Հատուկ ընդմիջում աշխատողներին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է, որ Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Նախարարությունը նաև ներկայացնում է եղանակը Հայաստանում այս օրերի ընթացքում:Մասնավորապես, Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին և 3-ին +400C  ջերմաստիճան է լինելու:

Այդ նպատակով, հարկ է մեջբերել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը. «Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:

Ընդ որում լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել