Մեր թղթակիցներին խորհուրդ է տրվում զգույշ լինել փողոցում, քանզի հնարավոր է ավտովթարի ենթարկվեն․ Նատալիա Վիանա

Համագործակցելով «Վիքիլիքսի» հետ՝ 2010-2011 թվականներին, Նատալիա Վիանան Բրազիլիայում համահիմնադրեց առաջին հետաքննական լրագրության գործակալությունը: Չնայած ընդամենը վեց տարի էր անցել հիմնադրման օրից,  Agência Pública-ն (Հանրային գործակալությունը), դարձավ անծայրածիր Բրազիլայի երրորդ, ամենաշատ պարգևատրումները ստացած լրատվամիջոցը՝ համագործակցելով այնպիսի միջազգային խոշոր լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են BBC-ն, The Guardian-ը  կամ Sunday Times-ը:

Ավելի քան տասնութ տարի լրագրությանը նվիրած Նատալիա Վիանան արժանացել է այնպիսի մրցանակների, ինչպիսիք են  Վլադիմիր Հերցոգի անվան Մարդու իրավունքների (2005 և 2016 թվականներին)  և Գաբրիել Գարսիա Մարկեսի անվան մրցանակները (2015 թվականին)։

Իրավաբան.net կայքին տված հարցազրույցում նա պատմում է մեզ  Բրազիլիայում իր անձնական փորձի և հետաքննական լրագրության ներկայիս վիճակի մասին:

Ինչպիսի՞ն էր լրագրողական աշխարհի հետ Ձեր առաջին հանդիպումն ու ի՞նչ շահեր էիք հետապնդում:

-Ավելի քան տասը տարի առաջ Caros amigos («Թանկ Ընկերներ») կոչվող ամսագրից եմ սկսել: Այնտեղ լրագրություն և մարդու իրավունքների մասին զեկույց գրել սովորեցի  և այսօր հիմնականում հենց դրա վրա եմ կենտրոնացած: Իմ ողջ փորձառության ընթացքում այնտեղ սովորեցի լրագրող լինել. ուսումնասիրել ու գրել երկարատև զեկույցներ մարդու իրավունքների ոտնահարումների մասին, որոնք առ այսօր էլ սովորական բնույթ են կրում Բրազիլիայում:

Իսկ ինչպիսի՞ն է ժամանակակից հետաքննող լրագրողի կյանքը Բրազիլիայում:

-Բրազիլիայում այդ առումով սցենարները տարբեր են: Ներկայումս հենց թեկուզ հիմնական քաղաքներում՝ Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում հետաքննող լրագրող  լինելն ավելի ապահով է, քան գյուղերում ապրելը: Այնտեղ քաղաքական գործիչներին փոքրիկ խմբերն են իշխում:  Կան ընտանիքներ, որոնք սովորաբար սերնդեսերունդ վերահսկում են քաղաքական գործիչներին, և նրանց քննադատելը կամ հետաքննելը բավականին վտանգավոր է: Իսկ ահա գլխավոր քաղաքներում՝ մասնավորապես Ռիոյում, Սան Պաուլոյում կամ Բրազիլիայում, որտեղ հիմնական թերթերն օժանդակում են իրենց թղթակիցներին, իրավիճակը  շատ ավելի անվտանգ է: Փաստացի Բրազիլիայի հետաքննող լրագրողներից շատերը հենց այդ գլխավոր քաղաքներում են ապրում:

Իսկ ի՞նչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվում Բրազիլիայի հետաքննող լրագրողների համար:

-Agência Pública-ում հիմնականում քիչ հետաքննություններ ենք անցկացնում. մեր թղթակիցներին գործուղվում են և լուսաբանում են բազմաթիվ թեմաներ, օրինակ, Ամազոնի հակամարտությունների կամ Ռիոյի, Սան Պաուլոյի բռնություններին վերաբերյալ։

Մենք անվտանգության որոշ մեխանիզմներ ունենք, սերտորեն համագործակցում ենք խմբագիրների հետ․ խմբագիրները պետք է միշտ կապի մեջ լինեն մեզ հետ և մենք էլ մեր հերթին՝ տեղացիների հետ, որոնք շարունակաբար տեղեկություն  կտան մեզ իրենց գտնվելու վայրի վերաբերյալ։

Երբեք չենք ձևացնում, թե լրագրողներ չենք. ուր էլ գնում ենք, մեզ հետ վերցնում ենք մեզ նույնականացնող փաստաթուղթը:

Անշուշտ, եթե զգում ենք, որ  իրավիճակը լարված ու թեժ է, մեր թղթակիցներն անմիջապես լքում են տեղանքը:

Անվտանգության  միջոցների ապահովությունը կազմակերպությունից էլ է կախված: Օրինակ, O Globo-ն շատ խիստ անվտանգության միջոցներ է ձեռնարկում՝ հատկապես Բրազիլիայի ֆաբելաներից մեկում իր թղթակիցներից մեկի սպանությունից հետո: (Ֆաբելան Բրազիլիային հատուկ բնակավայրեր են, որտեղ ապրում են ցածր եկամուտ ունեցող, աղքատ մարդիկ,- խմբ․)։

Բրազիլիայում հետաքննության ընթացքում լրագրողների մահացության դեպքերը սովորական են դարձել, այնպես չէ՞:

– Ո՛չ, իմ նշած դեպքը եզակի էր Բրազիլիայում: Նրան սպանված էին գտել այն ֆաբելայում, որտեղ նա հետաքննություն էր կատարում թմրանյութների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Նրան առևանգել էին ու դաժանորեն սպանել. նույնիսկ խոշտանգել էին: Այս դեպքը  մեծ ցնցում առաջացրեց Բրազիլիայում: Դեպքից հետո O Globo-ը փորձեց էլ ավելի խստացնել անվտանգության միջոցները: Դրա հետևանքով ֆաբելաների վերաբերյալ զեկույցների թիվը կտրուկ նվազեց ու մի շարք կարևոր իրադարձություններ այլևս չեն լուսաբանվում:

Մենք այն կարծիքին ենք, որ  թղթակիցները պետք է տեղում աշխատեն, ռեպորտաժ պատրաստեն, բայց  մենք էլ պարտավոր ենք պատշաճ ապահովել նրանց անվտանգությունը։

Իսկ Ձեր կարծիքով, ինչպե՞ս են լուսաբանվում Բրազիլիայում կոռուպցիոն դեպքերը։

-Բրազիլիայում հետաքննող լրագրողները հիմնականում գրում են դաշնային կառավարությանը վերաբերող թեմաների մասին։ Նահանգային իշխանությունների գործունեություն ավելի քիչ է լուսաբանման առարկա դառնում․ նահանգներում որոշ դեպքերում ազդեցիկ ընտանիքները ճնշում են գործադրում խմբագրությունների սեփականատերերի վրա: Օրինակ, խմբագիրը երբեք թույլ չի տա հոդված պատրաստել   կամ թեկուզ լրագրողն ինքը երբեք ինքնագլուխ չի գրի մարդու կամ երևութի մասին, քանզի գիտի, որ չի կարող դա անել։ Սակայն նման դեպքերն այդքան էլ տարածված չեն, հատկապես եթե կոռուպցիայի վերաբերյալ ռեպորտաժ ես պատրաստում դաշնային կառավարության գործունեության մասին։ Եվ այսպես հիմնականում աշխատում են խոշոր լրատվամիջոցները։

Օրինակ, Դիլմայի  (Դիլմա Ռուսեֆ,- խմբ․) նախագահության մի շարք  նյութեր էին հրապարկվում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ, նույնը կարող ենք ասել նաև Թեմերի (Միշել Թեմեր,- խմբ․) նախագահության ժամանակահատվածի մասին։  Կոռուպցիոն սկանդալները ծագում էին մամուլից կամ ստեղծվում էին նախարարների կողմից, ովքեր հետաքննությունն էին անցկացնում և լրատվամիջոցներին տեղեկությունների հայտնում։ Այս մասով գրաքննություն չկա։

Իսկ արդյո՞ք Agência Pública-ն հայտնվել է այդ տեղի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների թիրախում։

-Ո՛չ, թեև  զգուշացնելու ու վախեցնելու դեպքեր ունեցել ենք: Մեր թղթակիցներին խորհուրդ է տրվում զգուշ լինել փողոցում, քանզի հնարավոր է ավտովթարի ենթարկվեն: Այնուամենայնիվ, մեր առաջին արձագանքն այդ ամենին հետևյալն է՝ երբ թղթակիցը վտանգ է զգում, ապա հեռացնում ենք նրան ասպարեզից ու փորձում ձևացնել, թե տվյալ թեման այլևս չի հետաքրքրում մեզ, որովհետև մեզ վախեցնում են.  այս կերպ պետք է ցույց տալ, թե վախեցած ենք ու դադարեցնում ենք մեր աշխատանքները, և որ նրանք հասան իրենց նպատակին: Մինչդեռ երբեք չենք դադարեցնում մեր աշխատանքը:

Տվյալների լրագրությանը դիմու՞մ եք  Ձեր հետաքննությունների ժամանակ:

– Այո, երբեմն, բայց մենք փորձառու չենք այդ հարցում: Ավելին, փորձում ենք   Agência Pública-ի աշխատակիցների այդ հմտությունները զարգացնել ու ավելի շատ նյութեր պատրաստել՝ տվյալներից օգտվելով: Թեև միշտ էլ օգտվում ենք տվյալներից՝ փաստաթղթերից, հարցազրույցներից,  այլ փաստերից ու սակավաթիվ պատմություններից, որոնք այդ տվյալներից են ստեղծվել:  Ներկայումս փորձում ենք աշխատանքի վերցնել տվյալների լրագրությամբ զբաղվող լրագրողների։  Մենք հասկանում ենք այդ ոլորտի կարևորությունը։ Եվ հետո՝ մեծածավալ տվյալներ կան։ Իսկ պատմությունները, որ կարող են ստեղծվել դրանց հիման վրա, ամենևին էլ նման չեն այն սովորական պատմություններին, որոնք կարող ես փողոցում լսել։

Վերջերս լրագրողներից մեկի հոդվածն էի խմբագրում, որտեղ նա ներկայացնում է Սան Պաոլոյում ֆաբելայի հողի արժեքը և այդտեղ բռնկված հրդեհների օրինակները։  Նա նկատել է, որ բարձր արժեք ունեցող հողատարածքներում  չորս անգամ ավելի շատ են հրդեհներ բռնկվում, քան ֆաբելաներում: Սա այն պատմություններից  է, որտեղ տվյալները շատ են օգնում  օրինակներն ուսումնասիրելու ու առեղծվածի լուծումը մատնանշելու հարցում: Տվյալները ցույց են տալիս, որ կա որոշակի  կապ այդ երևույթների միջև, սակայն հստակ չի նշում, որ պատճառը հենց դա է։ Այսպիսով, դա ճանապարհ  է հարթում հետագա ուսումնասիրությունների և գուցե նաև լուծում գտնելու համար:

Բերեմ ևս մեկ օրինակ: Տվյալների համեմատության և վերլուծության արդյունքում պարզել ենք, որ Ամազոնի բնիկների տարածքում  հարյուրավոր կալվածքներ կային, որոնք պատկանում են պետությանը: Սա օրենքի խախտում է: Կարողացանք բացահայտել այդ ամենը, որովհետև բազային հարուստ տվյալներից օգտվեցինք:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տեղեկությունների համաձայն՝ Բրազիլիայի սահմանադրությունը ամրագրում է տեղաբնիկների  իրենց բնօրրանում իրենց ավանդույթներով ապրելու իրավունքը:  Նաև սահմանվում է, որ կառավարությունը պատասխանատու է  տեղաբնիկների հողերի սահմանազատման համար, նրանց համար երկլեզու կրթության և առողջ ապրելակերպի պայմաններ ապահովելու համար՝ համապատասխան նրանց կարիքների և հավատամքի:

Սակայն իրականում պատկերն այլ է: Բավականին մեծ տարբերություն կա օրենսդրության և իրականության միջև: Թեև տեղաբնիկների ամենակարևոր հողատարածքները սահմանազատված են, սակայն կառավարությունը կրթության և առողջապահության կարիքների համար գումար չի  հատկացնում: Եվ սրա հետևանքով տեղաբնիկների շրջանում, օրինակ Յանոմամի ցեղախմբում, երեխաների մահացության ցուցանիշը բավականին բարձր է:

Տեղաբնիկ խմբերը շարունակ հանդիպում են հալածանքների: Աղքատ միգրանտները, ովքեր հեռանում են գերբնակեցված տարածքներից, որպեսզի հողագործությամբ սկսեն զբաղվել կամ ոսկի որոնել, կարող են խախտել տարածքների սահմանը կամ էլ նույն ռեսուրսները հայթհայթելու համար մրցակցության մեջ մտել: Անդրամազոնյան մայրուղու կառուցման և զարգացման ծրագրերը նոր խնդիրներ են առաջ բերում տեղաբնիկների համար:
Նշենք, որ այս տարվա հունվարին Հռոմի պապը հանդիպել էր Ամազոնի տեղաբնիկ 400 ցեղի առաջնորդների հետ: Նա ասել էր, որ այնպես, ինչպես ներկայումս են խախտվում տեղաբնիկների իրավունքները, չեն խախտվել երբեք: Կոչ էր արել վերջ տալ տեղաբնիկների տարածքները ներխուժելուն, ոսկու, փայտանյութի, գազի ապօրինի հանքարդյունաբերությանը, ինչի հետևանքով առաջացած արտանետումները թունավորում են նրանց կյանքը:

Ձեր փորձ վրա հիմնվելով՝ կարո՞ղ եք փաստել, որ Բրազիլիայում տվյալների բազաները կամ աղբյուրները մատչելի չեն։

– Իրականում Բրազիլիայում մեծ քանակությամբ տվյալներ են ստեղծվում: Այնուամենայնիվ, տվյալների լրագրությամբ զբաղվող լրագրողները քիչ են, և ավելի քիչ են այն լրագրողները, ովքեր այդ ամենը դիտարկում են մարդու իրավունքների տեսանկյունից։ Դաշնային կառավարությանը վերաբերող կոռուպցիոն դեպքերի բազմաթիվ հետաքննություններ կան և  կան հսկայական տվյալներ դրանց վերաբերյալ, ինչը չենք կարող ասել  մարդու իրավունքների կամ  տեղական իշխանությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Շարունակելով տվյալների վերլուծության թեման՝ ցանկանում եմ հարցնել 2010-2011 թվականներին  «Վիքիլիքսի» հետ աշխատելու, փաստաթղթերի թարգմանության ձեր փորձի մասին։

-Սերտորեն համագործակցել եմ այդ թիմի հետ: Բավականին հետաքրքիր էր, որովհետև նրանք արդեն իսկ եվրոպական թերթերի՝ The Guardian-ի, Le Monde-ի, և այլ հեղինակավոր խմբագրությունների հետ համաձայնություն ունեին: Այդ լրատվամիջոցները պատրաստվում էին իրենց տեսանկյունից  տեղեկություններհրապարակել  Հարավային Ամերիկայի երկրների մասին: Եվ քանի որ հասկանում էին, որ դա չի կարող բավարար լինել, ցանկացան Հարավային Ամերիկայի յուրաքանչյուր երկրի համար տեղեկությունների հրապարակման ռազմավարություն մշակել։ Բրազիլիայի մասով դա արեցի ես։

Նատալիան Ջուլիան Ասանժի հետ Աղբյուրը՝ apublica.org

3000-ից ավել փաստաթղթեր կային մեր մասին: Փայլուն աշխատանք կատարեց, և ես հպարտ եմ դրա համար։  «Վիքիլիսքն» իսկապես մեծ ազդեցություն թողեց լրագրության վրա. ինքներդ կարող եք համոզվել դրանում՝ տեսնելով, որ նույն  Panama Papers -ում և այլ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի դեպքում լրագրողներն, ըստ էության, «Վիքիլիսքի» ստեղծած աշխատանքի մեթոդն են կիրառում:

Իսկ կարո՞ղ եք ասել, որ «Վիքիլիսքը»  Ձեր ամենամեծ հաջողությունն է եղել՝ որպես լրագրող:

-Ես կարծում եմ, որ  Agência Pública -ն չափազանց մեծ  ձեռքբերում է: 2016 թվականին այն Բրազիլիայում երրորդ լրատվամիջոցն  է՝ իր ստացած պարգևատրումներով, իսկ Բրազիլիան շատ մեծ է։  Զիջում ենք O Globo-ին, որը բազմամիլիոն դոլլարանոց խոշոր ընկերություն է: Սա խոսում է այն մասին, որ մենք որակյալ լրագրությամբ ենք զբաղվում։

Անձամբ ես հպարտանում եմ իմ այն հոդվածով, որը Բրազիլիայի հարավի տեղաբնիկների ինքնասպանությունների մասին է։ 2015 թվականին  դրա համար արժանացել եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի մրցանակին։

Եվ վերջում,  Agência Pública –ն ինչպե՞ս է աջակցում Բրազիլիայում հետաքննական լրագրության զարգացմանը։

– Agência Pública -ն Ռիո դե Ժանեյրոյում լրագրողների համար մշակութային կենտրոն է բացել, որը   Casa Pública  (Հանրային տուն) է կոչվում: Այն Լատինական Ամերիկայում նորարական և անկախ լրագրության զարգացման ուղղված համակարգ է։ Հավելեմ, որ մենք ընդունում ենք նաև երիտասարդ լրագրողների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր հետաքրքրված են Բրազիլիայում մարդու իրավունքների խնդիրներով։

Հարցազրույցը՝ Խոսե Նիկոլաս Դոմինգեսի
Թարգմանեց Անի Խաչատրյանը
Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել