Բջջային համարների տեղափոխություն կամ թակարդ բաժանորդների համար

Հայաստանյան բջջային երեք օպերատորներն էլ մեկ տարուց ավելի է այլ ցանցերի բաժանորդներին առաջարկում են իրենց գործող հեռախոսհամարն ու կոդը պահպանելով դառնալ իրենց բաժանորդը: Համարների տեղափոխելիության ծառայությունը սկսել է մատուցվել 2014 թվականի ապրիլի 1-ից` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 251-Ն որոշման համաձայն:

Զանգից առաջ նրանք, ովքեր զանգահարել են համարի տեղափոխում իրականացրած բաժանորդի, լսում են մինչև մեկ վայրկյան տևողությամբ միատեսակ ազդանշան, որը տեղեկացնում է, որ բաժանորդն արդեն այլ օպերատորի տիրույթում է (ՀԾԿՀ 251-Ն որոշում, 49-րդ հոդված):

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Հասմիկ Օհնիկյանը նշում է, որ թեև համարների տեղափոխելիության ծառայություններից օգտվող բաժանորդների համար հստակ սահմանվել են ծառայություններից անվճար օգտվելու, մի օպերատորից մյուսին հնարավորինս սեղմ ժամկետներում անցում կատարելու և մի շարք այլ իրավունքներ և երաշխիքներ, սակայն հիշյալ ծառայությունից օգտվողներին զանգահարողները բավարար չափով պաշտպանված չեն.

«Գործնականում, բաժանորդների դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ձայնային ազդանշանը հստակ լսելի չէ և շատ դեպքերում դուրս է մնում բաժանորդի ուշադրությունից: Բացի այդ, բացառված չէ նաև, որ անիրազեկությամբ պայմանավորված ազդանշանը լսելու դեպքում անգամ բաժանորդը չընկալի դրանով հաղորդվող նախազգուշացումը»:

Օպերատորները պնդում են` բաժանորդները տեղեկացված են և կարճ ձայնանշանը օպտիմալ տարբերակ է

«Վիվասել-ՄՏՍ» ընկերությունից ի պատասխան Իրավաբան.net-ի հարցմանը, հայտնեցին, որ համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ներառյալ ազդանշանի նպատակի, ակտիվացման և ապաակտիվացման հնարավորությունների մասին տեղեկատվությունը, հասանելի է ընկերության պաշտոնական կայքէջում: «ՎիվաՍել-ՄՏՍ» այցելող և հեռախոսահամարի տեղափոխման դիմում ներկայացնող բաժանորդները ծառայության վերաբերյալ տեղեկացվում են նաև տեղում:

Նույնաբովանդակ պատասխան ստացանք նաև «Բիլայն»-ից. ««ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարի տեղափոխելիության ձևերին և ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները»,- նշված է Իրավաբան.net-ին ուղղված պատասխանում:

«Օրանժ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Իգիթյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ «Օրանժ»-ն իր բաժանորդներին համարների տեղափոխելիության մանրամասների մասին տեղեկացնում է սպասարկման կենտրոններում. ժամանակին եղել է նաև հատուկ թեժ գիծ, հոլովակ ու կայք, որոնք տեղեկացրել են այդ մասին.

«Հիմա դա չկա ու կարծում եմ՝ կարիքն էլ չկա, որովհետև արդեն բոլորը տեղեկացված են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկումների արդյունքում որոշվել է, որ օպտիմալ է հենց այսպիսի կարճ ձայնանշանը»,- ասաց Գայանե Իգիթյանը:

Ձայնանշանը երբեմն լսելի չէ և անհասկանալի է, թե որ օպերատորի տիրույթում ես գտնվում

Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ տվյալ ձայնային ազդանշանը ոչ միայն շատ դեպքերում չի լսվում , այլև միայն ազդանշանից հնարավոր չէ հասկանալ, թե որ օպերատորի տիրույթում ես.

«Հատկապես վերջին շրջանում, երբ կապի օպերատորները սկսեցին կիրառել այնպիսի ակցիաներ, երբ ցանցի ներսում խոսելը գրեթե անվճար է կամ շատ մատչելի, խնդիրն ավելի է սրվել: Մարդը, կարծելով, թե խոսում է ցանցի ներսում անվճար, կարող է զանգել ու մեկ ժամ խոսել, բայց հետո կարող է պարզվել, որ ոչ միայն անվճար չի խոսել, այլև խոսել է րոպեն օրինակ ՝ 30 դրամով. Եվ դա ընդամենը մեկ պատճառով , որ նա տեղեկացված չի եղել, որ համարն այլ օպերատորի տիրույթում է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը:

Բ. Պիպոյանի խոսքով՝ իրենք դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղ հարցը քննարկվել է, բարձրաձայնված խնդիրն ընդունելի է եղել քննարկման մասնակիցների համար.

«Անգամ տնտեսվարող սուբյեկտները չեն առարկում, որ՝ այո, եթե բավական տեղեկացված չէ բաժանորդը, ապա այդ խնդրին բախվելու է: Բայց պարզվում է, որ մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որին ավելի ճիշտ կլինի անվանել Հանրային ծառայությունները հարամող հանձնաժողով: Եթե մի բան կար, որով մենք ավելի լավն էինք, քան մյուս երկրները, դա էլ փչացրին»:

Իրավաբան.net-ը հարցի վերաբերյալ ճշտումներ անելու համար կապվեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչի հետ: Մեր այն հարցին, թե ինչու է ընտրվել նման ձայնային ազդանշան և որքանով է այն բավարար բաժանորդին տեղեկացնելու համար, որ գտնվում է այլ օպերատորի տիրույթում, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը պատասխանել է.

«Տեղափոխված համարների տեղեկացման համակարգը բաժանորդի համար անվճար է և պարզ կիրառելի, ուստի նշված համակարգը լիովին բավարար է բաժանորդների իրազեկման համար, և դրանից օգտվելու պարագայում բաժանորդներն անկանխատեսելի և լրացուցիչ ծախսային ռիսկեր չեն կարող կրել»:

Բացի դրանից` Գևորգ Գևորգյանը նշել է նաև, որ մի շարք եվրոպական երկրներում տեղափոխված համարների տեղեկացման համակարգ ընդհանրապես չի կիրառվում և բաժանորդները տեղափոխված համարների վերաբերյալ հնարավորություն ունեն տեղեկանալու միայն համացանցում առկա համապատասխան շտեմարաններից, մինչդեռ մեզ մոտ հանրային շարժական բջջային կապի օպերատորները նշված ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն են զետեղել և՛ իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում, և՛ գործառնական գրասենյակներում՝ համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ համապատասխան բաժինների և բուկլետների միջոցով:

Այնուամենայնիվ, իրավապաշտպանների համար ընդունելի չեն այս պնդումները: Թեպետ վերը նշվածի ՝Բաբկեն Պիպոյանն առաջարկում է մշակել ձայնային հստակ ազդանշան, որում բառացի կասվի, թե տվյալ բաժանորդը որ օպերատորի տիրույթում է:

Փաստաբան Հասմիկ Օհնիկյանն էլ առաջարկում է վերանայել ձայնային ազդանշանին վերաբերող օրենսդրական պահանջը.«Ազդանշանի արձակմամբ հետապնդվող նպատակները հաշվի առնելով, առավել խելամիտ կլիներ, եթե դրան վերաբերող պահանջը վերաբերեր բաժանորդների համար այն հստակ լսելի լինելուն: Ձայնային ազդանշանը պետք է հնչի այնպես, որ գրավի զանգահարողի ուշադրությունը՝ այդ կերպ ապահովելով զանգի ծառայությունից օգտվելու հարցում նրա ընտրության հնարավորությունը»:

Չնայած առաջարակներին ու դժգոհություններին, օրենսդրական փոփոխություններ կարծես թե դեռևս չեն նախատեսվում: Մասնավորապես ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանն իր պատասխանում նշել է, որ ներկայումս համարների տեղափոխելիության ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերում փոփոխություներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել