Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում գտնվող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հավաքված լրագրողները պարզեցին, որ Ելենա Օվսյաննիկովայի գործով դատական նիստը տեղի է ունենալու այլ վայրում:
Դատական կարգադրիչները տեղեկացրին, որ դատավոր Հ. Շահնազարյանի գործերով նիստերը ընթանում են Թբիլիսյան խճուղու դատարանում, այստեղ՝ Ներսիսյան փողոցում դահլիճները զբաղված են:
Նշենք, որ Օվսյաննիկովան իր վերաբերյալ տարածված զրպարտությունները հերքելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի դեմ՝ պահանջելով իր պատիվն, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000 միլիոն դրամի չափով:
Դատարանում հայցվորի իրավունքներն էին պաշտպանում փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը: Ըստ հայցի՝ հունիսի 24-ին, Օվսյաննիկովան մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցին: Իշխանության ներկայացուցիչները օգտագործել են սլավոնական արտաքինով կնոջ ներկայությունը՝ փորձելով հիմնավորել ցուցարարների մեջ մայդանային սադրիչների մասին ակնհայտորեն հենց իրենց կողմից տարածվող լուրերը: Մասնավորապես, ոստիկանության բարձրաստիճան երկու ներկայացուցիչները և պատգամավոր Էդմոն Մարուքյանը փորձել են պատրանք ստեղծել, թե իբր Օվսյաննիկովան հենց այն ուկրաինական սադրիչն է, որի մասին զգուշացնում էինև որը փորձել է նաև գայթակղել ոստիկաններին:
Այս քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչները, ոստիկանության երկու ներկայացուցիչ և պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը, բացակա էին Նարեկ Մալյանի և ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի ներկայացուցիչները: Դատարանը ոստիկանության ներկայացուցիչների հետ համաձայնության եկավ, որ նրանց միջոցով համապատասխան ծանուցում կներկայացվի բացակա անձանց: Դատական նիստը հետաձգվեց:
Նիստից հետո Տիգրան Եգորյանը նշեց, որ հայցվոր կողմը երկուական միլիոն դրամ է խնդրում բռնագանձել ՀՀ ոստիկանությունից, Հունան Պողոսյանից և Նարեկ Մալյանից, իսկ Էդմոն Մարուքյանից՝ 1 մլն ՀՀ դրամ:
Ըստ նրա՝ Էդմոն Մարուքյանը կնոջը պրովոկատոր է անվանել. «Էդմոն Մարուքյանը նրան մեղադրել է պրովոկացիա իրականացնելու մեջ, ավելին՝ նաև մեղադրել է ոչ սթափ վիճակում գտնվելու համար՝ ասելով, որ նրանից սուր ալկոհոլի հոտ է փչել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Եգորյանը:
Փաստաբան Լուսինե Հակոբյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ Հունան Պողոսյանը հարցազրույց է տվել 1in.am լրատվական կայքին՝ նշելով, որ Ելենա Օվսենինկավոն սադրիչ է, բացի այդ, Օվսենինկավոն փաստաբաններին հայտնել է, թե ոստիկանության պետի տեղակալը անձամբ վիրավորել է իրեն. «Ըստ Ելենա Օվսենինկավոյի՝ Հունան Պողոսյանն անպատվել է իրեն՝ ասելով, որ ոստիկանները սեռապես չբավարարված են, իսկ դուք գնում-գալիս եք նրանց դիմացով»,- նշեց փաստաբանը:
Գևորգ Թոսունյան