1998 թվականից Օլեգ Խոմենոկը ներգրավված է եղել նախկին Խորհրդային Միության երկրներում հետաքննող լրագրողների ցանցի զարգացմանն ուղղված բազմազան ծրագրերում, ինչպիսիք են՝հետաքննական լրագրության հնարքների և ռազմավարությունների շուրջ դասընթացները, լրագրողներին աջակցության տրամադրումը: Աջակցել է հետսովետական մեդիամիջավայրի հետաքննական լրագրության և լրատվամիջոցների ծրագրերին: Ի լրումն, նա հենց սկզբից ուկրաինական մի խումբ թղթակիցների հետ համակարգել է YanukovychLeaks.org ծրագիրը՝ փրկելով և առցանց հրապարակելով հազարավոր ֆինանսական փաստաթղթեր ուկրաինական նախկին նախագահի վերաբերյալ:
Նա կիսվում է Իրավաբան.net-ի հետ իր սեփական փորձով:
-Ի՞նչ կարծիք ունեք սլովակ հետաքննող լրագրող Յան Կուչիակի (Jan Kuciak) և նրա հարսնացուի սպանության մասին:
-Ես կարծում եմ, որ ահավոր է, որ սա կատարվում է Եվրոպայում: Ըստ իս՝ մաֆիան անում է սա, քանի որ հետաքննությունները կանգնեցնելու ուրիշ ճանապարհ չի տեսնում: Մի քանի ամիս առաջ մեկ ուրիշ հետաքննող լրագրող սպանվեց Մալթայում: Ես կարծում եմ, որ եվրոպացի լրագրողները պետք է վերամիավորվեն և ավարտեն հետաքննությունը՝ ցույց տալու համար, որ նրանք կարող են սպանել լրագրողին, բայց երբեք չեն կարող սպանել պատմությունը: Նրանց մտադրությունն այն է, որ հետ պահեն լրագրողներին հետաքննություն շարունակելուց. մենք չպետք է թույլ տանք, որ սա տեղի ունենա:
-Չնայած ֆիզիկական սպառնալիքները, որո՞նք են, Ձեր կարծիքով, այն հիմնական մարտահրավերները հետսովետական երկրներում, որոնց հետ լրագրողները բախվում են, երբ հետաքննական լրագրությամբ են զբաղվում:
-Բոլոր լրագրողները պետք է սովորեն ֆիզիկական անվտանգության հիմունքները: Դրանից բացի՝ գոյություն ունի մեկ ուրիշ մարտահրավեր՝ թվային անվտանգությունը: Մեր օրերում անձնական էջերը և հաշիվները կարող են ջարդվել, և տեղեկատվությունը, որը հավաքագրվել է հետազոտության ընթացքում, կարող է գողացվել, կամ էլ կարող է այնպես ստացվել, որ մարդիկ, ովքեր հետաքրքրված չեն բացահայտմամբ, կարող են իմանալ այն, ինչ գիտի լրագրողը, և հենց դա է իրականում բարձրացնում ֆիզիկական անվտանգության ռիսկը: Լրագրողները պետք է գիտելիքներ և հմտություններ ունենան՝ թվային աշխարհում իրենց պաշտպանելու համար:
-Հետևելով սրան՝ ինչպիսի՞ն է հետաքննական լրագրության ներկայիս վիճակը Ուկրաինայում:
-Ուկրաինայում, ինչպես և այլ հետսովետական երկրներում, կա երեք հիմնական մարտահրավեր: Նախևառաջ, ավելի շատ անկախ լրատվամիջոցների կարիք կա: Երկրորդը՝ կա մեկ ուրիշ կարիք՝ ավելի ուժեղ քաղաքացիական հասարակության: Եվ վերջապես՝ անկախ դատական համակարգի կարիք կա: Շատ դեպքերում անպատժելիության աստիճանը շատ բարձր է, և նրանք, ովքեր հանցանք են գործում, չեն պատժվում համապատասխան կատաված արարքին:
Այնուամենայնիվ, ներկայումս կան առավելություններ: Ուկրաինայում մենք ունենք ավելի շատ տվյալներ հիմա, քան նախորդ տասնամյակներnւմ, և հետաքննական լրագրողները ավելի քիչ գլխացավանքի մեջ են ընկնում ու ժամանակ ծախսում պետական տվյալներ խնդրելու վրա: Ավելին, լրագրողական ցանցերի գոյությունը շատ է օգնում հետաքննությունների զարգացման հարցում: Այսպիսին է իրականությունը հետխորհրդային տարածքում, և Ուկրաինան նույն ուղու վրա է:
Մենք մի քանի հետաքննական լրագրության հեռուստատեսային շոու ունենք, որոնք մրցակցում են միմյանց հետ: Մենք նաև ունենք մի քանի գործակալություն, որոնք հետաքննական լրագրությամբ են զբաղվում: Նրանք որոշ չափով կիսում են այն դաշտը, որում աշխատում են: Օրինակ, մի գործակալություն մեծամասամբ աշխատում է պետական գնումների դաշտում, մեկ ուրիշը հետևում է խոշոր կոռուպցիոն գործերին: Մեկ ուրիշ գործակալություն հետևում է առողջապահության և կրթական համակարգերում իշխանության չարաշահման խնդիրներին: Իմ կարծիքով, դա ստեղծում է աշխատանքի մի դաշտ, որտեղ բոլորը կարող են ունենալ իրենց սեփական նշանակությունը:
-Ինչպիսի՞ն է իրավաբանների և հետաքննող լրագրողների միջև համագործակցությունը Ուկրաինայում:
-Ես մեծապես աջակցել եմ այս համագործակցությանը վերջին տասնհինգ տարիների ընթացքում՝ ջատագովելով դա այն ծրագրերում, որոնցում ներգրավված եմ եղել: Իմ կարծիքով, կա մի քանի կարևոր կետ, ինչպես նաև մի քանի ոլորտ, որտեղ իրավաբանները կարող են համագործակցել հետաքննող լրագրողների հետ:
Նախևառաջ, կարևոր է այն, որ իրավաբանները կարող են օգնել լրագրողներին պետական տեղեկատվության հասանելիության հարցում: Իրավաբանները կարող են խորհուրդ տալ լրագրողներին և օգնել նրանց պետական տեղեկատվություն ստանալու հարցումներ լրացնելու հարցում, և նրանք կարող են օգնել այն դեպքում, երբ ստացվել է մերժում պետական տեղեկատվության ստացման հարցում՝ բողոքներ ներկայացնելով դատարաններին ու դատախազներին: Ուկրաինայի դեպքում նաև կա օրենք, ըստ որի, բողոքները կարող են նաև ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանին: Գործը դատարան ուղարկելուց առաջ մարդու իրավունքների պաշտպանը կարող է գրություն ուղարկել կառավարությանը, որը խուսափում է տեղեկատվության բացահայտումից, որպեսզի այն տրամադրվի լրագրողներին: Ուկրաինայում սա արդյունավետորեն է աշխատում, քանի որ իրավաբանները շատ են օգնում ճիշտ փաստաթղթեր պատրաստելու հարցում:
Համագործակցության երկրորդ դաշտը կապված է լրագրողներին պաշտպանելու հետ այն դեպքում, երբ նրանց իրավուքները խախտվում են, այսինքն՝ այն դեպքում, երբ լրագրողների հանդեպ բռնություն է կիրառվում կամ նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտող սպառնալիքներ են ստացվում: Այսպիսի դեպքերում իրավաբանները կարող են միջամտել և ներկայացնել լրագրողներին քրեական դատավարություններում կամ դատարաններում, երբ նրանց իրավունքները խախտվում են:
Երրորդ դաշտը կապված է լրագրողների և լրատվամիջոցների համար իրավական հետևանքների կանխարգելման հետ այն բանից հետո, երբ պատմությունը պատրաստ է հրապարակման: Սա նշանակում է, որ իրավական ստուգումը կամ իրավական նախահրապարակման ստուգումը շատ կարևոր է հետաքննական լրագրության համար:
-Ավելի լավ հասկանալու համար կարո՞ղ եք մեզ օրինակ բերել, որը ցույց կտա, թե ինչքան կարևոր է համագործակցությունն այդ երրորդ դաշտում:
-Նախորդ չորս տարիների ընթացքում ես ղեկավարել եմ Slidstvo.info-ն, որն ամենշաբաթյա հեռուստատեսային շոու է՝ հետաքննական լրագրության նախագիծ: Տարիների ընթացքում այս ծրագիրը տվել է ավելի քան 400 հետաքննություն հեռուստատեսության համար: Իրավական ստուգման ընթացքում յուրաքանչյուր նյութ հեռուստատեսությամբ հեռարձակվելուց առաջ ստուգվում էր լրատվամիջոցների լրագրողների կողմից:
Ծրագրի ամբողջ ընթացքում Slidstvo.info-ն ստացավ միայն ութ դատական բողոք, ինչը ցույց է տալիս, որ նախահրապարակումն իրականում նվազեցնում է ռիսկերը: Ավելին, դեպքերի մեծ մասում, երբ ծրագիրը դատարան էր գնում, լրատվամիջոցների իրավաբանները հաղթում էին դատական գործը, քանի որ նրանք օգնում էին լրագրողներին՝ նրանց պատմությունների յուրաքանչյուր միտքը շատ հստակ դարձելու, ինչպես նաև ապացուցված համապատասխան փաստաթղթերով և մեջբերումներով՝ վերցված պատմությունների համար օգտագործված աղբյուրից:
Սրանք են այն դեպքերը, երբ լրատվամիջոցների իրավաբանները կարող են օգնել լրագրողներին:
Վերջապես, համագործակցության չորրորդ դաշտը իրավական հետևանքների ի հայտ գալու դեպքում լրագրողներին դատարանում ներկայացնելն է: Որոշ մարդիկ, որոնց գործունեությունը բացահայտվել է զեկույցներում, լրագրողներին բերել են դատարան իրենց զեկույցների դեմ զրպարտության դատական գործերով, և այստեղ նույնպես լրատվամիջոցների իրավաբաններն օգնում էին նրանց:
-Հետաքննող լրագրողների համար դասընթաց անցկացնելու Ձեր փորձում ինչպիսի՞ հնարքներ ու ռազմավարություններ եք Դուք սովորեցրել: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հատկանիշներ պետք է հետաքննող լրագրողն ունենա հաջողակ լինելու համար:
-Նրանց պետք են այնպիսի տեխնիկական հմտություններ, ինչպիսիք են տեսախցիկի և այլ սարքավորումների օգտագործումը: Երկրորդը, նրանց անհրաժեշտ է մեծ տվյալների մշակման հմտություններ ունենալ: Մենք շատ տվյալներ ունենք, և բաց տվյալների հետ արդյունավետ աշխատանքը բավականին վճռորոշ հմտություն է, որը բարձր պահանջարկ ունի հետաքննական լրագրության մեջ: Այս առաջին երկու բաներին հեշտ է հասնել կամ ձեռք բերել՝ իմ կարծիքով: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ուկրաինայում և հետխորհրդային այլ երկրներում հետաքննական լրագրության ամենամեծ բացերից մեկը հարցազրույցների վարման հնարքների պակասն է, այսինքն՝ մարդկանց հետ խոսելու հմտությունների և փորձի պակասը:
-Կարո՞ղ եք ավելի մանրամասնել այս վերջին մտքի շուրջ:
-Ուկրաինայում, Ռուսաստանում և Մոլդովայում տիպիկ հետաքննական լրագրության նյութը հետևյալն է: Սկզբում լրագրողները ստուգում են պետական տվյալները, որից հետո նրանք գտնում են անշարժ գույք կամ շքեղ մեքենա, որը պետական պաշտոնյայի կողմից դեռ չի հայտարարագրվել: Այն բանից հետո, երբ նրանք գնան դեպքի վայր՝ նյութեր հավաքելու կամ նկարահանելու վայրը անօդաչու թռչող սարքից: Ավելի ուշ նրանք փորձում են մոտենալ մարդուն, որից հետո մարդը փախչում է: Երբեմն լրագրողներին անգամ «կծում» է անձը, և նրանք հայտնի են դառնում բռնության պատճառով, և վերջ, պատմությունը դրանով էլ ավարտվում է:
Այնուամենայնիվ, ըստ իս, հետաքննական լրագրության ամենակարևոր խնդիրներից մեկը իշխանության չարաշահումից տուժած մարդկանց ցույց տալն ու նրանց մասին պատմելն է: Իմ կարծիքով՝ հենց դա է պակասում հետխորհրդային երկրների հետաքննական լրագրությանը: Ես մտածում եմ, որ դա նրանից է, որ լրագրողները բավականին սովոր են պետական տվյալների ստուգմանը, ավելի շատ անօդաչու թռչող սարքերի կամ այլ տեխնոլոգիաների օգտագործմանը, բայց նրանք նաև պետք է սովորեն, թե ինչպես խոսել մարդկանց հետ, ինչպես գտնել գլխավոր հերոսին, տուժած մարդկանց, ինչպես գտնել զոհերին և խոսել նրանց հետ, ցույց տալ՝ ինչպես է նրանց կողմից հետաքննվող իշխանության չարաշահումն իրականում ազդում հասարակ մարդկանց վրա: Դա նաև կօգներ լսարանին հասկանալ, թե ինչու է հետաքննական լրագրությունը այդքան կարևոր նրանց համար և ինչու նրանք պետք է իրոք դիտեն ռեպորտաժներ, ինչպես նաև այն, թե ինչ կարող է դուրս գալ պատմությունից:
-Վերջին հարցս՝ ո՞րն էր YanukovychLeaks նախագծի համակարգման ամենամեծ մարտահրավերը:
-Ես համակարգում էի YanukovichLeaks-ը չորս տարի առաջ: Փետրվարի 22-ին մենք գտանք մոտ 200 թղթապանակ՝ լի փաստաթղթերով, Ուկրաինայի նախկին նախագահի բնակավայրի լճի մոտ: Կիևի ջրամբարն իրականում հաշվապահական համակարգն էր: Նախկին նախագահը փախավ Ուկրաինայից, բայց նախ նա փորձեց ոչնչացնել այդ փաստաթղթերը: Մենք վախենում էինք, որ նրա հետ փոխկապակցված անձիք կարող էին վերադառնալ մեր հետևից, և մենք նաև վախենում էինք, որ փաստաթղթերը կարող էին բռնագրավվել դատարանի կողմից: Այսպիսով, մեր առաջին իսկ առաջադրանքը այդ փաստաղթերը փրկելն ու հանրայնացնելն էր: Սա պարզ ու գիտակից որոշում էր՝ սկզբից փրկել փաստաթղթերը և այնուհետև չորացնել ու սկանավորել դրանք՝ հետաքննություն անելու համար, քանի որ մենք դեռ ապացույցներ չունեինք: Իրականում մենք անգամ չէինք էլ սկսել հետաքննությունը՝ հիմնված այս փաստաթղթերի վրա, դրանք սկանավորիելու ու հրապարակելուց առաջ: Դա մեծ մարտահրավեր էր: Մեզ հաջողվեց փրկել 25,000 էջ ֆինանսական փաստաթուղթ և դրանք հրապարակել առցանց (https://yanukovychleaks.org):
Հարցազրույցը՝ Խոսե Նիկոլաս Դոմինգեսի
Թարգմանեց Հայկուհի Ալավերդյանը
Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան