Երբեմն հասարակություններն ավելի անժողովրդավար են, քան կառավարությունները. հորդանանցի հետաքննող լրագրող Ռանա Սաբբագ

Հետաքննական լրագրությունը ներկայումս գործում է երբևէ իր ապրած ամենածանր ժամանակահատվածում: Ամբողջ աշխարհում պետական օրենքները սահմանափակում են խոսքի ազատությունը և աշխատում են լրագրողների ու հանրության համար տեղեկատվության մատչելիության դեմ: Շատ լրագրողներ ծախսում են իրենց կյանքը բանտախցի չորս պատերի ներսում: Ավելին, արաբական երկրներում հասարակությունն առանցքային դեր է խաղում, և լրագրողական աշխատանքին դրա աջակցության պակասը այս պատվավոր մասնագիտության գոյատևումը դժվար է դարձնում:

Այսպիսի ժամանակներում Ռանա Սաբբագը հիմնադրել է «Արաբ թղթակիցները՝ հանուն հետաքննական լրագրության» (ARIJ)կազմակերպությունը: Հապավումը նաև արաբական անուն է, որը նշանակում է «ծաղկի գեղեցիկ բույր»: 2005 թվականից սկսած՝ ARIJ-ը վեր է բարձրացել՝ինչպես լուսապսակ մթում՝ դառնալով տարածաշրջանի առաջատար լրատվամիջոցների աջակցության ցանցը, մի փարոս, որը կրթում, ուղղորդում և պաշտպանում է քաջ ու նվիրված արաբ հետաքննող լրագրողներին: Սա է Ռանա Սաբբագի կյանքի նախագիծը և առաքելությունը:  

Ձայնազուրկներին ձայն տալու հարցում խանդավառ և արդարության ու բարեխղճության ուժեղ զգացումով Ռանա Սաբբագը 1999 թվականին դարձավ Լիբանանի պատմության մեջ քաղաքական օրաթերթ ղեկավարող առաջին արաբ կինը: Այսօր Իրավաբան.net-ի հետ զրույցում նա պատմում է մասնագիտական դաշտում իր 35 տարվա փորձի ընթացքում ունեցած մարտահրավերների և նվաճումների մասին:  

1980 թվականին Ռանան ավարտել է Լիբանանյան-ամերիկյան համալսարանի հաղորդակցության բաժինը՝ ընդհանուր մասնագիտացումը ստանալով դրամայում, իսկ երկրորդը՝ լրագրության մեջ:

-Դուք նույնիսկ սպասում էիք կրթաթոշակի, որպեսզի դրամայում մագիստրոսական աստիճան ձեռք բերեք ԱՄՆ-ում: Ի՞նչ պատահեց: Ի՞նչը ստիպեց Ձեզ գալ դեպի լրագրությունը:

-Իմ պապիկը խորհուրդ տվեց, որ չշարունակեմ ուսումս: «Եթե մագիստրոսի աստիճան ստանաս, ոչ ոք չի ցանկանա ամուսնանալ հետդ», – ասաց նա: Պատկերացնու՞մ եք:  

Ռանան սպասում էր կրթաթոշակին (որն երբեք չեկավ), և սկսել էր աշխատել «Jordan Times» թերթում՝ որպես փորձնակ.«Բախտս բերել էր, որ ունեի լավ մենթոր, – ասաց նա՝ նկատի ունենալով թերթի այն ժամանակվա գլխավոր խմբագիր Ջորջ Հավաթմեհին,- Նա թղթերը հետ էր շպրտում դեմքիս՝ տասն անգամ ասելով. «Դու սա աշխատա՞նք ես անվանում: Գնա՛ և շտկի՛ր սա»… Նա ստիպեց ինձ քրտնաջան աշխատել մասնագետ դառնալու համար»:

1999 թվականին Ռանան դարձավ պարբերականի գլխավոր խմբագիրը, որը դարձրեց նրան Լիբանանի պատմության մեջ առաջին արաբ կինը, ով քաղաքական օրաթերթ էր ղեկավարում:

Նա նաև խոսում է տարբեր գործոնների մասին, որոնք հանգեցրել էին լրագրության մեջ իր հաջող կարիերային: Մի կողմից՝  իր ընտանիքի գործարար անցյալը, որը նրան թույլ տվեց զարգացնել ազատ քաղաքական միտք և պարզ ու անկախ մտածողություն: Մյուս կողմից՝ դեռ մանկությունից  միշտ աշխատել էր հավասարության և արդարադատության ուղղությամբ, որպեսզի բոլորը առնվազն իրենց ամենահիմնական իրավունքներն ունենային. «Նույնիսկ դպրոցում ես հակված էի պաշտպանել այլ երեխաների, ովքեր բռնության էին ենթարկվել»:

Վերջապես, նա խոսեց այն օգուտների մասին, որոնք ստացել է գերմանական և արաբական արժեքների միջավայրում մեծանալուց: «Կիսով չափ գերմանացի և կիսով չափ հորդանանցի լինելն ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին եմ այսօր», – նշեց Ռանա Սաբբագը: Արժեքների այս համակցությունը նրան թույլ տվեց գերմանական վճռականությամբ և արաբական ավյունով պայքարել վերջին 35 տարիների ընթացքում: «Ես պերֆեկցիոնիստ եմ, մեծացել եմ այն համոզմամբ, որ ոչինչ չի գալիս հենց այնպես և պետք է շատ աշխատել կյանքում ինչ-որ բանի հասնելու համար, պետք է լինել բարի և օգնել մարդկանց… Ես երբեք չեմ հանձնվում», – նշեց նա:

Երբ Ռանա Սաբբագը սկսում էր 1984 թվականին, միայն չորս կին էր զբաղվում քաղաքական լրագրությամբ: Այսօր դաշտում աշխատող կանանց տոկոսը մեծացել է, սակայն արաբական երկրներում լրագրության մեջ դեռևս գերակշռում են տղամարդիկ:

Սաբբագը մտաբերեց, որ երբ 1987 թվականին նոր էր քաղաքական լրագրող դարձել «Reuters» գործակալությունում, «դա լրագրության լավագույն դպրոցն էր»:

Լրացուցիչ մարտահրավերները, որոնց բախվում են կին հետաքննող լրագրողներն արաբական երկրներում

«Լրագրողները, ընդհանուր առմամբ, արաբական աշխարհում ճնշող քաղաքական ու սոցիալական համակարգի զոհեր են… Այն ընդհանուր հայտարարը, որ միավորում է կանանց տղամարդ լրագրողների հետ, պատժիչ քաղաքական համատեքստն է», – ասաց նա:

Այնուամենայնիվ, ի լրումն դրա, կանայք ամենաբարդ իրավիճակում են, քանի որ նրանք շարունակաբար գործ են ունենում սեռային խտրականության, սեռական ոտնձգությունների և ահաբեկումների հետ: Արաբական երկրների կանանց համար մեծագույն խնդիրն այն է, որ ոչ մի օրենք չի քրեականացնում բռնաբարության փորձերը, քանի որ այսպիսի փորձերը միշտ համարվում են կնոջ մեղքը:  

Ռանա Սաբբագի կարծիքով՝ արաբական երկրներում շատ դժվար է գոյատևել այս մասնագիտությամբ կանանց. «Երբ այս մշակույթում ամուսնանում ես, դու տան մաքրողն ես, խոհարարը, երեխային մեծացնողը, դրան գումարած՝ դու նաև ունես քո աշխատանքը»: Իրականությունն այն է, որ «շատ կանայք վերջում թողնում են աշխատանքը կամ կես դրույքով են աշխատում, քանի որ չեն կարող համատեղել այս երկուսը, իսկ նրանք, ովքեր փորձում են համատեղել, հաճախ ամուսնալուծվում են», – ասաց նա:  

Ռանան նշեց, որ անհնար է մասնագետ լինել, եթե դու պարտավոր ես ասել քո ղեկավարին, որ չես կարող լուսաբանել հանկարծակի տեղի ունեցած ցույցի մասին, քանի որ դու պետք է երեխայիդ խնամես կամ գնաս տուն՝ ամուսնուդ համար սնունդ պատրաստելու համար.  «Դա ուղղակի խելքին մոտիկ չէ»:

«Կարծում եմ,  կանայք աշխատում են տղամարդկանցից տասն անգամ շատ, քանի որ նրանք ոչ միայն իրենք իրենց պետք է ապացուցեն, որ կարող են դա անել, այլև հասարակությանը», – ասաց նա:

Վերջապես, նաև կան շատ կանայք, ովքեր օգտագործում են իրենց արտաքին տեսքը և հմայքը ինչ-որ բանի հասնելու համար: Ռանա Սաբբագը միշտ ARIJ-ի կին լրագրողներին հետևյալն է ասում. «Դուք պետք է տղամարդանցից տասն անգամ շատ աշխատեք, մշտապես զարգացնեք ձեր հմտությունները և, ամենից առավել, հարգեք ինքներդ ձեզ… Դուք չեք կարող սպասել, որ ձեզ արդար ձևով կամ հավասարի պես կվերաբերվեն, եթե դուք դա չասեք ինքներդ ձեզ»: Սա շատ կարևոր է, եթե ապրում ես տղամարդկանց կողմից իշխվող պատրիարխալ հասարակության մեջ, որտեղ կանայք ուղղակի զարդարանքի առարկա են:

Ինչպե՞ս եք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները: Ինչպե՞ս եք ստիպել, որ ուրիշները նայեն Ձեզ որպես մասնագետի, այլ ոչ որպես կնոջ:

«Իմ կարիերայի ճանապարհը երբեք դյուրին չի եղել, ինչպես և այստեղ, և աշխարհի տարբեր մասերի այլ հազարավոր կին լրագրողների համար… Ես գոյատևեցի, քանի որ ինձ մեծացրել է գերմանացի մայր, ով երբեք ինձ իմ եղբայրներից տարբեր չի վերաբերվել, մենք բոլորս հավասար էինք»:  

Նա ասաց, որ այս փաստը տվեց իրեն բավարար վստահություն` որպես կին, ինչպես նաև ինքն իրեն՝ որպես տղամարդկանց հավասարի, հարգելու հարցում: Ինչպես ասվեց, արաբական մշակույթում մայրերն իրենց աղջիկներին սովորեցնում են լինել սուս-փուս, չվիճել և ընդունել այն ամենը, ինչ ասում է տղամարդը` հանուն խաղաղության. «Բախտս բերել էր, որ մայրս այդպիսին չէր»:   

«Ես պիտի ցույցեր լուսաբանեի՝ անկախ իմ սեռից: Ես միշտ փորձում էի ներկայացնել ինձ՝ որպես մասնագետի, ոչ որպես կնոջ: Ես երբեք «ոչ» չէի ասում ղեկավարիս, երբ նա ինձ խնդրում էր դուրս գալ և ցույցեր լուսաբանել, ինչպես Հորդանանում 1988/89 թվականներին կամ 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմը կամ Բեյրութի քաղաքացիական պատերազմը, որտեղ բեկորները անցնում էին ականջներիս մոտով այնքան շատ, որ չեմ կարող հաշվել», – ասաց նա:  

Սա անելու համար Ռանա Սաբբագը միշտ փորձում էր զսպել իր սեռական ինքնությունը՝ հագնելով անձև երկար շորեր կամ լայն տաբատներ ու շապիկներ՝ ստիպելու համար տղամարդկանց, որ հարգեն իրեն՝ որպես մասնագետի:

Ի՞նչ տեսակի սպառնալիքների են հետաքննող լրագրողները բախվում Հորդանանում և արաբական երկրներում

«Հորդանանում լրագրության վիճակը երբեք հրաշալի չի եղել, սակայն հիմա այն անգամ ավելի վատ տեսք ունի տարածքային մակարդակում մեդիայի պատմության մեջ», – նշեց Ռանան: 

Հիմա պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելն ավելի բարդ ու վտանգավոր է դառնում, լրագրողներին ձերբակալում ու սպանում են, իսկ գրաքննությունները ճնշում են անկախ լրատվությունը: Արաբական գարնանից ի վեր տարածաշրջանն այլևս ապահով չէ. «Հատկապես վերջին երեք տարիներն ամենավատ տարիներն են եղել իմ 35 տարվա լրագրողական պրակտիկայում»:  

Հորդանանում, ինչպես և Եվրոպայում, կան նոր հակաահաբեկչական օրենքներ, որոնք սահմանափակում են ազատ խոսքի և արտահայտվելու ազատությունը՝ ահաբեկչության դեմ պայքարելու անվան տակ: Իրականությունը, սակայն, այն է, որ դրանք ընտրողաբար օգտագործվում են լրագրողներին քննելու համար: Օրինակ՝ Ռանա Սաբբագը նշեց, որ ինքը չի կարող այլևս գնալ Եգիպտոս, քանի որ ARIJ-ը BBC Arabic Channel-ի հետ համատեղ հետաքննել է Եգիպտոսում ոստիկանության կադետների՝ իրենց ղեկավարների կողմից պարբերաբար իրավունքների ոտնահարման դեպքերը, որոնք ներկայացվել են  «Մահ ծառայության մեջ» հետաքննական հեռուստահաղորդման մեջ: Դրա հեռարձակումից հետո թե՛ BBC-ն, թե՛ ARIJ-ը քննադատվեցին լայնորեն տարածված hashtag-ով: Լրագրողը, ով արել էր այդ հետաքննությունը, ազատվել էր աշխատանքից գործատուների կողմից, որպեսզի խուսափեին պետության՝ թերթը փակելու սպառնալիքներից:

Հորդանանի նոր հակաահաբեկչական օրենքը սպառնալիք կարող է լինել Ռանայի համար. «Ես կարող էի մեղադրվել ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավվելու և Հորդանանի ու եղբայրական պետության միջև կապերը վտանգի տակ դնելու համար, եթե ես գրեի խմբագրական կարծիք՝ քննադատելով, ենթադրենք, Եգիպտոսի նախագահի՝ մարդու իրավունքների պատմությունը»:

«Մենք ունենք ճնշող և կոռումպացված կառավարություններ և առաջնորդներ, շատ հնաոճ օրենքներ, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը և, դրան գումարած, մենք ունենք հասարակություն, որը չի ընդունում ինքնաքննադատ լինելը»:

Որոշ դեպքերում լրագրողները ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան ուղղակի կառավարությունը: Նրանք նաև խոցելի են՝ մանիպուլյացիայի համար կեղծ լուրերի և կեղծ ազդարարների կողմից, որոնք իրականում մտադիր չեն բարելավել կառավարումը. տնտեսական իրողությունները բարդացնում են լրագրողների կյանքը:

Դուք նշեցիք, որ հասարակությունը Հորդանանում չի աջակցում լրագրողի մասնագիտությանը: Կարո՞ղ եք օրինակ բերել:

«Երբեմն հասարակություններն ավելի անժողովրդավարական են, քան կառավարությունները», – շեշտեց նա՝ հավելելով. «Այսպիսի անապահով հասարակությունում ապրելը Հորդանանում և արաբական երկրներում դարձնում է լրագրողների կյանքը ավելի բարդ»: Լրագրության մասնագիտության հանդեպ աջակցության պակաս կա. սովորաբար լրագրողներին մեղադրում են կայունությունը վտանգի տակ դնելու և երբեմն նույնիսկ իսլամին սպառնալու մեջ: «Երբեմն մեզ կոչում են հակառեժիմական կամ հակաարաբական, երբ մենք հարցեր ենք տալիս և քննադատություն գրում», – ավելացրեց նա:  

Որպես օրինակ՝ Սաբբագը խոսեց ARIJ-ի կողմից կատարված մի հետաքննությունից, որը մտավոր խնդիրներ ունեցող հորդանանցիների մասին է: «Նրանց սեռական ոտնձգությունների և բռնությունների էին ենթարկել, նրանց խնամակալները, ովքեր քողով ծածկված կանայք էին, վնասել ու վատ էին վերաբերվել իրենց: Հենց որ մենք հրապարակեցինք տեղեկատվությունը, մեզ վրա սկսեցին հարձակվել: Մեզ մեղադրում էին երկրի պատկերին վնասելու, ինչպես նաև իսլամի պատկերին վնասել փորձելու մեջ: Մեր փաստարկն այն էր, որ կին լրագրողը, ով արել էր հետաքննությունը, իրականում նույնպես քողով էր ծածկված: Ավելին, իսլամն ասում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնելով՝ դրախտում միավոր ես վաստակում, այսպիսով իրավիճակի բացահայտումը հասարակությանը հետ էր բերում դեպի ճիշտ ճանապարհ»:   

Այնուամենայնիվ, Սաբբագի կարծիքով,  լրագրողների համար մեծագույն սպառնալիք հանդիսանում են հենց իրենք: «Արաբական երկրներում շատ լրագրողներ չեն համապատասխանում մասնագիտական չափանիշներին, ոչ էլ լրագրության էթիկայի կանոններին», – ասաց նա՝ հավելելով. «Հաճախ պաշտոնյաները չեն հավատում, որ իմ լրագրողները մասնագետներ են, և ես ստիպված եմ ուղեկցել նրանց, երբ մենք հետաքննություն ենք անում և կարիք կա՝ մարդկանց դիմակայելու»:

Այսպիսի միջավայրում ինչպե՞ս եք պատկերացնում լրագրության ապագան Հորդանանում:

«Նոր սերունդը, – ասաց նա, – մի փոքր տարբեր է նրանցից: Մեր օրերի լրագրողները հաճախ կարծում են, որ իրավունք ունեն երկրորդ տարում դառնալ տնօրեններ՝ առանց ամբողջ գործընթացի մեջ մտնելու և աշխատանքային փորձի մեջ աստիճանաբար աճելու»: 

«Հետաքննող լրագրողները կազմում են աշխարհի լրագրողների 6%-ը, իսկ մյուսներն ուղղակի սովորական լրագրողներ են, ովքեր աշխատավարձ են ստանում՝ 9-ից 5-ը գրասենյակում լինելու համար: Ես չեմ մեղադրում նրանց, քանի որ դա ընտրության հարց է: Բայց վերջիվերջո մեզնից շատերը նաև զգում են, որ մենք կյանքում հետևյալ առաքելությունն ունենք՝ դարձնել հասարակությունն ավելի լավ, իսկ աշխարհը՝ ավելի լավ տեղ»:  

«Լրագրությունը շատ պահանջկոտ մասնագիտություն է, հատկապես արաբական երկրներում»: Սաբբագը նշում է, որ լրագրողը պետք է հաշվարկի ռիսկերը, երբ դեմ առ դեմ է կանգնում իշխանությունների հետ և նրանց պատասխանատվության կանչում, որպեսզի իրեն չսպանեն հետաքննությունը հրապարակելուց առաջ»: Նրա խոսքով, անգամ այնպիսի ապահով թեմաները, ինչպիսիք են՝ առողջությունը, կրթությունը կամ կանանց իրավունքները, դառնում են խնդրահարույց:   

Այնուամենայնիվ, Սաբբագը կրկնեց, որ ARIJ-ի միջոցով հետաքննական լրագրությունը կշարունակի պահանջել ազատ խոսք և տարածել անկեղծ, փաստերի վրա հիմնված լրագրությունը, որոնք, նրա կարծիքով, «ժողովրդավարական հասարակության անքակտելի բաղադրիչներն են»: Նա պնդում էր. «Մենք պայքարեցինք, որ սկսենք դա այս տարածաշրջանում, մենք պայքարում ենք դա պահպանելու համար և այժմ մտադիր չենք դրանից հրաժարվել»:  

-Ինչպե՞ս կգնահատեիք լրագրության մեջ տեխնոլոգիայի օգտագործումը

Տեխնոլոգիան մեզ տալիս է նոր հարթակներ՝ տվյալներով կիսվելու և դրանք բացահայտելու համար, բայց ես անկեղծորեն կարծում եմ, որ երբ ես նոր էի սկսում, մեդիա արտադրանքի որակը շատ ավելի բարձր էր, քան այսօր: Ավանդական լրագրությունն ավելի լավն է, քան մեր օրերի լրագրությունը:

Իմ օրերում եթե ես կարիք ունեի՝ գտնելու ինչ-որ բան արխիվներում, ինձ երկու օր էր անհրաժեշտ՝ դա գտնելու համար: Սա ստիպեց ինձ կարդալ երեք անգամ ավելի շատ և հանդիպել շատ բաների: Այսօր լրագրողները սպասում են Twitter-ի ազդանշանին, որ այն հուշի նրանց, թե որտեղ է պետք գնալ՝ նորություններ փնտրելու: Ինձ համար հնարավոր չէր լինի լուրեր ստանալ, եթե ես սպասեի նրանց՝ նստելով աթոռիս. ես կարիք ունեի` փողոց դուրս գալու և ականատես դառնալու:

-Բայց տեխնոլոգիան տեղեկությունների արտահոսքեր է բերել և ինչ-որ կերպ լրագրողի աշխատանքը դարձրել է ավելի հեշտ: Ի՞նչ եք կարծում:  

Իրոք: Արտահոսքերը շատ օգտակար են, քանի որ դրանք լրագրողի համար ուղի և սկզբնակետ են բացում: Սակայն հնարավոր չէ հրապարակել նյութի արտահոսք՝ առանց հետաքննելու, թե արդյոք այն ճիշտ է: Ես կարծում եմ, որ եթե լրագրողը ունի պատրաստի տվյալներ և բավարար ապացույցներ կամ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ինչ-որ մեկը գող է, դատարան կամ բանտ գնալու մեջ որևէ սխալ բան չկա: Սակայն լավ լրագրությունը պետք է լինի ազնիվ և ճշմարիտ: Տվյալների ճշգրտումը պարտադիր է: Այս իմաստով տեխնոլոգիան տեղեկատվության տարածումը դարձրել է ավելի հեշտ:

Այնուամենայնիվ, միշտ կարիք կա՝ պատմությունը մարդկային դարձնելու և ձայն տալու տուժածներին: Այս առումով տեխնոլոգիան սա չի հեշտացնում լավ լրագրության համար և անգամ դառնում է սպառնալիք որոշակի իմաստով:   

Տեխնոլոգիան ստեղծում է պատնեշ, որը դժվարացնում է աղբյուրների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ և դեմ առ դեմ հարցազրույց վարել, ինչը լրագրողին թույլ կտար վստահություն կառուցել աղբյուրի հետ և այս կերպ վերցնել ավելի շատ տեղեկություն: Շատ դեպքերում այն լավ հոդված է, անգամ եթե մեկ նկար անգամ չունի և 10 000 բառ է պարունակում ու դու կարդում ես այն սկզբից մինչև վերջ, քանի որ այն լավ է գրված:    

-Ի՞նչն է ARIJ-ն այդքան յուրահատուկ դարձնում

2005 թվականից սկսած ARIJ-ը եղել է իմ և մեր աջակցությամբ ու դասերով աշխատող շատ-շատ լրագրողների կյանքի նախագիծը:

Սա առաջին անգամն էր, երբ արաբ լրագրողները գնացել էին արաբ ղեկավարների, անգամ բռնապետների հետքերով ու բացահայտել էին նրանց ֆինանսական գործարքները: Այսպիսով, այն կարևոր նախադեպ է ստեղծել: Տարածաշրջանում նախկինում հետաքննական լրագրության ավանդույթ չէր եղել, և ARIJ-ն այն խթանեց ազատ խոսքով և անկախ մեդիայով:  

Ավելի քան 460 հետաքննություն է հրապարակվել/հեռարձակվել: Յուրաքանչյուր հետաքննություն հանգեցրեց դրական փոփոխության, երբեմն փոքր չափաբաժիններով, երբեմն էլ մեծ քայլերով: 2005 թ.-ից ARIJ-ի կողմից ավելի քան 1 869 թղթակից է վերապատրաստվել: ARIJ-ն անգամ «Պանամական փաստաթղթեր»-ում է վճռորոշ դեր խաղացել:  

ARIJ-ն օգնում է լրագրողներին գաղափարներ ծնել, ապացույցներ հավաքել և գրել համոզիչ կերպով: Դատարանում դեռևս ոչ մի ծրագիր չի քննվել, քանի որ ARIJ-ն աջակցում է նախահրապարակման իրավական ցուցադրությամբ՝ փորձելով մեղմացնել ռիսկերը: Մենք բացահայտել ենք մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, արդարադատության իրականացման անհաջող դեպքերը և սպառման խնդիրները մի տարածաշրջանում, որը լրատվամիջոցների ազատության և խոսքի ազատության տեսանկյունից աշխարհում ամենավատ ցուցանիշ ունեցողների թվում է:

Շատ աշխատանք կա, որ դեռ պիտի արվի, իսկ մամուլի ազատությունն արաբական երկրներում նախորդ հինգ տարիներին ազատ անկման մեջ է եղել: Սակայն ARIJ-ը և ARIJ-ի ցիները չեն հանձնվի:

Ռանա Սաբբագը շարունակում է աշխատել՝ հասարակությունն ու աշխարհն ավելի լավը դարձնելու համար, այն համոզմունքով, որ կյանքը նման է անիվի, որն անընդհատ մեզ վերուվար է տանում:  

Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կհարմարվես:

Հարցազրույցը՝ Խոսե Նիկոլաս Դոմինգեսի
Թարգմանեց Հայկուհի Ալավերդյանը
Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել