Ի՞նչ տուգանքների կարող եք ենթարկվել գազաբալոնների շահագործման համար

Արդեն մի քանի տարի է, ինչ վարորդների համար նյութապես առավել շահավետ է վարել տրանսպորտային միջոցներ՝ վերասարքավորված գազաբալոնային սարքավորումներով:

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում կարող են կատարել միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն`

1) համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում` կոմպրեսորային սարքավորումներ.

2) այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ։

Տրանսպորտային միջոցների գազի բալոնները ենթակա են պարբերական վկայագրման, ինչն իրենիից ներկայացնում է բալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը` առանց լրացուցիչ արատորոշման:

Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրում կարող են կատարել միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1) ՀՍՏ 279-2007, ՀՍՏ ԻՍՕ 6406 և ՀՍՏ ԻՍՕ 10464 ստանդարտներով և սահմանված տեխնիկական պահանջների կատարումն ապահովող համապատասխան արտադրական բազա և տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում` կոմպրեսորային սարքավորումներ.

2) այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ.

3) «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված հավատարմագրման վկայագիր:

Շահագործվող բալոնները պետք է ենթարկվեն պարբերական վկայագրման ՀՍՏ 279-2007, ՀՍՏ ԻՍՕ 6406 և ՀՍՏ ԻՍՕ 10464 ստանդարտներով սահմանված կարգով: Գազաբալոնները պետք է համալրված լինեն հրդեհի առաջացման ժամանակ ճնշումն իջեցնող ապահովիչ սարքվածքով: Շահագործման մեջ գտնվող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների համալրումն ապահովիչ սարքվածքով իրականացվում է բալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպության կողմից:

Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի բալոնների պարբերական վկայագրման աշխատանքները իրենց մեջ ներառում են`

1) բալոնի նույնականացում.

2) բալոնի ներքին և արտաքին մակերևույթների զննում.

3) բալոնի զանգվածի և տարողության ստուգում.

4) բալոնի հիդրավլիկ փորձարկում (1-ին, 2-րդ և 3-րդ տիպի բալոնների համար).

5) բալոնի ակուստիկ-առաքման հսկողություն (4-րդ տիպի բալոնների համար)։

Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բալոնների պարբերական վկայագրումը կատարվում է` հետևյալ ժամկետներում`

1) լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի բալոնները` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամից ոչ պակաս.

2) ածխածնային պողպատից պատրաստված 1-ին տիպի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս.

3) 2-4 տիպի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս.

4) հեղուկացված նավթային գազի բալոնները` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամից ոչ պակաս:

Անհրաժեշտ է նշել, որ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, այդ թվում և գազաբալոն տեղադրված, տրանսպորտային միջոց վարելը վարորդի համար առաջացնում է վարչական պատասխանատվություն, և նախատեսվում է տուգանքի նշանակում` քսան հազար ՀՀ դրամի չափով:

Բացի այդ, վարչական պատասխանատվության են ենթակա նաև այն կազմակերպությունների ղեկավարները կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձինք, ովքեր թույլատրել են առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործումը: Վերջիններիս կարող է նշանակվել տուգանք՝ քսան հազար ՀՀ դրամի չափով: Արգելվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրել այնպիսի բալոններ, որոնց պարբերական զննման ժամկետը անցել է: Պարբերական վկայագրման ժամկետանց բալոններով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը կանխելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վերևի աջ անկյունում ներսի կողմից փակցվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը (տարեթիվը և ամիսը) նշող 50 մմ x 80 մմ չափսերով կտրոն:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանների առկայությամբ (պարբերական զննման ժամկետն անցած) տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ hազար ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել