ զրույցների ժամանակ ասում են, որ դատավորների դեպքում կոռուպցիոն ռիսկերը մեծանում են, երբ նրանք մոտենում են թոշակի անցնելու տարիքի: Իհարկե, կոռուպցիան մեծ չարիք է և պետությունը պետք է անհաշտ պայքար մղի դրա դեմ:

Ես չեմ ուզում դատավորների վերաբերյալ քննվող գործերի վերաբերյալ գնահատականներ տալ՝ անմեղության կանխավարկածից ելնելով:

Իմ կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կլինի, եթե դատավորների և ոչ միայն նրանց, այլ բոլոր պետական ծառայողների համար սոցիալական լուրջ երաշխիքներ լինեն: Դա է վկայում նաև հաջողության հասած այլ պետությունների փորձը:

Մենք ընդամենը 25 տարեկան երկիր ենք, զարգացման ճանապարհ ենք անցնում: Օրինակ ենք բերում  200 տարվա պատմություն ունեցող ԱՄՆ-ին, որտեղ սակայն 1940-1950-ականներին կոռուպցիա էր, մաֆիա,  սպանություններ և այլն:

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դատական նիստերի թափանցիկ լուսաբանմանը: Եղե՞լ են դեպքեր, երբ արգելել եք լրագրողին լուսա- կամ տեսանկարահանել նիստը:

-Այդ հարցում ես շատ լոյալ եմ: Նախ՝ հասկանում եմ, որ  մարդիկ կատարում են իրենց աշխատանքը և պետք է չխոչընդոտել այդ աշխատանքին: Բայց այստեղ երբեմն շահերի բախում ենք ունենում. հիմնականում մեղադրյալները  հրաժարվում են լուսանկարահանվել: Նման դեպքերում այնպիսի լուծում ենք գտնում, որ և լրատվությունը չտուժի, և անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը չխախտվի:

Ես տեսանկարահանմանն ավելի կողմ եմ, քան լուսանկարահանմանը. տեսախցիկը թող դնեն և որքան ուզում են նկարեն, իսկ լուսանկարիչի անընդհատ շարժվելը, ապարատի լուսարձակը, դրա ձայնը խանգարում են: Իսկ եթե մի տասը լրագրող էլ նոթբուքներով չխկչկացնում են…  Բայց լոյալ եմ վերաբերվում:

-Այս հարցը, սակայն, օրենսդրական կարգավորում չունի:

-Ըստ էության դատական նիստի կարգուկանոն հաստատողը դատավորն է, եթե նախագահողը գտնում է, որ բնականոն նիստը չի խոչընդոտում լրագրողը, պիտի չարգելի:

-Իսկ երբ ամբաստանյալն աղաչում է, որ նկարեն, իսկ դատավորն արգելում է…

-Դե արգելելը պիտի հիմնավորված լինի: Օրենսդրական կարգավորումները միգուցե հստակություն կմտցնեն այս առումով:

-Պարոն Մակյան ասացիք, որ դպրոցահասակ աղջիկ ունեք: Երբևէ գուխ գովու՞մ է, որ հայրը դատավոր է:

-Չէ, չեմ կարծում, բնավորությամբ գլուխգովան չէ: Հիմա 10-րդ դասարանում է սովորում, 15 տարեկան է: Տղաս  21 տարեկան է,  ծառայությունից վերադարձել է, հիմա իրավաբանական ֆակուլտետում է սովորում, արդեն երրորդ կուրսում:

-Ի՞նչ սկզբունքներով եք դաստիարակում երեխաներին:

-Երեխաների դաստիարակությամբ միայն ես չեմ զբաղվում, կինս ավելի երկար ժամանակ է հատկացնում, չնայած նա էլ է պետական համակարգում աշխատում, բավականին ծանրաբեռնված,  բայց, ամեն դեպքում, իմ ծանրաբեռնվածությունն ավելի շատ է:

Առաջին հերթին արդարամտությունն է և հենց ինքդ քո հանդեպ: Եթե մարդն ինքն իր նկատմամբ արդար չլինի, դիմացինի նկատմամբ հաստատ չի լինի:

 Բնականաբար, կարևոր է հայրենասիրությունը, հայրենիքին օգտակար լինելը:

Ծնողասիրությունն էլ՝ մեր օրինակով: Երբ երեք սերունդ է մի տան մեջ ապրում, երեխան տեսնում է քո և քո ծնողի հարաբերությունը և ընդօրինակում է:

Պարոն Մակյան, մեր զրույցի վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

-Կուզեմ, որ փոխվի հասարակության վերաբերմունքը դատական համակարգի հանդեպ: Այս հարցազրույցը կարդացողները երևի կասեն, թե դա պետք է հենց մեզնից սկսվի: Սակայն «թունավորողներն» էլ են շատ: Դատարանի հետ երբեևէ որևէ առնչություն չունեցողները կարող են խոսել դատավորների «վատ աշխատանքի», «կոռումպացված լինելու», «պատվեր կատարելու»  մասին: Դատավորը մշտապես  համոզված է, որ ինքն օբյեկտիվ է, միգուցե նա սխալ դատական ակտ կայացնի վերաքննիչ դատարանի տեսանկյունից, վճռաբեկ ատյանի կամ դատավարության կողմի տեսանկյունից, սակայն  նա վստահ է, որ օբյեկտիվ է գործել:  Այդ համոզունքն է կարևոր: Կուզեի, որ մեր հասարակությունը հասկանա ու օգնի, որ այս ոլորտը զարգանա, կայանա, իսկ ԶԼՄ-ներին կոչ եմ անում, որ դատարանի հասցեին ասվելիքը լինի հիմնավոր:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել