Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի`այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), ինչպես նաև խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Եթե գործարքն անվավեր է ճանաչվել նշված հիմքերից մեկով, ապա մյուս կողմը տուժողին վերադարձնում է գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը հատուցում է դրամով: Գործարքով մյուս կողմից տուժողի ստացած գույքը, ինչպես նաև մյուս կողմից նրան հասանելիքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գույքը բնեղենով պետությանը հանձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը բռնագանձվում է դրամով: Բացի դրանից, մյուս կողմը տուժողին հատուցում է նրան պատճառած իրական վնասը: